Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը:
Գործընթացն իրականացվելու է փուլերով: Համակարգին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
«Մեկ պատուհան» համակարգի ներդրման ամբողջական գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:
Համակարգի ամբողջական կիրարկմամբ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կտեղափոխվի էլեկտրոնային հարթակ և դրանք կիրականացվեն առցանց:
Նոր հարթակի միջոցով տնտեսվարողները և ֆիզիկական անձինք մաքսային ձևակերպումների իրականացման և անհրաժեշտ թույլատրական փաստաթղթեր ստանալու նպատակով կարող են ցանկացած վայրից, ցանկացած պահի մուտքագրել սահմանով տեղափոխվող կամ տեղափոխման ենթակա ապրանքների վերաբերյալ բոլոր տվյալները՝ լրացնելով ընդամենը մեկ էլեկտրոնային հայտ։
«Մեկ պատուհան»–ով կտրամադրվեն բոլոր արտոնագրերը, լիցենզիաները, հավաստագրերը, այլ թույլատվական փաստաթղթերը և փորձագիտական եզրակացությունները, որոնք ավտոմատ կերպով հասանելի կդառնան մաքսային մարմիններին, ինչպես նաև կինտեգրվեն մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարագրերին։
Նոր հարթակի միջոցով հնարավորություն կստեղծվի նաև էլեկտրոնային եղանակով իրականացնել փաստաթղթերի տրամադրման դիմաց պետական տուրքերի և այլ վճարների վճարումները։