Կառավարությունը երեկվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկով որոշեց «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել, տարածքը հետ վերցնել եւ ամրացնել։
Ըստ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի՝ այս իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է կառավարության դեռ 2013, 2014 եւ 2017 թթ. համապատասխան արձանագրային որոշումների պահանջներից՝ ՀՀ-ում ստեղծելու շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի եւ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա։
Կառավարության 2018 թ. հունիսի 1-ի որոշմամբ՝ լաբորատորիայի ստեղծման նպատակով ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին տարածք հատկացվեց Երեւանի Իսակովի 50/12 հասցեում գտնվող արտադրական մասնաշենքի 3-րդ հարկից՝ 501.3 քմ ընդհանուր մակերեսով։ Քաղշինկոմի նախնական հաշվարկներով՝ տարածքի վերանորոգման համար կպահանջվեր 48000.0 հազար դրամ։
Աշխատանքները հետագա ընթացք չստացան, քանի որ պետգույքի կառավարման կոմիտեն, պետական գույքի օգտագործման օպտիմալացման շրջանակում, կոմիտեի եւ «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի, ինչպեսեւ նոր ստեղծվող լաբորատորիայի գործունեությունը մեկտեղելու նպատակով, առաջարկեց տրամադրել տարածք «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի տարածքում, չգործող կաթսայատան շենքի հիմնովին վերակառուցման ճանապարհով։
Դարձյալ ըստ Ա. Մարտիրոսյանի՝ առաջարկը կոմիտեի համար ընդունելի էր։ Քաղշինկոմիտեի նախնական հաշվարկի համաձայն՝ տարածքի վերակառուցման համար կպահանջվեր 686779.0 հազար դրամ։
Այնուհետ, 2020-ից հետո, լաբորատորիայի ստեղծման նպատակով, 2021 թ. 1-ին կիսամյակում պետգույքի կառավարման կոմիտեի կողմից առաջարկվեց լաբորատորիայի նոր տարածքների մի քանի տարբերակ։ Տարբերակների ուսումնասիրությունից հետո ընտրվեց Երեւանի Այգեձորի 67 հասցեում գտնվող տարածքը, որի մի մասը «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ հաշվեկշռում է («Էներգակարգաբերում» մասնաճյուղի՝ այսուհետ՝ մասնաճյուղ, վարչաարտադրական շենքում), իսկ մյուս մասը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության։
Տեղազննությամբ պարզվեց, որ լաբորատորիան նպատակահարմար է տեղակայել մասնաճյուղի վարչաարտադրական շենքի ձախակողմյան հատվածի նկուղային, առաջին եւ երկրորդ հարկերում։ Առաջին հարկի որոշ սենյակներ օգտագործվում են մասնաճյուղի կողմից։ Սակայն մասնաճյուղի տնօրենը պատրաստակամություն է հայտնել նշված տարածքները վերադարձնել պետգույքի կառավարման կոմիտե` միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին հատկացնելու նպատակով, եթե գույքի աջակողմյան հատվածում իրականացվի սենյակներին համարժեք մակերեսով սենյակների վերանորոգում, որը հնարավոր կդարձնի մասնաճյուղի աշխատակիցների տեղափոխումը։
Միաժամանակ, մասնաճյուղի տնօրենը պատրաստակամություն է հայտնել տրամադրել նաեւ մասնաճյուղի բակում գտնվող 3-րդ համարի շինությունից որոշակի տարածք, որը հետագայում կծառայի որպես արագ արձագանքման եւ դաշտային չափումների համար նախատեսված հատուկ տրանսպորտային միջոցների կայանատեղի։
Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ միջոցներով են կատարվելու լաբորատորիայի նորոգման ծախսերը։ Տեղեկացանք, որ դրանք նախատեսվում է կատարել կոմիտեի պահպանման ծախսերի հաշվին, իսկ սարքերով, սարքավորումներով հագեցվածությունը՝ Եվրոպական միության, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ ԱՄՆ տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում:
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն վստահ է, որ տարածքներն իրենց հատկացնելուց, վերանորոգումից եւ կահավորելուց հետո կդառնա ժամանակակից պահանջներին համապատասխանող ճառագայթային չափումների ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա՝ հագեցած բարձր ճշտության ռադիոմետրիկ ու սպեկտրոմետրիկ սարքերով, ինչպես նաեւ ռադիոքիմիական անալիզների կատարման եւ փորձանմուշներ վերցնելու ու մշակելու համար անհրաժեշտ սարքավորումներով։ Դա կապահովի ՀՀ բնակչության պաշտպանությունը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, կբարելավի շրջակա միջավայրի պահպանությունը: