Թլիկ գյուղը Հայաստանի Արագածոտնի մարզում է՝ Ախուրյան գետի ձախ ափին։ Այս փոքր գյուղի վարչական տարածքում այժմ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտնականները պեղումներ են իրականացնում, այսպես կոչված, «Անապատի օդապարուկներ»-ում։ Թալին-Թլիկ ճանապարհահատվածով անցնելիս ողջ տարածքում հանդիպում են հնավայրեր ու հուշարձաններ։ Շատ-շատ են պատաշարերը։
Վաղնջական ժամանակներում Հայոց աշխարհի այս հատվածը նույնպես եղել է հարմար մարդու բնակության համար։ Հազար-հազար տարիներ առաջ այստեղ ապրող մարդն իր հետքերն է թողել, եւ այժմ մեր գիտնականները փորձում են ճշտել՝ ինչով էին զբաղվում տեղի բնակիչները, ինչի համար են մի քանի հեկտար տարածքի վրա պատ ու աշտարակ կառուցել։ Պեղումների աշխատանքներին ծանոթանալու նպատակով օրերս եղանք հնավայրում։ Մեր այցի պահին արշավախումբն աշխատում էր նորահայտ աշտարակը հողից մաքրելով։
Հնագետ Լեւոն Մկրտչյանին ճանաչում եմ. վերջին տարիներին պատմական հուշարձանների ուսումնասիրմամբ զբաղվում էր նաեւ Արցախում, հատկապես՝ Քաշաթաղի շրջանում։ Հաճախ էինք միասին այցելում տեղի պատմական հուշարձաններ։ Տեղեկացրեց՝ հնագիտական աշխատանքներն սկսել են 15 օր առաջ եւ տվյալ պահին ուսումնասիրում են օդապարուկի աշտարակը։ Լ. Մկրտչյանն ասաց՝ «Անապատի օդապարուկները» բացառիկ հուշարձաններ են եւ շատ քիչ ուսումնասիրված։ Ինչ վերաբերում է տվյալ պահին ուսումնասիրվող աշտարակին՝ այն կարեւորվում է նրանով, որ առաջին անգամ է հողաշերտից ամբողջությամբ բացվել նման կառույց։ Այն գետնամուխ է, սակայն ունեցել է նաեւ վերգետնյա շարքեր. դա են վկայում մոտակայքում թափված քարերը։ Ինչ վերաբերում է կառույցի տարիքին, հնագետները դժվարանում են պատասխանել։ Այս հարցում զգացվում է նաեւ օժանդակ գիտությունների կարիքը։ Պեղումները ղեկավարում է հնագետ Մարիամ Շահմուրադյանը, ով այժմ ուսանում է Քեմբրիջի համալսարանում։ Ասաց. «Առաջին «օդապարուկները» XX դարի 20-ական թվականներին հայտնաբերել են օդաչուները։ Վերեւից կառույցները օդապարուկի տեսք ունեն, այդ պատճառով դրանք կոչվեցին օդապարուկներ, իսկ հետագայում՝ «Անապատի օդապարուկներ»…»:
Տեղեկացրեց նաեւ՝ աշխատում է հնագետներ Լեւոն Մկրտչյանի, Բենիկ Վարդանյանի, Գոռ Ղազարյանի եւ Նարե Ղազարյանի հետ։ Չափագրման աշխատանքները կատարում է ճարտարապետ Արտակ Հախվերդյանը։ Հուշահամալիրի տարածքում, բացի օդապարուկի աշտարակից, պեղումներ են իրականացվում նաեւ բնակավայրերում։ Յուրաքանչյուր օրվա աշխատանքները թվայնացվում են, նկարահանվում դրոնով։ Վերջում ստեղծվելու է տարածքի եռաչափ մոդելը։
Մ. Շահմուրադյանը տեղեկացրեց՝ առ այսօր հայտնի հնագույն օդապարուկները նոր քարե դարով են թվագրվում (մեր թվարկությունից առաջ XII-VI հազարամյակ)։ Արտաքնապես դրանք ունեն տարբեր ձեւեր, որոնց մի մասը երկրաչափական են (քառակուսի, շրջան, եռանկյունի եւ այլն), իսկ մյուսը մասն առավել բարդ ձեւեր են։ Նշեց նաեւ՝ «Անապատի օդապարուկներ» կան Հորդանանի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի եւ այլ երկրների տարածքներում։ Իսկ ի՞նչ նպատակով են կառուցվել այդ շինությունները հարցին Մ. Շահմուրադյանը պատասխանեց. «Չնայած արդեն 100 տարի է, ինչ հայտնաբերվել են այս հուշարձանները, բայց դրանց գործառույթը դեռեւս պարզաբանված չէ»։
Տարածված վարկածի համաձայն՝ դրանք որսի համար են կառուցվել կամ եղել են արխաջ-փարախներ։ Առաջարկվել է նաեւ տեսակետ, որ դրանք ծիսական նշանակություն ունեն։ Հուշարձանների տարիքը ճշտելու գործում հնագետներին շատ են օգնում հայտնաբերված գտածոները՝ խեցեղեն, գործիքներ եւ այլ օրգանական նյութեր։ Պեղումներին ներգրավված են նաեւ տարածքի բնակիչները՝ իհարկե, վարձավճարով։ Աշխատանքները կավարտվեն մի քանի օրից։