Այս տարվա հուլիսի 15-ին կառավարությունը նիստում հաստատեց 2010 թ. սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ փոփոխություններն ու լրացումները։
Այն վերաբերում է կորած (գողացված) պետհամարանիշերի վերականգնման վերաբերյալ նոր կարգավորումներին, որոնք արդեն այս ամիս ուժի մեջ կմտնեն։
Փոփոխությունների համաձայն՝ եթե կորած զույգ համարանիշերի, իսկ եթե համապատասխան կարգի 12-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաեւ դրա փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ (օրինակ` առաջին անգամ վերաթողարկվելու դեպքում գրառվում է 1) կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ` առանց հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանի, իսկ զույգ համարանիշերից մեկի երկրորդ եւ ավելի անգամ կորստյան դեպքում դրանց կրկնօրինակները հատկացվում են սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով: Այդ դեպքերում մինչեւ կրկնօրինակի հատկացումը տրվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով։
Ի դեպ, հիշեցնենք, որ թեթեւ մարդատար եւ բեռնատար ավտոմոբիլներին ու ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տառերի միեւնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի եւ հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, տրիցիկլերին, քվադրիցիկլներին, մոպեդներին, կցորդներին ու կիսակցորդներին՝ մեկ համարանիշ։
Մյուս փոփոխության համաձայն (ավելի ստույգ՝ վերաշարադրվել է)՝ տրանսպորտային միջոցների համարանիշեր հատկացնելու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպեսեւ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով ու չափով, իսկ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում` նաեւ տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար։ Պետտուրքը 12 հազ. դրամ է։
Ոստիկանությունը 2010 թ. որոշման մեջ փոփոխությունների կարիքը պայմանավորում է մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ:
Գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից եւ ստիպված է ստանալ նոր՝ այլ թվերի ու տառերի համադրությամբ համարանիշ, մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի դեպքում էլ վճարելով կառավարության 2020 թ. սեպտեմբերի 10-ի որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված մեծ պահանջարկ ունեցող համարանիշ ստանալու համար հաստատագրված լրացուցիչ գումարը։ Եվ այս «կարգավորումները պատճառ են դարձել հիմնականում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների եւ դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար»։
Իսկ նոր կարգավորումը, որ նախատեսում է կրկնօրինակների տրամադրում, նպատակ ունի կանխել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունները։
Ոստիկանությունը նշում է նաեւ, որ նմանօրինակ լուծում տրվել է Հոլանդիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի կողմից։
Հավելենք, որ կառավարության որոշման գործողությունը տարածվում է 2020 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։