Այս տարվա մայիսի 18-ին Երեւանում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեց «Հայկական Քաշաթաղը» լուսանկարների ցուցահանդեսը։ Արցախյան վերջին պատերազմից հետո վերստին թշնամու տիրապետության տակ անցան 1992-94 թթ. ազատագրված հայոց տարածքները, այդ թվում՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը, որտեղ բազում են հայոց պատմամշակութային հուշարձանները՝ վանքեր ու եկեղեցիներ, մատուռներ ու խաչքարեր, տապանաքարեր, կամուրջներ ու ջրաղացներ, ամրոցներ ու դամբարաններ։
Նշված հուշարձանները տարիների ընթացքում ուսումնասիրել ու լուսանկարել է Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը։ Արդեն անհայտ ճակատագրով հուշարձանների մասին են պատմում այժմ լուսանկարները, որոնց մի մասը թանգարանի (տնօրեն՝ Անի Եղիազարյան) աջակցությամբ տպագրվել են եւ «Յոթը սարի հետեւում» մրցույթ-փառատոնի շրջանակներում ցուցադրվում են։ Փառատոնը, ի դեպ, սկսվել է 2020 թ., երբ սուր էր համավարակի վտանգը, եւ ՀՀ տարբեր մարզերի հիմնականում դպրոցականներ մասնակցեցին դրան։ Արցախից միակ մասնակիցը Քաշաթաղի շրջանի Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Ըռքոյանն էր, ով՝ հոր՝ Զոհրաբ Ըռքոյանի հետ ներկայացրեց շրջանի Աղավնո գետի ափամերձ Մկնատամի Խաչ 12-րդ դարի մատուռ եկեղեցին եւ դարձավ մրցանակակիր։ Պատերազմն սկսվելուց մեկ օր առաջ տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը։
Այժմ թշնամու տիրապետության տակ է նաեւ Մկնատամի Խաչ սրբատունը։ Մայիսին ցուցահանդեսը տեւեց 10 օր, որի ընթացքում դասախոսություններով հանդես եկան պատմաբաններ, հնագետներ, արեւելագետներ, ովքեր մասնակցել են նշված հուշարձանների ուսումնասիրման, հայտնաբերման եւ այլ աշխատանքներին։ Այդ ժամանակ էլ որոշվեց՝ ցուցահանդեսը լինելու է շրջիկ, որի նպատակն է ՀՀ տարբեր մարզերի բնակիչներին, հատկապես դպրոցականներին ծանոթացնել Քաշաթաղ աշխարհին։ Վերջերս ցուցահանդեսը կայացավ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի պատկերասրահում եւ լայն արձագանք ստացավ։ Հոկտեմբերի 14-ին մարդաշատ էր արդեն Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Եսայի Ասատրյանի անվ. միջնակարգ դպրոցը։ Մարզից 2020 թ. այս դպրոցի սաներն են մասնակցել «Յոթը սարի հետեւում» մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով «Զաքարի ամրոցը» եւ դառնալով մրցանակակիր։
Եվ ահա թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հովհաննիսյանի եւ մրցույթ-փառատոնի գիտական ղեկավար, պատմաբան, թանգարանագետ Արտավազդ Զաքյանի նախաձեռնությամբ «Հայկական Քաշաթաղը» Ներքին Բազմաբերդի դպրոցում էր։ Ցուցադրության բացմանը ներկա էին Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, նախաձեռնողները, լուսանկարների հեղինակը, դպրոցի անձնակազմը, հյուրեր տարածքի բնակավայրերից։ Դպրոցի բակում Ա. Զաքյանը ողջույնի խոսքում կարեւորեց նման միջոցառումները հատկապես հայրենագիտաճանաչողական տեսանկյունից, իսկ Արցախի Քաշաթաղն առանձնակի կարեւորեց՝ հաշվի առնելով տարածքի ներկա կարգավիճակը։ Բացման խոսքում Ա. Եղիազարյանն ասաց՝ Արցախ աշխարհի Քաշաթաղը մեր հայրենիքի անբաժան մասն է եւ պատմական հուշարձաններով բազմահարուստ, սակայն այսօր գերության մեջ է։ Նշեց, որ այդ հուշարձանները մեր մշակույթի մասն են կազմում, եւ ներկայացրեց դրանց վավերագրողին՝ Զ. Ըռքոյանին, ով 25 տարուց ավելի ընտանիքով բնակվել է Բերձորում եւ այդ տարիների ընթացքում շրջել տարածքով մեկ, լուսանկարել ու փաստագրել մեր պապերի թողած ժառանգությունը։
Կարեւորելով մրցույթ-փառատոնը՝ նշեց, որ այն հնարավորություն է տվել ճանաչելու, ուսումնասիրելու մեր ժողովրդի նյութական եւ ոչ նյութական ժառանգությունը։ Եվ ուրախությամբ նշեց՝ նույն փառատոնի շնորհիվ են ծանոթացել այս լուսանկարների փաստագրողին։ Հույս հայտնեց նաեւ, որ դպրոցը հաջորդ անգամ եւս կմասնակցի մրցույթ-փառատոնին։ Խոսքն ավարտելուց հետո Ա. Եղիազարյանը դպրոցին նվիրեց Հովհ. Թումանյանին նվիրված պատկերազարդ գիրք։ Դպրոցի տնօրեն Անդրանիկ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց, որ ցուցադրությունը կայանում է իր ղեկավարած կրթօջախում, կարեւորեց միջոցառումը՝ ասելով, որ այժմ մենք լուսանկարներով կծանոթանանք մեր հայրենիքի այս հատվածին, որը ժամանակավորապես գերության մեջ է։ Ա. Զաքյանը տեղեկացրեց, որ դպրոցի երրորդ հարկում մի դասասենյակ է հիմնանորոգվում, որը կդառնա թանգարան։ Մրցույթ-փառատոնի կազմակերպիչ Ա. Հովհաննիսյանը կարեւորեց, որ դպրոցի ղեկավարության կազմակերպմամբ երեխաներն էքսկուրսիաներ են կատարում տարածքի պատմական հուշարձաններ, մաքրում դրանք։ Սակայն նշեց՝ այցելությունից բացի, պետք է ուսումնասիրվեն տվյալ հուշարձանները, լուսաբանվի դրանց մասին, պահպանվեն։
Ցուցադրությանը ներկա էր նաեւ Քաշաթաղի շրջանի Արծվաշենի գյուղական համայնքի նախկին ղեկավար Արտուշ Երանոսյանը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրեց ավագ որդուն՝ Գարեգինին։ Այժմ բնակվում է Երազգավորս գյուղում, որտեղ վերջերս նրա նախաձեռնությամբ կայացավ նահատակ քաջորդիների հիշատակը հավերժացնող խաչքարի օծում։ Ա. Երանոսյանը նույնպես ներկայացրեց Զ. Ըռքոյանին, ում ճանաչում է 20 տարուց ավելի։ Լուսանկարների հեղինակը համառոտ պատմական ակնարկով տեղեկություն տվեց Քաշաթաղի շրջանի մասին, որ այն Արցախը Մայր հայրենիքին կապող տարածք է, որի կազմում էին պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների մոտ 10 գավառ ու գավառակ, այդ թվում Աղահեճք-Քաշաթաղը, Կովսականը, Գրհամը, Բաղքը, Քաշունիքը, Հաբանդը, Բերդաձորը, Վայկունիքը, Հարճելանքը եւ այլն։ Տեղեկություն տվեց նաեւ շրջանի կազմավորման, պաշտպանելու, վերաբնակեցնելու, դպրոցներ հիմնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու, պատմական հուշարձաններն ուսումնասիրելու մասին։ Ցավով տեղեկացրեց, որ մոտ 3300 քմ տարածք ունեցող շրջանից այժմ մեր տիրապետության տակ է միայն Աղավնո գյուղը, որտեղ դպրոց է գործում՝ 50-ից ավելի աշակերտով։ Իսկ շրջկենտրոն Բերձորը միջանցքի դեր է կատարում։
Ելույթներից հետո եղավ պարային կատարում, այնուհետեւ ներկաները ծանոթացան ցուցադրությանը, որտեղ կային նաեւ լուսանկարներ՝ «Արցախի կամուրջներ» վերնագրով։ Դրանց հեղինակը երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն է։ Զ. Ըռքոյանը տեղեկացրեց՝ դեռեւս խորհրդային տարիներին է Ս. Կարապետյանը շրջել Արցախի եւ բռնազավթված մեր հայրենիքով, ուսումնասիրել ու լուսանկարել բազում պատմական հուշարձաններ։ Ցուցադրված են նաեւ հնագետ Արտակ Գնունու կողմից Ողջիի ափամերձ Կերեն գյուղի մոտակայքի դամբարանների պեղումներից հայտնաբերված նյութերի լուսանկարներ։
Ցուցադրությունը կտեւի 10 օր, որից հետո լուսանկարները կտեղափոխվեն Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաք։
Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ