«Ամեն մի բանաստեղծ ունի իր ստեղծագործության բուն էությունը բացող մեկնաբանական բառեր և մեկնաբանական պատկերային գործածություններ: Այսպես՝ Միքայել Նալբանդյանի սիրած բառը ազատությունն է, Պետրոս Դուրյանինը՝ տրտունջքը, Հովհաննես Թումանյանինը՝ հառաչանքը, Վահան Տերյանինը՝ սիրտը… Այս մեկնաբանական բառերի մեջ խտացված է բանաստեղծների գլխավոր հուզապրումը, նրանց վերաբերմունքը աշխարհին, ինչպես և գեղագիտությունը՝ ազատության, տրտունջքի, հառաչանքի, սրտի և այլն, գեղագիտությունը:
Միքայել Նալբանդյանի համար ազատության գաղափարը ամենավերին սրբությունն է՝ աշխարհի հիմքը…»:
Սուրեն ԱՂԱԲԱԲՅԱՆ
Նոր Նախիջևանի միահարկ փայտաշեն տնակներից մեկում լույսաշխարհ եկած ապագա բանաստեղծի նախնիները դարբիններ էին: Նրան, սակայն, չէր վիճակված կռիվ տալ երկաթի ու սալի հետ: Նրա զենքը գրիչն էր դառնալու, գաղափարը՝ ազատություն: Հայրենիքի՛ ազատություն, սեփական ժողովրդի՛ ազատություն: Իսկ նախնական կրթությունը ժամանակի լուսավոր դեմքերից մեկի՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում էր ստանալու՝ Գաբրիելի որդու՝ Ռափալել Պատկանյանի դասընկերությամբ: Լուսավորյալ այս միջավայրում էլ ձևավորվելու էին ընթերցանության սիրահար պատանու գաղափարները: Իսկ առաջին բանաստեղծությունները, որ և գրաբար էին, և աշխարհաբար, տպագրվելու էին «Արարատ» շաբաթաթերթում: Կարճ ժամանակ անց, սակայն, բանաստեղծը նախընտրելու էր աշխարհաբարը: 1848 թ. սկսյալ, նրա ստեղծագործություններում որոշակիորեն արտացոլվում են ազատական հայացքները, ինչը չէր կարող հաճո լինել տեղական իշխանությունների քիմքին ու հոտառությանը: Հոգևորականների հալածանքներից և իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար նա ստիպված էր փախչել Նոր Նախիջևանից Պետերբուրգ, այստեղ համալսարանական քննություններ էր հանձնելու՝ ստանալով հայոց լեզվի ուսուցիչ աշխատելու իրավունք: Այնուհետև մեկնելու էր Մոսկվա, հայոց լեզու էր դասավանդելու Լազարյան ճեմարանում, միաժամանակ, որպես ազատ ունկնդիր, ուսանելով Մոսկվայի համալսարանի բժշկակա ֆակուլտետում: Մայրենիի ջատագովն իր աշակերտների հոգեբանության մեջ ջանում էր սերմանել նախևառաջ հայեցի մտածելակերպ և չէր զլանում անընդմեջ հորդորել՝ «պիտի հայերեն մտածել սովորենք»: Ավելին՝ իր համոզմամբ «Ժողովրդի հանճարը նրա լեզուն է, նրանով կարող ենք դատել ազգի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին»:
1854-ին, հակաօրինական գործունեության մեղադրանքով, Նալբանդյանին ձերբակալում են, սակայն, կարճ ժամանակ անց, ազատ արձակում:
Հետագայում բանաստեղծը կրկնակի ուղևորությամբ լինում է արտասահմանում, Լոնդոնում ջերմ կապեր հաստատում ազատության ու ազատամտության հայտնի ռուս գաղափարակիրներ Գերցենի, Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ: 1862-ին, վերադառնալով Մոսկվա, մտերմանում և համագործակցում է 1858-ից իր աջակցությամբ «Հյուսիսափայլն» հիմնադրած Ստեփանոս Նազարյանցի հետ, դառնում նրա ամենամեծ աջակիցը: Նրա անունն առավել հայտնի է դառնում շնորհիվ ազատական բնույթ ունեցող այս ամսագրի, որի էջերում հաճախակի էին հայտնվում Մուրացանը, Րաֆֆին, Ռափայել Պատկանյանը, ռուս և եվրոպացի այլ մտավորականներ: Ինքը՝ Նալբանդյանը, ամսագրում հաճախ ներկայանում էր Կոմս Էմանուել ծածկանունով: Սակայն ամսագրում էլ նրա գործունեությունը երկար չի շարունակվում. ընկերոջ հետ վիճաբանությունն առիթ է դառնում հեռանալու խմբագրությունից: Մանավանդ առողջական խնդիրներով մեկնում է եվրոպական կենտրոններ: 1860-ին ուղևորվում է դեպի Հնդկաստան՝ Կալկաթա՝ հնդկահայ համբավավոր վաճառական Մասեհ Բաբաջանի՝ Նոր Նախիջևանի համայնքին կտակած ծանրակշիռ ժառանգությունն ստանալու նպատակով: Հնդկաստանից վերադառնում է միայն որոշակի հաջողությամբ…
1862 թ. բանաստեղծը վերադառնում է, մասնակցում ազատական «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության ընդհատակյա գործունեությանը, ձերբակալվում Լոնդոնում՝ ռուս հեղափոխականների հետ համագործակցելու մեղադրանքով և բանտարկվում Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում: Երեք տարի անց հայ բանաստեղծներից շատերին պատուհասած թոքախտով հիվանդ Նալբանդյանին աքսորում են Սարատովի նահանգի Կամիշին քաղաք: Բանտային պայմաններում լիովին հյուծված ազատության երգիչը այստեղ էլ հրաժեշտ է տալիս ընդամենը երեսունյոթ գարուն ապրած ու չապրած իր կյանքին՝ հայ գրականության գանձարանում թողնելով «Ազատություն», «Մանկության օրեր», «Իտալացի աղջկա երգը» (որն այսօր հնչում է որպես մեր ազգային օրհներգ), բանաստեղծական մարգարիտները, նաև իր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Մեռելահարցուկ», «Մինին խոսք, մյուսին՝ հարսն» ստեղծագործությունները:
Անկորնչելի է Միքայել Նալբանդյանի՝ հայ գրականության ազատության երգչի վաստակը, նրա, ով, Չարենցի բնութագրմամբ, «մաքառելով անցավ իր ուղին» և իր «շռնդալից երգերով» սերունդներին պատգամեց հայրենիքի ու ազգի փրկության, ազատատենչության ոգին…