Մեր տարածաշրջանում այսօր, ինչպես 100 տարի առաջ, բախվում են աշխարհի մեծ ու փոքր «խաղացողների» շահերն ու հետաքրքրությունները։ Ընդամենը մեկ տարի առաջ գոյություն ունեցող ստատուս-քվոն այլեւս չկա, եւ ներկայումս ակտիվ գործընթացներ են տեղի ունենում նորի հաստատման ուղղությամբ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահում» ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ռուբեն Սաֆրաստյանը եւ ՌԴ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային-քաղաքական հիմնախնդիրների ավագ գիտաշխատող, Վ. Արծրունու անվան Սեւծով-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Նադեին-Ռաեւսկին անդրադարձել են մեր տարածաշրջանում ընթացող գործընթացներին։
Գիտաժողովն իր բովանդակությամբ ու ձեւով բացառիկ էր
-Պարո՛ն Նադեին-Ռաեւսկի, ո՞րն է Երեւան այցելելու Ձեր գլխավոր նպատակը:
-Այցելությանս նպատակը գիտաժողովին մասնակցելն էր, որը նվիրված էր միջազգային, քաղաքական խնդրահարույց հարցերի, Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին: Քննարկվել են անցած տարվա պատերազմի հետեւանքները, հայերի տեղահանության խնդիրը բոլշեւիկների կառավարության ժամանակաշրջանում եւ այլ կարեւոր հարցեր:
-Պարոն Սաֆրաստյան, ի՞նչ կարեւորություն եք տալիս նման գիտաժողովների կազմակերպմանը: Որքանո՞վ է դրանց անցկացումն արդյունավետ:
-Ինչպես նշեց պարոն Նադեին-Ռաեւսկին, այս գիտաժողովը շատ կարեւոր էր եւ՛ պատմագիտական, եւ՛ ժամանակակից միջազգային հարաբերություններն ուսումնասիրելու տեսանկյունից: Հայ եւ արտասահմանցի փորձագետները քննարկման ընթացքում կանգ առան Մոսկվայի եւ Կարսի չարաբաստիկ պայմանագրերի վրա, բավական խոր վերլուծություն ներկայացրին` պատմագիտական սկզբնաղբյուրների հիման վրա: Պետք է նշեմ նաեւ, որ գիտաժողովի զգալի մասը նվիրված էր Հարավային Կովկասում տեղի ունեցած եւ տեղի ունեցող վերջին իրողություններին: Այսպիսով՝ գիտաժողովը բացառիկ էր իր բովանդակությամբ ու ձեւով, եւ կարծում եմ` այն կարեւոր ներդրում կունենա հետագա ուսումնասիրությունների ու ընկալումների մեջ:
Թուրքիայի գաղափարական փնտրտուքների երեք աղբյուրը
Էրդողանական Թուրքիան արտաքին քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվում է տարբեր քաղաքական եւ գաղափարական հայացքներով։ Որոշ մասնագետներ նշում են, որ Էրդողանի գործողություններն ուղղված են Օսմանյան կայսրության վերականգնմանը, մյուսները պնդում են, թե Թուրքիան ընթանում է պանիսլամիզմի ուղղությամբ։ Նադեին-Ռաեւսկու կարծիքով՝ նեոօսմանյան ծրագրերի մասին բոլոր խոսակցությունները Ահմեդ Դավութօղլուի կաբինետային գաղափարներն էին, որը եղել է Թուրքիայի ԱԳ նախարարը, ապա նաեւ վարչապետը։ Նա իր բավական մեծածավալ «Ռազմավարական խորություն» աշխատության մեջ փորձել է հիմնավորել Թուրքիայի առաջնորդության գաղափարը բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք ժամանակին մաս են կազմել Օսմանյան կայսրությանը։ Նադեին-Ռաեւսկին կարծում է, որ խոսք չի եղել Օսմանյան կայսրության վերականգնման մասին, եւ դա հավանական էլ չի համարում. «Այդ գաղափարն ի սկզբանե կառուցված է ավազի վրա, որովհետեւ այդ տարածքների վրա այսօր մեծամասամբ անկախ արաբական պետություններ են, որոնք լավ են հիշում օսմանյան տիրապետության ժամանակաշրջանը»։ Հիշեցնենք, որ օսմանյան լծի դեմ 19-րդ դարի սկզբին տեղի ունեցավ եգիպտական Մուհամմադ Ալի փաշայի ապստամբությունը։ Նրա բանակը փաստացի հասավ մինչեւ Փոքր Ասիա եւ մտադիր էր գրոհել Ստամբուլը, եթե ռուսական ցարն իր նավատորմի օգնությամբ օգնության չգար։ Իհարկե, ինչպես միշտ, թուրքերը լավ են տիրապետում «շնորհակալ լինելու» արվեստին. 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ նրանք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Սարդինիայի հետ կոալիցիա կազմած կռվեցին Ռուսաստանի դեմ։
Նադեին-Ռաեւսկին նշում է, որ Էրդողանը չի առաջնորդվում միայն նեոօսմանիզմի գաղափարներով։ Թուրքիայի նախագահը վարվում է Խոջա Նասրեդինի պես. քայլեր է ձեռնարկում տարբեր ուղղություններով՝ վստահ լինելով, որ դրանցից որեւէ մեկը կամ մի քանիսը կնպաստեն իր ծրագրերի իրականացմանը։ «Հիմնական գաղափարախոսությունը, որով Էրդողանը եկել է իշխանության, իսլամիզմն է, որն ավանդաբար մերժել եւ չի ընդունել ազգայինը։ Նացիոնալիզմն այդ տիպի գաղափարախոսության համար մշտապես խորթ է համարվել, բայց պետք է նկատենք, որ Էրդողանին հաջողվեց համատեղել այդ երկուսը՝ իսլամիզմն ու նացիոնալիզմը»,- մանրամասնեց թուրքագետը։ Եվ, ի վերջո, էրդողանական Թուրքիայի երրորդ գաղափարական ուղղությունը պանթուրքիզմն է։ Հենց սա է այն ամենագլխավոր գաղափարը, որին հավատացել է Էրդողանը եւ սկսել կյանքի կոչել դրա իրականացումը։ Ի՞նչ է նշանակում «հայկական սեպը» Թուրքիայի համար։ Նադեին-Ռաեւսկին ընդգծում է, որ այն կտրում է «մեծ թուրքական աշխարհը» եւ դրանով իսկ խանգարում «Մեծ Թուրանի» ստեղծմանը ինչպես 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին, այնպես էլ հիմա։ Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք նոր հնարավորություն տեսան իրենց նպատակին հասնելու համար։
Եթե, այնուամենայնիվ, Թուրքիան համաձայնի
Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ոչ իրավական լինելու մասին այլ կարծիք չկա։ Հայկական կողմը երբեւէ չի ընդունել եւ չի էլ ընդունելու այդ պայմանագրերով ստեղծված իրողությունը, սակայն մասնագիտական տեսանկյունից անհրաժեշտ է քննարկել այն հարցը, թե ինչ կլինի, եթե, այնուամենայնիվ, Թուրքիան համաձայնություն տա վերանայելու Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը։ Կկարողանա՞նք, արդյոք, ներկայումս ավելի բարենպաստ դիրքերից հանդես գալ, թե՞ այդ գործընթացն ավելի մեծ զիջումների կտանի մեզ։
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ պատասխանը պետք է անպայմանորեն հաշվի առնի ժամանակի գործոնը. «Եթե մենք խոսում ենք այսօրվա իրականությունից ելնելով, ապա, իհարկե, իմաստ չունի այդ հարցը բարձրացնել, որովհետեւ Հայաստանը թույլ վիճակում է։ Միեւնույն ժամանակ չպետք է բացառել, որ իրադարձությունները տարածաշրջանում կարող են այնպես ընթանալ, որ շատ կտրուկ փոփոխություններ տեղի ունենան՝ կապված Թուրքիայի եւ, ընդհանրապես, տարածաշրջանային զարգացումների հետ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հերթական անգամ քրդական հարցի արդիականացմանը, քրդական պետության առաջացմանը, եւ այս պայմաններում է, որ մենք պետք է պատրաստ լինենք կտրուկ զարգացումների։ Պետք է պատրաստ լինենք հարց բարձրացնելու ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ իրավագիտական ու գիտական առումով»։ Մյուս կողմից՝ անհրաժեշտ է հստակ իմանալ, թե ինչ ենք ուզում Կարսի պայմանագրի չեղյալ հայտարարումից հետո։ Այս պարագայում պետք է իրավական որոշակի հիմքեր ունենանք, որի վրա հիմնվելով կարող ենք բարձրացնել այդ հարցը։ Սաֆրաստյանը չի բացառում, որ լայն առումով Մերձավոր Արեւելքում կարող է այնպիսի իրադրություն ստեղծվել, երբ որոշակի արդիականություն կստանա Սեւրի պայմանագիրը։ Դա հիմնավորեց հետեւյալ կերպ. ըստ էության, Սեւրի պայմանագիրը շատ փոքր մասով է վերաբերում Հայաստանին, եւ այն հիմնականում փորձ էր՝ կարգավորելու ամբողջ Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացները Առաջին համաշխարհային պատերազմից հետո եւ հիմնվում էր 1916 թ. Սայքս-Պիկոյի համաձայնագրի վրա։ Ներկայումս տեսնում ենք, որ Մերձավոր Արեւելքը մտել է մի այնպիսի շրջան, երբ փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում։ Պետությունները, որոնք մի քանի տարի առաջ թվում էր, թե շատ հզոր պետականություն ունեն, հիմա կանգնած են կործանման եզրին՝ սկսած Լիբիայից մինչեւ Եմեն։ «Այս պայմաններում չի կարելի բացառել, որ կգա մի պահ, երբ աշխարհի հզոր տերությունները՝ ուժի կենտրոնները կորոշեն, որ անհրաժեշտություն կա մի նոր համապարփակ պայմանագիր կնքել Մերձավոր Արեւելքի նոր իրավիճակի հետ կապված, որն իրավական հիմք կդառնա նոր ձեւավորվող ստատուս-քվոյի համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս պայմաններում, իհարկե, պետք է անդրադառնալ Սեւրի պայմանագրին, մանավանդ որ այն միակ փաստաթուղթն է, որը կարգավորում է ժամանակակից Մերձավոր Արեւելքը։ Ավելին՝ դա միակ միջազգային փաստաթուղթն է, որտեղ խոսվում է քրդական պետության մասին, իսկ քրդական պետության առաջացումը Սաֆրաստյանը համարում է ժամանակի խնդիր, որովհետեւ չի կարող այդքան մեծ թվաքանակ ունեցող ժողովուրդը երկար ժամանակ մնալ առանց պետականության։
Ցեղասպանական հոգեբանությունը հաղթահարված չէ
Անցած տարի Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ լայնածավալ պատերազմ սկսեց Արցախում, որի ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ ռազմական հանցագործություններ։ Այս ամենը երկու պետությունների ցեղասպանական քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր։ «Ցեղասպանական գիտակցությունը որեւէ կերպ չի անհետացել, այն միջնադարյան գիտակցության տեսակ է, որը կա ոչ միայն արեւելյան, այլեւ ուրիշ ժողովուրդների մեջ։ Նրանց (կովկասյան թաթարների.- խմբ.) մոտ այդ գիտակցությունը հնացած չէ, դա ակնհայտ է։ Այն, որ ոչնչացրել, խոշտանգել եւ սպանել են գերեվարված հայերին, այդ ամենը նույնպես դարձել է հանրության սեփականությունը։ Սկզբունքորեն այստեղ եւս մոտեցումը չի փոխվել։ Ի վերջո, ի՞նչ կարելի էր սպասել 30 տարի մոլեգնող հակահայկական քարոզչությունից»,- ասաց ռուսաստանցի հյուրը։
Նադեին-Ռաեւսկին նշեց, որ մշտապես համեմատել է երկու պետությունների կողմից տարվող քարոզչությունը, թե ո՞վ, ինչպե՞ս եւ ինչի՞ մասին է գրել։ Եզրակացությունը հետեւյալն է. հայկական աղբյուրներում չի հանդիպել որպես ժողովրդի ադրբեջանցիների հասցեին ուղղված վիրավորանքների։ Իհարկե՝ պատմագիտական տեսանկյունից կասկածի տակ է դրվել «ադրբեջանցի ազգ» հասկացությունը, գրվել է նաեւ այն ժողովուրդների մասին, որոնց իրավունքները ոտնահարվում են Ադրբեջանում, բայց այդ ամենը Նադեին-Ռաեւսկին համարում է իրականությանը համապատասխանող։
Մինչդեռ Ադրբեջանի կողմից դրսեւորվել է անսանձ հայատյաց քարոզչություն, որն իր մեջ կրել է հայերի ազգային արժանապատվությունը վիրավորող դրսեւորումներ, այսինքն՝ թուրքագետը երկու երկրներում տարվող քաղաքականության մեջ ակնհայտ եւ արմատական տարբերություններ է տեսել։ «Հայաստանում կարող էին գրել «հարեւան երկիրը» եւ շարունակել ասելիքն առանց վիրավորանքի, սակայն երբ տասնամյակների ընթացքում անընդհատ քարոզվում է ատելություն հայերի հանդեպ, որի հիման վրա մեծացել է ավելի քան մեկ սերունդ, այլ բան սպասել չէր կարելի։ Մարդկանց վերաբերմունքն այդպես էլ պետք է լիներ, հետեւաբար՝ ցեղասպան ինքնագիտակցությունը, թե «ամեն ինչ կարելի է» եւ «ամեն ինչ կներվի», չի լքել ձեզ հարեւան երկրի քաղաքացիների գիտակցությունը»,- նկատեց Նադեին-Ռաեւսկին։ Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր ներկայացուցիչների հանդիպմանը՝ նա հույս հայտնեց, որ դա ինչ-որ չափով կօգնի քաղաքացիների գիտակցությունն ազատել ատելությունից եւ հասնել այն գիտակցմանը, որ այս մոլորակի վրա կան այլ ժողովուրդներ եւս, եւ նրանք նույնպես հետաքրքրություններ ու շահեր ունեն։ «Երբ այդ գիտակցումը հաղթի Ադրբեջանում, կարելի է առնվազն ակնկալել, որ վայրագություններ չեն լինի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից։ Դրա համար պետք է իշխող ղեկավարությունը կամք ցուցաբերի»,- շեշտեց նա։
Տարածաշրջանում նոր հավասարակշռության հասնելու հեռանկարը
Արցախում պատերազմը խախտեց հավասարակշռության բալանսը տարածաշրջանում, եւ այսօր ընթանում է խոշոր «խաղացողների» ազդեցության վերաբաժանում։ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով՝ այժմ տեղի է ունենում նոր ստատուս-քվոյի հաստատման գործընթաց։ Այդ պայքարում շատ ակտիվ է Թուրքիան եւ շարունակելու է ակտիվ գործել այնքան ժամանակ, քանի դեռ չի կարողացել հասնել իր հիմնական նպատակին։ Երբ Թուրքիան նախաձեռնեց արցախյան երկրորդ պատերազմը, նպատակ ուներ Հարավային Կովկասում տեղակայելու թուրքական զինված ուժերը խաղաղապահների քողի ներքո եւ, այդպիսով, հնարավորություն ստանալ զինված ուժեր տեղակայել մեր տարածաշրջանում արդեն օրինական հիմքով։ Դա չհաջողվեց նրան։ Միաժամանակ Թուրքիան ներկայումս քայլեր է իրականացնում իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում ուժեղացնելու ուղղությամբ։ «Փաստորեն, ստեղծվում է ռազմական դաշինք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, բայց դեռ թուրքական զորքերը չեն տեղակայվել Հարավային Կովկասում։ Թուրքիան հանգիստ չի մնա եւ անընդհատ կփորձի ուժեղացնել լարվածությունը մեր տարածաշրջանում, քանի դեռ չի հասել իր նպատակին։ Թուրքիան այն ուժն է, որն ամեն կերպ կխանգարի կայունության եւ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։ Ի տարբերություն Թուրքիայի, Ռուսաստանն ու Իրանը կայունացնող դերակատարություն ունեն մեր տարածաշրջանում»,- նշեց Սաֆրաստյանը՝ հույս հայտնելով, որ այդ կայունացնող ազդեցությունն ավելի կուժեղանա։
Թուրքագետի գնահատմամբ՝ գեոստրատեգիկ կոպիտ սխալ էր Ռուսաստանի կողմից, երբ թույլ տվեց Թուրքիային 2020 թ. գարնան եւ ամռան ամիսներին նորագույն զինատեսակներ, այդ թվում նաեւ՝ «բայրաքթարներ» մատակարարել Ադրբեջանին եւ, ըստ էության, նախապատրաստել այդ երկրին Արցախի դեմ ագրեսիայի։ «Ռուսաստանը դա թույլ տվեց, իսկ եթե կանգնեցներ այդ գործընթացը, պատերազմ գուցե չլիներ։ Համոզված եմ, որ կարող էր կանգնեցնել եւ թուրքերին իրենց տեղը ցույց տալ։ Այնինչ պատերազմը եղավ, իսկ հիմա էլ Թուրքիան սկսել է Ադրբեջանի կլանումը։ Հիմա ավելի դժվար է, բայց, այնուամենայնիվ, այն համոզմանն եմ, որ նույնիսկ պատերազմից հետո Ռուսաստանն ունի հնարավորություններ՝ կանգնեցնելու թուրքական էքսպանսիան մեր տարածաշրջանում»,- կարծիք հայտնեց նա։
Անդրադառնալով այսօրվա եւ հարյուր տարի առաջվա իրողությունների նմանությանը եւ տարբերությանը՝ ակադեմիկոսը նշեց, որ մեկ դար առաջ բոլշեւիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան ունեին մեկ թշնամի՝ Անտանտը՝ Արեւմուտքը, մինչդեռ հիմա Թուրքիան Արեւմուտքի մասն է կազմում, ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի դաշնակիցն է, եւ որքան էլ անհամաձայնություններ ունենան այդ երկու պետությունը, միեւնույն է, Թուրքիան հավատարիմ դաշնակից է ու երբեք չի ուրացել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաեւ ընդհանուր աշխարհաքաղաքական հաշվարկներում իր շատ հստակ տեղն ունի։ Ի տարբերություն 20-րդ դարի սկզբի, 21-րդ դարասկզբին Ռուսաստանն ու Թուրքիան չունեն մեկ ընդհանուր թշնամի, որի դեմ միասնական պետք է պայքարեն։ Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասը ներառել իր ազդեցության ոլորտում, ինչը սկզբունքորեն դեմ է Ռուսաստանի շահերին։ Այս տրամաբանությունը հասկանալու դեպքում պարզ կդառնա նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերի բախման տիրույթը։
Վիկտոր Նադեին-Ռաեւսկու համոզմամբ՝ արցախյան հակամարտությունը դեռեւս լուծված չէ, որքան էլ այդ մասին նշի ադրբեջանական կողմը։ «Պարտված պատերազմը միշտ էլ ողբերգություն է տվյալ ազգի համար, իսկ հայերի համար այն առաջինը չէ։ Սա իրապես մեծ ողբերգություն է, նախեւառաջ ազգային ինքնագիտակցության համար, որը նաեւ ուղղված է ապագային»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կկարողանա վերականգնվել, իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել երկրի ներքին կյանքը։ Դա հնարավորություն կտա Հայաստանի բնակիչներին ապահով եւ հարմարավետ զգալ սեփական երկրում, որպեսզի պատրաստ լինեն պաշտպանելու իրենց նաեւ ապագայում, միջոցներ տրամադրելու պաշտպանության համար, որպեսզի վերակազմակերպվի բանակը` առաջին հերթին դառնալով ժամանակակից։ Ռուսաստանցի մասնագետը կարծում է, որ միջազգային ասպարեզում Հայաստանը պետք է հենվի ոչ միայն սեփական ուժերի, այլեւ տարբեր միությունների, դաշնակիցների եւ դաշնակցային միությունների վրա։ Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին, ապա, ըստ Նադեին-Ռաեւսկու, դա ցույց չտվեց իր ուժը, որի պատճառներից մեկն այն է, որ դաշնակցությունը միշտ փոխօգնություն է, այլ ոչ թե միակողմանի ակնկալիքների դաշտ։ «Սերտ համագործակցությունը ռազմական ոլորտում նույնպես նկատելի չէր։ Ճիշտ է՝ ստեղծվել են բազաներ, տրվել են սպառազինություններ, սակայն պատերազմները փոխել են իրենց բնույթը, ժամանակակից պատերազմները պահանջում են մշտական ուսուցում, այդ թվում՝ ռազմադաշտում։ Երբ սկսվեց դրոնների պատերազմը Սիրիայում, Ռուսաստանը կարողացաավ հաղթահարել այն, կարողացանք շարքից հանել դրանք առանց որեւէ կրակոցի, նույնն էլ՝ «բայրաքթարների» դեպքում։ Ունենք բավականին լուրջ համակարգեր, որոնք թույլ են տալիս առանց զոհերի լուծել դրանց հարցերը բավական դյուրին կերպով։ Դա հմտություն է, որը ձեռք են բերում անմիջապես գործողության ընթացքում»,- ասաց նա։
Հայաստան-Ռուսաստան-Իրան-Հնդկաստան համագործակցությունը կարող է դրական արդյունք տալ
– Պարո՛ ն Սաֆրաստյան, Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը, ի վերջո, հանգեցնում է նաեւ տնտեսական ու այլ խնդիրների, գործընկերների հետ անհամաձայնությունների: Ձեր կանխատեսմամբ՝ մինչեւ ո՞ւր կարող են ձգվել Թուրքիայի այս նկրտումները, եւ մինչեւ ե՞րբ կարող են հանդուրժել Թուրքիային, հատկապես որ սկսել է, այսպես ասած, խաղալ երկու լարի` Արեւմուտքի ու Արեւելքի վրա:
-Հարցը ներառում է երկու հարթություն` ներքին քաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումները: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա այստեղ ակնհայտորեն դրությունը բավական լարված է, ինչն արտահայտվում է բնակչության կենսամակարդակի նվազմամբ: Ուստի սա առաջացնում է սոցիալական լայն շերտերի դժգոհությունը նաեւ քաղաքական դաշտում: Պատահական չէ, որ Թուրքիայում անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս, որ վստահության մակարդակը բավական նվազել է կառավարող ուժի հանդեպ: Արդեն կան կանխատեսումներ, որ հաջորդ` 2023 թ. ընտրություններում (նախագահական եւ խորհրդարանական) Էրդողանն ու իր կուսակցությունը կարող են կորցնել մեծ թվով ձայներ, եթե մինչ այդ երկրի տնտեսության վիճակը բարելավված չլինի: Կարծում եմ, որ ընտրական պայքարը թեժ է լինելու, քանի որ թուրքական քաղաքական էլիտան սկսում է քննարկել հակաէրդողանական միացյալ թեկնածու ունենալու հարցը: Դժվար է ասել` կհաջողվի՞ դա իրականացնել, թե՞ ոչ: Այսպիսով՝ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքն այժմ բավական անորոշ վիճակում է: Ինչ վերաբերում է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, ապա պիտի նշել, որ նրա վարած ծավալապաշտական քաղաքականությունը դժգոհությունների առիթ է դարձել իր գործընկեր-պետությունների համար: Ե՛վ Արեւմուտքի, եւ՛ Ռուսաստանի հետ կան միաժամանակ հակասություններ ու ընդհանուր եզրեր: Կարծում եմ` ամենակարեւորը, որ մենք պետք է հիմա հաշվի առնենք, հետեւյալն է` Թուրքիայի ծավալապաշտության կտրուկ աճը, որը հիմնված է առաջին հերթին պանթյուրքիստական գաղափարների վրա, մտավախություններ է առաջացնում ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլեւ առհասարակ աշխարհի մնացյալ երկրների մոտ, որոնք առնչվում են նրա հետ: Միայն այն փաստը նշենք, որ Թուրքիան նախապատրաստվում է իր նախաձեռնությամբ այս տարվա նոյեմբերի կեսերին հայտարարել թյուրքական միություն ստեղծելու մասին, որը պետք է հաջորդի թյուրքալեզու երկրների խորհրդին, եւ նախատեսում է այն վերածել նաեւ ռազմաքաղաքական դաշինքի: Փաստորեն, ստացվում է, որ աշխարհում ձեւավորվում է ուժի նոր կենտրոն: Սա, համոզված եմ, դժգոհություններ է առաջացնելու: Այսպիսով՝ արտաքին քաղաքականության տեսանկյունից Թուրքիան կորցնում է իր այն դիրքերը, որոնք նվաճել էր նախկինում` վտանգելով երկրի ներքին կայունությունը: Դա կարող է հանգեցնել, օրինակ, ԱՄՆ-ի կողմից գործի դրվող պատժամիջոցների, իսկ այս երկիրը հսկայական ազդեցություն ունի Թուրքիայի տնտեսության վրա: Պատահական չէ, որ նաեւ ԱՄՆ-ում պատրաստվում է Էրդողանին փոխարինող թեկնածուի սցենարը, անգամ անունն է արդեն հնչում` Հուլուսի Աքար` ներկայիս պաշտպանության նախարարը:
-Պարո՛ն Նադեին-Ռաեւսկի, նոր աշխարհաքաղաքական իրականության մեջ ձեւավորվող Հայաստան-Ռուսաստան-Իրան-Հնդկաստան համագործակցությունը հեռանկար ունի:
-Այս նախագիծը, իհարկե, բավական հետաքրքրական է, սակայն սա դեռ սկիզբն է: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով ներգրավված կլինեն կողմերը համագործակցության շրջանակներում, քանի որ սա իսկապես բավական ազդեցիկ, դրական արդյունք կարող է տալ: Համագործակցության շրջանակներում առաջարկվող նախագծերը շատ լայն են, օրինակ` Հնդկաստանից դեպի Արեւմուտք ապրանքաշրջանառություն ծովային ու ցամաքային տարբերակներով, Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ճանապարհ Իրանի նախաձեռնությամբ եւ այլն: Հայաստանով ճանապարհը հնարավորություն կտա անմիջապես դուրս գալ դեպի Եվրոպա: Իհարկե, նախագծերը կյանքի կոչելու համար հսկայական աշխատանք ու ներդրումներ պետք է արվեն` սկսած ենթակառուցվածքներից: Դեռեւս պետք է հետեւենք գործընթացներին եւ սպասենք:
-Վերջին քաղաքական իրողությունները թույլ են տալիս մտածել, որ Ռուսաստանը բավական փափուկ է վերաբերվում ՆԱՏՕ-ի անդամ պետությանը` Թուրքիային եւ նրա վիլայեթ Ադրբեջանին: Ինչո՞վ է պայմանավորված այդ վերաբերմունքը:
-Այլ հանգամանքներում ես կասեի, որ դա Ռուսաստանի կողմից խոր մտածված քայլ է, սակայն ոչ, դա արագ, հանպատրաստից արձագանքման քաղաքականություն է: Այսինքն՝ տեղի ունեցավ մի բան, եւ պետք է դրան արձագանքել` մտածելու շատ ժամանակ չկա: Իսկ Թուրքիայի հանդեպ քաղաքականությունը բավական բարդ կառուցվածք ունի. սխալ մի քայլ, եւ վերջ, դա կաշխատի ի վնաս Ռուսաստանի ու Թուրքիայի: Այդ իսկ պատճառով մշտապես առաջին պլան են մղվում փոխադարձ հետաքրքրություններն ու ոլորտային համագործակցությունները: Կան հարցեր, որտեղ առկա են եւ՛ փոխհամաձայնություններ, եւ՛ հակասություններ, օրինակ` Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի դեպքերը: Ցավոք, Ռուսաստանը որեւէ դիվանագիտական կամ այլ տեսակի պաշտոնական համաձայնագրեր չուներ Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ վերջինս միջազգային իրավունքի սուբյեկտ չէ. թե ինչու, դա այլ հարց է: Ռուսաստանն ու Թուրքիան հակադիր մոտեցումներ ունեն նաեւ Ուկրաինայի խնդրի հետ կապված: Ուկրաինացիները կարծում են, թե թուրքերը կօգնեն իրենց ռուսների դեմ պայքարելու հարցում, սակայն նրանք չարաչար սխալվում են. թուրքերն ընդամենը ձգտում են տիրանալ նաեւ Ղրիմին: Սակայն դա դեռ ամենը չէ. Անկարան ավելի հեռուն գնացող նպատակներ ունի: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, ուստի Ռուսաստանի համար հստակ սահմաններ կան նրա հետ համագործակցության համար: Արեւմուտքը փորձում է իր ռազմաբազաներով, զորավարժություններով, զենքերով շրջափակել Ռուսաստանը, եւ ցավով պետք է նշել, որ դա նրան հաջողվում է: Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը կանխել այս գործընթացը՝ ռազմական հարված հասցնելո՞վ: Բնականաբար, ոչ: ՆԱՏՕ-ն իր բոլոր անդամ պետություններով, բնականաբար, ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը: Այդ պատճառով վերջինս աշխատում է «հնարավորների» շրջանակներում, այսինքն` տարատեսակ համագործակցություններ, փոխզիջում, փոխհամաձայնություն, դիվանագիտական մանեւրեր եւ այլ հնարավոր ելքեր: Բարեբախտաբար, Ռուսաստանին դեռեւս հաջողվում է նման քաղաքականություն վարել:
Նոր մարտահրավերների առաջ
Վիկտոր Նադեին-Ռաեւսկին հանդիպմանն անդրադարձավ նաեւ ցեղասպանությունից 106 տարի անց եւ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության հետեւանքով Հայաստանի համար առաջացած հնարավոր սպառնալիքներին: Նրա համոզմամբ՝ ներկա պայմաններում այս տարածաշրջանում անկախ Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյությունը հանապազօրյա վտանգի տակ է: Խոսելով Արցախի ներկա վիճակի մասին՝ ասաց. «Արցախի հարցը պետք է լուծվեր դեռ 30 տարի առաջ, ինչո՞ւ Հայաստանը դեռ այն ժամանակ չճանաչեց Արցախի անկախությունը… Մնացած հարցերը կլուծեր Արցախի ժողովուրդը՝ լինել Հայաստանի հե՞տ, թե՞ անկախ: Դա հայկական իշխանությունների բացթողումն էր։ Այսօր շատ ավելի բարդ է իրավիճակը, եւ պետք է այն հակակշռել նաեւ ռազմական հնարավորությունների հետ, դա հեշտ հարց չէ։ Արցախը, անկասկած, վաղուց արժանի էր անկախության, բայց…»։
Գրեթե նույնն ասաց նաեւ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Արցախի խնդրի հետ կապված: Նշեց՝ Ռուսաստանն Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո սխալ գործեց՝ թույլ տալով, որ Թուրքիան հիմնավորվի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում։ Հարցին՝ սխա՞լ թույլ տվեց, թե՞ դա ծրագիր էր, թուրքագետը համոզված պատասխանեց՝ Ռուսաստանը սխալվեց…
Պատրաստեցին`
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ,
Մարիամ ԱՎԱԳՅԱՆԸ,
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆԸ