Ազգի ընտրյալ զավակները, հիրավի, Աստծո պարգեւ են իրենց ժողովրդին: Նրանք անանձնական կյանքով ապրող մարդիկ են, որոնց համար սրբության սրբոցը հայրենիքն է, ապրելու նպատակը՝ ազգին նվիրաբերվելը: Այդպիսիք մահվան աչքերին նայում են աներկյուղ եւ իրենց անմահությամբ ժխտում մահվան գաղափարը: Մեր ժողովրդի պարագայում, բարեբախտաբար, սակավաթիվ չեն նրանք՝ հանուն ազատության, հանուն արդարության մարտնչածների մի ամբողջ փաղանգ, որոնցից յուրաքանչյուրի անվան ու հիշատակի խնկարկումն ամեն մի ազնվարյուն հայի հոգու պարտքն է:
Անմեղ, Անմեղյան. մի զարմացեք, այդ խնկելիներից մեկն է, նույն ինքը՝ Սեւքարեցի Սաքոն՝ Սարգիս Ծովանյանը՝ թուրքական Մահկանաբերդ բանտի միակ կալանավորը, որի ձեռքերին թուրք ենիչերիներն անկարող են եղել շղթաներ հագցնել… Իսկ նա ոչ միայն զինավառ ասպետ էր, այլեւ՝ հրաշալի երգիչ, ով իր ժողովրդի բարեկամներին դիմավորում էր աննման տաղով ու սազով, իսկ թշնամիներին՝ իրենից անբաժան «Մոսինի» անվրեպ կրակոցով: Ինչպես արխիվային նյութերն են հուշում, «Երբ նա թառը ձեռքն էր վերցնում, կարծես հազար սոխակներ դայլայլում էին, կախարդական մեղեդու ներքո քարերն էլ էին զմայլվում»: Այդպիսին էր նա՝ Տավուշի Սեւքար գյուղում ծնված ֆիդային, որի միջոցով էր զորավար Անդրանիկը ծանոթացել մեծ լոռեցուն՝ Հովհաննես Թումանյանին, որի հորդորով, 1905-1906 թթ. Անդրկովկասում բռնկված ազգամիջյան կռիվների ժամանակ, նա էր ուղեկցել խաղաղության ու համերաշխության խորհուրդը շուրթերին շրջագայող բանաստեղծին: Իսկ Թումանյանը եւ Իսահակյանը բանաստեղծություններ են ձոնել հայրենապաշտ հայդուկին, գրվել են նրան նվիրված երգեր, ինքը՝ Զորավարն է հիացել անկոտրում այս զինականով:
Ինչպես գեղարվեստական գրականությունն է փաստում, սեւքարեցի ռանչպար Սարիբեկի որդին գնում է Գոշավանք՝ օրհնություն առնելու: Նայելով խաչված Քրիստոսի պատկերին՝ շշնջում է. «Եթե զորու ես, ինձ Արաբոյի հայդուկ դարձրու: Արժանի արա նպատակիս, որն է՝ մինչեւ կյանքիս վերջը կռվել Ավետյաց երկրի ազատության համար: Անձիս պահպանություն չեմ խնդրում քեզնից, տե՜ր: Թող մեռնեմ, եթե դա հարկավոր է, միայն թե ինձ չդարձնես պարզապես մեռել, ես նահատակ եմ ուզում դառնալ, թող որ հավիտյանս բոլորին անհայտ, բայց նահատակ: Օգնիր ինձ կյանքս մատաղ անելու իմ ժողովրդին…»:
1892 թվականին, որպես զինատար, հայդուկ Սաքոն հաստատվում է պարսկա-թուրքական սահմանին, մասնակցում արնախում քրդերի դեմ մղված կռիվներին, աջակցում զինատար խմբերի անցմանը Արեւմտյան Հայաստան, ուղեկցում Պարսկաստան անցնող ֆիդայիներին: Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ 1897 թվականի հուլիսին մասնակցում է Խանասորի հայտնի արշավանքին, այնուհետեւ մեկնում Վաղարշապատ: 1898-ին, լինելով ՀՅԴ անդամ, մասնակցում է Թիֆլիսում կայացած կուսակցության երկրորդ ընդհանուր ժողովին, որի որոշմամբ էլ ընտրվում ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի՝ Մուշ-Սասունի կենտրոնական կոմիտեի անդամ եւ նույն ժողովի հանձնարարությամբ, մի քանի ուղեկիցներով անցնում Արեւմտյան Հայաստան, սակայն Մշո դաշտի Ղզլաղաճ գյուղում ձերբակալվում է թուրքական իշխանությունների կողմից, տարվում նախ Մուշի, այնուհետեւ՝ Կարինի բանտ: Որպես Սուրբ Կարապետ վանքի ուխտավոր ներկայանալու նրա գործադրած ջանքերն ի չիք են դառնում: Ի վերջո, հայդուկային գործունեության, Աղբյուր Սերոբի եւ Գուրգենի հետ ունեցած նամակագրական կապերի համար թուրքական դատարանը վճիռ է կայացնում հայդուկին դատապարտել 101 տարվա բանտարկության, ապա՝ մահվան: Սակայն 1901 թվականին ռուսական հյուպատոսարանի ճնշման արդյունքում Սեւքարեցի Սաքոն, որպես ռուսահպատակ, հանձնվում է ռուսական իշխանությունների դատին, որոնք խիզախ հայդուկին ազատ են արձակում: Այնուհետեւ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպելու էր Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը՝ միաժամանակ, ինչպես արդեն նշեցինք, Թումանյանի հետ հանդես գալով համերաշխության կոչերով:
1907 թվական. Վիեննայում կայացած ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովում, որին մասնակցում էր անվանի սեւքարեցին, որոշվում է օգնել Իրանում սկսված հեղափոխությանը: Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ Սաքոն ուղեւորվում է այս երկիր, սակայն սահմանին հիվանդանում է խոլերայով, տեղափոխվում Երեւան: Ավաղ, նահատակություն երազած քաջի մահն անխուսափելի էր: Ֆիդայու աճյունն ամփոփվում է ներկայիս Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի տարածքում: 1938 թ. խորհրդային իշխանությունների անաստված որոշմամբ ավերվում է նրա շիրիմը, իսկ սպիտակ մարմարից կերտված շիրմաքարը փոխադրվում եւ դրվում է բոլշեւիկյան նշանավոր գործիչ Ասքանազ Մռավյանի գերեզմանին… Սրբապղծության դասական օրինակ, անմարդկային ու եղկելի արարք: Այդուհանդերձ, գերեզմանաքարով չէ, որ պիտի անմահանար Սաքո Սեւքարեցի ասպետը: Նա սրտում է իր ազգի: Իսկ ազգն անմահ է, մանավանդ աստվածաշնչյան մեր ազգը, որ ծնել ու դեռ հարյուր հազարավոր Սեւքարեցի Սաքոներ է ծնելու…