2001 թ. նոյեմբերի 13-ին թալիբների պարտությունը ոչ միայն իգական սեռը տնային ,կալանքիցե ազատագրվելու առնչությամբ էր տոն, այլեւ՝ հեզարե ազգության, որ ենթարկվում էր ցեղասպանության։ Ընթացիկ տարվա օգոստոսին թալիբների վերադարձը խիստ մտահոգեց հեզարեներին, ինչը լիովին պատճառաբանված էր։ Թեեւ թալիբներն արտաքուստ խոստացել էին խտրական քաղաքականություն չվարել, սակայն դարձյալ թիրախավորվեցին իգական սեռին ու հեզարեներին, անգամ ազգային այլ փոքրամասնությունների։
Թալիբների պարտության 20-ամյակին՝ 2021 թ. նոյեմբերի 13-ին, Քաբուլի արեւմտյան հատվածում, որտեղ բնակչության մեծամասնությունը հեզարեներ են, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով զոհվել է 1 մարդ, 6-ը վիրավորվել են։ Սա ,աննշանե դեպք է՝ համեմատած մինչ այդ հեզարեների դեմ կատարված քայլերի հետ։ Այս առնչությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի տվյալները եւ ,Human Rights Watchե-ի հոկտեմբերի 22-ին հրապարակած զեկուցագիրն ավելի խոսուն են։ Այն կազմված է բռնի տեղահանվածների հետ զրույցների ու փաստահավաք տվյալների հիման վրա։ Զեկուցագրի համաձայն՝ թալիբներն օգոստոսից, երբ իշխանության եկան, 5 նահանգից զգալի թվով շիա հեզարեների են բռնի տեղահանել իրենց տունուտեղից ու զրկել անգամ մշակած դաշտերի բերքը հավաքելուց։ Նրանց ընդամենը 2-3 օր ժամանակ տալով՝ այլ ելք չեն թողել։ ,Human Rights Watchե-ը ընդգծում է, որ սեպտեմբերի ընթացքում Դայքենդի եւ Ուրուզգան նահանգներից 15 գյուղի բնակչության են բռնի տեղահանել։ Թալիբները ձերբակալել են նաեւ նրանց, ովքեր հետաքրքրվել են տեղի ունեցածով, իսկ գյուղից դուրս եկողներին էլ ստուգել են, քանի որ արգելել էին բերքահավաքը։ Բռնի տեղահանվածների ողջ ունեցվածքը թալիբները նվիրել են իրենց շրջապատին։ Տեղահանությունը, որի ընթացքում զոհվել են մարդիկ, դադարեցվել է, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ են հրապարակվել այս մասին, ինչը պայմանավորված է նրանց՝ որպես Աֆղանստանի օրինական իշխանություն ճանաչելով։ Մանավանդ որ ի սկզբանե հայտարարել էին, թե կրոնական ու ազգությունների հարցերով որեւէ խտրականություն չի լինելու։ ,Human Rights Watchե-ը շեշտում է, որ թե՛ ժամանակավոր եւ թե՛ ընդմիշտ մարդկանց իրենց կամքին հակառակ տեղահանությունը հակասում է միջազգային օրենքներին ու նորմերին, իսկ թալիբները դա անում են ամենայն դաժանությամբ։
Նշենք, որ բազմազգ Աֆղանստանում հեզարեները, կազմելով բնակչության 10-15 տոկոսը, երրորդ տեղում են, եւ նրանց ծագման առնչությամբ տարաձայնություններ կան։ Ոմանք նրանց համարում են բնիկներ, ոմանք էլ՝ թուրք-մոնղոլական ցեղ։ Սակայն հաշվի առնելով, որ նրանց լեզուն պարսկերենի տարբերակի բարբառ է, կարելի է ասել, թե նրանք ավելի շուտ բնիկներ են եւ իրենք իրենց անվանում են ազրե։ Հեզարեները պատմության ընթացքում փուշտուն իշխանականների կողմից ենթարկվել են առավել ճնշման ու խտրականության։ Այդ երկրում միջցեղային փոխհարաբերություններում առկա ակնհայտ թշնամանքը հաճախ գնահատվում է Աֆղանստանի էմիր Աբդուլ Ռահաման խանի (1880-1901 թթ.) ազգային քաղաքականության հետեւանք։ Նա տեղական դիմադրությունը ճնշելու նպատակով միմյանց դեմ էր տրամադրում տարբեր ցեղերին ու ազգություններին, ինչի հետեւանքով նրանց փոխհարաբերություններում գերակայող դարձան անհանդուրժողականությունն ու ատելությունը։ Ավելին՝ Աբդուլ Ռահամանը որոշում ընդունեց ոչնչացնել հեզարեներին, որոնք անկախության էին ձգտում։ 1893-1900 թթ. նրանց դեմ իրականացնելով ցեղասպանություն՝ վերացրեց, տարբեր աղբյուրների համաձայն, 60-67 տոկոսին եւ մինարեթներ էր կառուցել զոհերի գլուխներով։
Փուշտուն թալիբների շարժումը աֆղան (եւ ոչ միայն) փորձագետները գնահատում են որպես ցեղային բնույթ կրող, ինչը համընկնում է նրան ծնող Պակիստանի ռազմավարական շահերին։ Ավելին՝ փորձագետներից շատերը, հաշվի առնելով վերջին ամիսներին թալիբների գործողությունները, շեշտում են, որ նրանք կրոնի քողի տակ ազգայնական հավակնություններ ունեն։ Վկայակոչվում են փաստեր, այդ թվում՝ երկրի հյուսիսից հազարավոր ընտանիքների տեղահանումը, գլխավորապես՝ տաջիկների եւ ուզբեկների։ Նպատակամղված տեղահանումներից ու հեզարեներին եղեռնի ենթարկելուց զատ, նրանք նաեւ կոնկրետ շրջանի աղջիկներին ու այրի կանանց ցուցակագրում են եւ բռնի ամուսնացնում զինվոր թալիբների հետ՝ ,ջիհադի ամուսնությունե անվամբ։ Նախկին պատգամավոր, թալիբների քաղաքականությունը երկրի հյուսիսում ուսումնասիրող Մոհիըդդին Մեհդիի կարծիքով՝ թալիբների շարժումը էթնիկ է՝ շարիաթը նրանց համար զուտ դիմակ է իրենց գործունեության բուն նպատակը թաքցնելու համար։ Նա շեշտում է, որ փուշտուններն անցյալում եւ այսօր էլ նույն նպատակն ունեն։ Մարդիկ դեռ չեն մոռացել Աբդոլմանան Նիազիի հրամանը՝ տաջիկները գնան Տաջիկստան, ուզբեկները՝ Ուզբեկստան, հեզարեները՝ գուրստան (գերեզմանոց)։
Հավելենք, որ մոլա Նիազին թալիբների հայտնի հրամանատարներից է, որ սպանվել է ընթացիկ տարվա մայիսին։ Նա 1998 թ. Նավազշարիֆ քաղաքում ցեղասպանության է ենթարկել տասնյակ հազարավոր հեզարեների։ Մոհիըդդինը ընդգծում է նաեւ, որ Աֆղանստանի բնակչությանն աֆղան անվանելը, որ փուշտունների 2-րդ անունն է, նույն նպատակն է հետապնդում։ Աֆղան վերլուծաբան Մոհամեդ Նասիմ Ջաաֆարին այս առնչությամբ շեշտում է, որ փուշտուններն Աշրաֆ Ղանիի գլխավորությամբ եկել էին այն եզրակացության, թե ընտրությունների համակարգի շարունակումն Աֆղանստանում ի վնաս փուշտունների է վերջանալու, եւ տեսանելի ապագայում իշխանությունն անցնելու է այլ ազգությունների, մասնավորապես՝ տաջիկներին, ուստի իշխանության շրջանակներում Աշրաֆ Ղանիի հետ համաձայնեցնելով՝ այն հանձնեցին թալիբներին։ Դա շատ տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ նախագահական 4 ընտրություններից, փաստորեն, 3-ում հաղթել էր տաջիկ Աբդուլահ Աբդուլահը, սակայն նախագահ են դարձել փուշտուն Համեդ Քյարզայն ու Ղանին։ Բացի այդ, բացառված չէ, որ տաջիկները մեծամասնություն լինեն, մանավանդ որ նրանք, վկայակոչելով 2017 թ. ինչ-որ մարդահամար, շեշտում են, թե նրանց թիվը կրկնակի ավելի է փուշտուններից։ Այս հարցին բավական ծավալուն՝ ,Քառասուն տարի միջցեղային պատերազմ Աֆղանստանումե հոդվածով անդրադարձել է նաեւ Մոհամեդ Սադիղին, որը շուրջ մեկ տարի առաջ հրապարակվել է ,Աֆղանստանե լրատվական կայքում, որտեղ նա շեշտում է, թե փուշտունները նման նպատակ են հետապնդել 1880-ից ի վեր, որը շարունակվել է 20-րդ դարի 20-ականներին, այնուհետեւ՝ 1992-96 թթ. թալիբների առաջին իշխանության օրոք։