Նախօրեին Լոնդոնում ավարտվեց «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում մասնակիցների հիմնական ուշադրությունը բեւեռվել է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապված իրավիճակի վրա: Համաշխարհային մամուլը շարունակում է քննարկել լոնդոնյան հանդիպման արդյունքները՝ նկատի ունենալով, որ առաջիկայում կկայանա «G-7»-ի գագաթնաժողովը, եւ այնտեղ շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:
Կապված արտգործնախարարների հանդիպման հետ՝ նշենք, որ թեմային իր խմբագրական հոդվածում անդրադարձել է նաեւ չինական «Խուանցյու շիբաոն»՝ շեշտելով, որ «G-7»-ի արտաքին գործերի նախարարների եռօրյա հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ուղերձ է հղել աշխարհին, որ Միացյալ Նահանգները չի ձգտում ճնշել կամ զսպել Չինաստանին, սակայն ցանկանում է պաշտպանել միջազգային կարգը, որը հենված է կանոնների վրա, իսկ այնպիսի հարցերը, ինչպիսին են Սինցզյանը, Հոնկոնգն ու Թայվանը, կապ ունեն Չինաստանի կողմից միջազգային այդ կանոնների պահպանման խնդրի հետ: Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ հայտարարել են, որ արտգործնախարարների այս հանդիպման հիմնական թեման եղել է այն հարցը, թե ինչպես պատասխանել Ռուսաստանի ու Չինաստանի մարտահրավերներին:
Իհարկե, հասկանալի է, որ չինական լրատվամիջոցը պետք է ելնի իր երկրի հետաքրքրություններից, բայց, անկախ դրանից, արտահայտված որոշ մտքեր վերլուծության առատ նյութ են տալիս, ուստի որոշեցինք այն ներկայացնել ընթերցողներին:
Բլինկենը հերքել է կարծիքը, որ դա նոր սառը պատերազմ է, ինչպես նաեւ հստակ արտահայտել է ԱՄՆ-ի դիրքորոշումը. իրենք չեն պատրաստվում զիջել Չինաստանին: Եթե Վաշինգտոնը, իրոք, այդպես է մտածում, այն, անկասկած, կողջունվի Չինաստանի կողմից: Բայց աշխարհը չի կարողանում հավատալ այդ հայտարարությանը, այլապես արեւմտյան ԶԼՄ-ներն այդ մասին եւս մեկ անգամ չէին հարցնի Բայդենի վարչակազմին:
«Խուանցյու շիբաոն» կարծում է, որ Բլինկենի խոսքերը կարող են ընկալվել որպես հարկադրված գործողություն, քանի որ նա գիտի, որ գործնականում հնարավոր չէ ստիպել Եվրոպային ու Ճապոնիային՝ «անջատվելու» Չինաստանից: Այն երկրներին, որոնք տարաձայնություններ ունեն Չինաստանի հետ, միաժամանակ անհրաժեշտ է համագործակցել նրա հետ, իսկ «նոր սառը պատերազմի» գաղափարը բոլորովին էլ ընդունելի չէ զանգվածների շրջանում: Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է դաշնակիցներին դեպի իրեն ձգել, ապա պետք է հարթի որոշ սուր եզրեր, եւ նրանք չեն կարող ստիպել դաշնակիցներին՝ կուրորեն հետեւելու իրենց հակաչինական քաղաքականությանը:
ԱՄՆ-ում այժմ Չինաստանը ներկայացվում է որպես թշնամի: «Նրանք համակարգված կերպով պառակտում են աշխարհը եւ ստեղծում ռազմավարական առճակատում, պարզապես հարմարեցնում են իրենց մեթոդները եւ փորձում են աստիճանաբար շարժվել այդ ուղղությամբ»,- գրում է «Խուանցյու շիբաոն»՝ պնդելով, որ կան նախանշաններ, որ վաշինգտոնյան քաղաքական շրջանակները հասկանում կամ զգում են ԱՄՆ-ում եւ Արեւմուտքում կառավարման մոդելի մրցունակության նվազումն ու ծերացումը, միեւնույն ժամանակ գիտեն, որ չեն կարող էական բարեփոխումներ նախաձեռնել: Նրանք հույս ունեն արհեստականորեն ստեղծել հիմնարար անտագոնիզմ, ստիպողաբար ներդնել միջազգային համակարգում, որում կտնօրինեն արեւմտյան երկրները, եւ կբացառվեն Չինաստանն ու Ռուսաստանը, իսկ Արեւմուտքի որոշ տնտեսական ու տեխնոլոգիական առավելությունների շնորհիվ կպահպանվի Միացյալ Նահանգների հեգեմոնիան: Նրանք հույս ունեն, որ այդ նոր մոդելը կարող է աստիճանաբար ձեւավորվել Չինաստանի ու Ռուսաստանի հետ դիմակայության միջոցով:
«Մենք ուզում ենք զգուշացնել Վաշինգտոնին, որ դա ռազմավարական խաղ է կրակի հետ, եւ նրանք չպետք է նույնիսկ հաջողության հույսեր ունենան: Պետք է հասկանան, որ նույնիսկ եթե պարզապես գումարենք Չինաստանի եւ Ռուսաստանի ուժերը, ավելի հզոր ուժ կստացվի, քան նախկին խորհրդային արեւելաեվրոպական դաշինքի ողջ ուժը: Չինաստանի եւ Ռուսաստանի տնտեսական, տեխնոլոգիական եւ ռազմական հզորությունը ոչ միայն մասշտաբային է, այլեւ ավելի լայն ազդեցություն ունի աշխարհի վրա: Եթե ինչ-որ մեկը, անկախ ուրիշների կարծիքներից, ստիպի նրանց միավորվել եւ հուսահատ պայքարի մեջ մտնել, ապա դա իր համար կդառնա ամենավատ մղձավանջը: Չինաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական առումով զսպման քաղաքականություն են վարում: Մենք ձգտում ենք պահպանել միջազգային համակարգը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության վրա, եւ միջազգային կարգը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա: Եվ Չինաստանը, եւ Ռուսաստանն իրենց որոշ հարեւանների հետ վեճեր ունեն՝ ժառանգած պատմությունից, եւ երկու երկրներն էլ այս հարցում զուսպ են մնում: Եթե ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը ցանկանում են դրդել առանձին երկրների՝ դիմակայելու Չինաստանին եւ Ռուսաստանին, ապա միայն վնաս են հասցնում համապատասխան պետություններին: Ռուսաստանը եւ Չինաստանը համբերատար լուծում են խնդիրները եւ հուսով են, որ ոչ մի երկիր կամ որոշակի քաղաքական ուժ չի խաբվի Վաշինգտոնի կողմից եւ չի փորձի քարը ջարդել ձվով»,- նշել է «Խուանցյու շիբաոն»:
Ըստ այդ լրատվամիջոցի՝ արեւմտյան ցանկացած երկրի համար, որը խրախուսվում է՝ «անջատվելու» Չինաստանից, դա կորուստների ճանապարհ կդառնա: Նրանց լավագույն ընտրությունն է ճիշտ պատասխանել Միացյալ Նահանգների սադրանքներին, հնարավորինս հավասարակշռություն պահպանել Չինաստանի եւ Ամերիկայի միջեւ, չփորձել խզել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց միեւնույն ժամանակ չհետեւել նրանց օրինակին եւ չգնալ դեպի հակաչինական առճակատում:
«Վաշինգտոնը միշտ կոչ է անում դաշնակիցներին միավորվել Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ, բայց վերջիններս չեն աջակցում հակընդդեմ դաշինքի ստեղծմանը: Սա Պեկինի եւ Մոսկվայի բարի կամքի դրսեւորումն է: Բայց որքան Արեւմուտքն ուժեղացնում է իր անտագոնիստական դաշինքը Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ, այնքան ավելի է նրանց դրդում միավորվել եւ պատասխանել մարտահրավերներին. դա քաղաքական մեխանիկայի հիմնական օրենքն է: Իհարկե, ռուս-չինական ռազմավարական դաշինքն առաջին հերթին նվիրվում է ԱՄՆ-ի հեգեմոնիային դիմակայությանը: Միեւնույն ժամանակ մյուս առանձին ուժերը չպետք է ամբարտավանություն ցուցաբերեն միայն այն պատճառով, որ «կախվեցին» Միացյալ Նահանգներից եւ բարձրացան: Երկու երկրները նախազգուշացնում են այդ ուժերին, որ չի կարելի միավորվել սադրանքների միջոցով, որպեսզի նրանք մի օր չդառնան Չինաստանի եւ Ռուսաստանի թիրախը»,- եզրափակում է «Խուանցյու շիբաոն»: