Ռամադանն արաբական (իսլամական) լուսնային տոմարի 9-րդ ամիսն է, որը Ղուրանում ամրագրված է իբրեւ մահմեդականների ծոմի եւ երկրպագության տոն, ուստի համաիսլամական հույժ կարեւոր իրադարձություն է: Թերեւս, հենց սրանով է պայմանավորված, որ վերջին տասնամյակներին ԱՄՆ նախագահներն այդ կապակցությամբ ողջույնի խոսք են հղում իսլամական աշխարհին եւ ամերիկացի մահմեդականներին: Ծոմի բեկումը, որը տեղի է ունենում հաջորդ ամսվա՝ շավալի 1-ին, կոչվում է Ֆետրի տոն եւ նշվում է մեծ շուքով ու հանդիսավորությամբ: Նախկինում եւ այսօր էլ որոշ երկրներում այն տոնում են 3 օր շարունակ: Ի դեպ, այս առնչությամբ եւս արեւմտյան եւ քրիստոնյա շատ երկրների ղեկավարներ մաղթանքներ են հղում իսլամական աշխարհին:
1980 թ. օգոստոսի 7-ին, Լիբանանի հարավում պաղեստինցի փախստականների ճանբարներն Իսրայելի ռմբակոծությունների թիրախը դառնալուց հետո, Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Էմամ Խոմեյնին աշխարհի մահմեդականներին կոչ է արել Ռամադանի վերջին ուրբաթը Ղոդսի օր (Ղոդսը Երուսաղեմի արաբերեն տարբերակն է) անվանել եւ նշել իբրեւ «Պաղեստինի մահմեդական ժողովրդի օրինական իրավունքները» պաշտպանելու, համերաշխության օր: Ղոդսի միջազգային օրն Իրանում եւ իսլամական երկրներում նշանավորվում է ցույցերով ու այլ միջոցառումներով` ի պաշտպանություն պաղեստինցիների, իսկ ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում ընդդեմ այդ միջոցառումների ցույցեր են կազմակերպում հրեաները:
Մայիսի 7-ին իսլամական աշխարհը նշելու է Ղոդսի օրը: Հատկանշական է, որ Իսրայելում եւս յուրաքանչյուր տարվա հունիսի 10-ին մեծ շուքով, որպես ազգային, կրոնական տոն, նշում են «Յում Երուշալյիմը» (Երուսաղեմի օր): 1967 թ. հունիսի արաբ-իսրայելական 5-օրյա պատերազմի ընթացքում, ի թիվս արաբական այլ տարածքների, Իսրայելը գրավեց նաեւ Արեւելյան Երուսաղեմը՝ այն միացնելով Արեւմտյանին: «Յում Երուշալյիմը» նշվում է իբրեւ Երուսաղեմի միավորման օր: Երուսաղեմի համաիսլամական նշանակությունը պայմանավորված է այստեղ գտնվող մահմեդականների գլխավոր սրբավայրերից մեկով՝ Ալ Ակսա մզիկթով: 1969 թ. օգոստոսին հրեաները հրկիզեցին այն, ինչը դարձավ Իսլամական համաժողով կազմակերպության հիմնադրման գլխավոր շարժառիթը:
Եթե իսլամական այլ երկրներում Ղոդսի օրվան նվիրված ցույցերի ու միջոցառումների հեղինակները քաղաքական եւ կրոնական տարբեր կազմակերպություններ են, ապա Իրանում դրանք պաշտոնական բնույթ են կրում՝ կազմակերպվում են կառավարության մակարդակով, ողջ երկրով մեկ: Ղոդսի ուրբաթօրյա աղոթքը Թեհրանում առաջնորդում է երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմքը՝ հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: Ավանդույթի համաձայն՝ ուրբաթօրյա աղոթքին նախորդում է աղոթքն առաջնորդող բարձրաստիճան հոգեւորականի հասարակական, քաղաքական թեմաներով ելույթը (խոթբե): Աղոթքի ավարտից հետո աղոթակիրներն ունկնդրում են նաեւ 2-րդ խոթբեն:
Թեհրանը, կարեւորելով Ղոդսի օրը, միշտ էլ լրջորեն է նախապատրաստվել դրան՝ նախօրոք կազմելով ցույցերի ու երթերի հստակ ծրագիր եւ մշակելով կարգախոսների ցանկ, որոնք խիստ հակաիսրայելական եւ հակաամերիկյան բնույթ են ունենում: Սակայն դրանց բնույթը որոշ չափով պայմանավորված է ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում տիրող իրավիճակով: Օրինակ, 1997-99 թթ., երբ նկատելի էր Վաշինգտոն-Թեհրան փոխհարաբերությունների բարելավման միտում, ցույցերը համեմատաբար մեղմ էին, եւ գլխավոր թիրախն Իսրայելն էր: Ավելին,1998 թ. Ֆետրի տոնի առթիվ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն իսլամական աշխարհին իր շնորհավորական ուղերձում անդրադառնալով Իրանին` ընդգծել էր. «Ես ցանկանում եմ նշել, որ Միացյալ Նահանգները վշտացած է երկու ժողովուրդների օտարացման առնչությամբ: Իրանը պատմամշակութային հարուստ ժառանգություններով կարեւոր երկիր է, ինչի համար իրավացիորեն պարծենում են իրանցիները: Մենք Իրանի քաղաքականության որոշ հարցերում լուրջ տարաձայնություններ ունենք, սակայն կարծում եմ, որ դրանք անլուծելի չեն»: Այս տարի երկրի եւ ոչ մի քաղաքում զանգվածային միջոցառումներ նախատեսված չեն, այդ թվում՝ ավտոերթ չի լինելու: Հիմնական միջոցառումները լինելու են վիրտուալ:
Նշենք, որ արաբական աշխարհի որոշ երկրների ու Իսրայելի փոխհարաբերությունների բնականոնացմամբ պայմանավորված, բողոքի ցույցերն ընդդեմ Իսրայելի ավելի մեղմ բնույթ են կրելու: