Չկա գիտության մի բնագավառ, որ հայ գիտնականները խոշոր ներդրում չունենան, չհասնեն մեծ հաջողությունների ու առաջընթացի` հաճելիորեն զարմացնելով իրենց նվիրվածությամբ ու բազմաբովանդակ գործունեությամբ։ Համաշխարհային ճանաչում ձեռք բերած գիտնականներից է ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը, ով բույսերի զարգացման ու ծաղկման հորմոնային տեսության հիմնադիրն է։
Էլեկտրոնային հանրագիտարանում այդ մասին նշված է. «Դեռեւս 1936-1937 թվականներին Չայլախյանը հանգել է այն եզրակացության, որ բույսերի ծաղկման լուսապարբերական կարգավորումն իրականանում է հորմոնային գործոնների օգնությամբ, որոնց անվանել է ֆլորիգեն։ Չայլախյանն աշխատակիցների հետ ցույց է տվել, որ ֆլորիգենը հորմոնային կոմպլեքս է` կազմված 2 բաղադրամասերից՝ գիբերելիններից եւ անտեզիններից։ Գիբերելինների անբավարարությունը սահմանափակում է երկարօրյա բույսերի զարգացումը կարճ օրվա պայմաններում, իսկ անտեզինների պակասը դանդաղեցնում է կարճօրյա բույսերի զարգացումը»։
Չայլախյանը ծնվել է 1902 թ. ապրիլի 3-ին` Նոր Նախիջեւանում, Չայլախովների ընտանիքում: Եղբայրներից Գեւորգը հանրահայտ` հրետանու գեներալ-մայոր էր, ով պարգեւատրվել է Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշանով, որդին` Լեւոնը, հայտնի ֆիզիոլոգ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ։ Ինքը` Միքայելը, 1967-ից` ՀԽՍՀ գիտնական, վաստակավոր գործչի կոչում է ստացել, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս էր 1968-ից, իսկ 1971-ից` ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, 1985 թ. դարձել է ԽՍՀՄ ԳԱ Կ. Ա. Տիմիրյազեւի անվան մրցանակի դափնեկիր։
Միքայել Չայլախյանի հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են բույսերի աճի ու զարգացման հարցերին. բույսերի գարնայնացման, ֆոտոպարբերականության, օնտոգենեզի ընդհանուր օրինաչափությունների մշակմանը, գեներատիվ զարգացման սնուցողական եւ հորմոնային գործոնների բացահայտմանը, բույսերի ծաղկման հորմոնային տեսությանը, ֆոտոպարբերական խմբերի բույսերի ծաղկման հորմոնային ու ինքնավար կարգավորմանը։ Չայլախյանը հետազոտել է նաեւ ծաղկային մակաբույծերի եւ բույս-տերերի փոխազդեցությունը, լոբազգի բույսերի եւ խլամանրէային մանրէների համակեցությունը, աուքսինների, գիբերելինների, ցիտոկինինների, ռեդարտանտների, ինհիբիտորների աճի կարգավորիչների ֆիզիոլոգիան, ինչպես նաեւ վիտամինները։
Հետաքրքիր է նաեւ, թե ինչ կրթություն է ստացել Միքայել Չայլախյանը եւ որտե՞ղ. յոթնամյա գիմնազիական կրթություն է ստացել Նովոչերկասկում, որն ավարտել է 1920 թ., այնուհետեւ ընդունվել Դոնի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուտետ, բայց 1921 թ. ընտանիքը տեղափոխվում է Երեւան, այստեղ արդեն ընդունվում է ԵՊՀ նույն` ագրոնոմիական ֆակուլտետ, որն էլ ավարտում է 1926-ին։ 1931 թ. Լենինգրադում ընդունվում է ԽՍՀՄ ԳԱ ասպիրանտուրա` Բույսերի բիոքիմիայի ու ֆիզիոլոգիայի լաբորատորիա. գիտական ղեկավարներն էին ակադեմիկոսներ Նիկոլայ Մաքսիմովը եւ Անդրեյ Ռիխտերը։ 1934-ից ԽՍՀՄ-ում առաջին անգամ սկսում են գիտությունների թեկնածուի աստիճանի համար ատենախոսությունների պաշտպանություններ։ Կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու առաջին աշխատանքը Չայլախյանինն էր` «Բույսերի գարնանացանային ու աշնանացանային ֆիզիոլոգիական բնույթների ուսումնասիրությունը» թեմայով։ 1934 թ.` լաբորատորիայի հետ միասին, Չայլախյանը Լենինգրադից տեղափոխվում է Մոսկվա։ Լաբորատորիայի հիման վրա ստեղծվում է ԽՍՀՄ ԳԱ բույսերի ֆիզիոլոգիական ինստիտուտը, որտեղ էլ` 1935 թ., Չայլախյանը հիմնում է բույսերի աճի ու զարգացման լաբորատորիա` ղեկավարելով այն մինչեւ 1948 թ.։
Իսկ մինչ այդ` 1940 թ., ԽՍՀՄ ԳԱ գենետիկայի ինստիտուտում Չայլախյանը պաշտպանում է «Հորմոնների նշանակությունը բույսերի զարգացման ընթացքում» ատենախոսությունը եւ ֆիտոֆիզիոլոգներից` կենսաբանական գիտությունների երկրորդ դոկտորն է դառնում։
Մեծ հայրենականի տարիներին ԽՍՀՄ ԳԱ Կ. Ա. Տիմիրյազեւի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտը տարհանվում է։ Չայլախյանը տեղափոխվում է Երեւան եւ ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտում կազմակերպում բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիա, ղեկավարում`1941-46 թթ., միաժամանակ` 1941-45 թթ., ղեկավարում է գյուղատնտեսական ինստիտուտի բույսերի ֆիլիոլոգիայի ու մանրէաբանության ամբիոնը, 1941-48 թթ. ԵՊՀ բույսերի ֆիզիոլոգիայի ու անատոմիայի ամբիոնի վարիչն էր, 1943-ից` պրոֆեսոր։ Չայլախյանը մասնակցել է նաեւ ՀԽՍՀ ԳԱ մանրէաբանության ինստիտուտի, գյուխնախարարության խաղողագործության, պտղաբուծության եւ գինեգործության ինստիտուտի աշխատանքներին։ 1945 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
1948 թ. օգոստոսի 7-ին Մոսկվայում ավարտվում է Լենինի անվան գյուղատնտեսական գիտությունների համամիութենական ակադեմիայի նստաշրջանը, որը շատերի , այդ թվում եւ Չայլախյանի, վրա (հիշենք նաեւ Արմեն Թախտանջյանին) կործանարար ազդեցություն է ունենում։ Նրան ազատում են ինչպես մանկավարժական գործունեությունից, այնպես էլ ԽՍՀՄ ԳԱ բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտի` բույսերի աճի ու զարգացման լաբորատորիայի վարիչի պաշտոնից։ Բռնակալական քամիների մարումից հետո` 1953 թ., կրկին նշանակվում է բույսերի աճի ու զարգացման վերականգնված լաբորատորիայի վարիչի պաշտոնում եւ ղեկավարում մինչեւ 1988 թ.։ 1955-ին Չայլախյանը միացավ խորհրդային գիտնականների մեծ խմբին եւ ստորագրեց «Երեքհարյուրի նամակը», որը բովանդակում ու քննարկում էր հիսունականի կեսերին ԽՍՀՄ-ում կենսաբանական գիտության վիճակը, մասնավորապես` Տ. Դ. Լիսենկոյի գիտական հայացքների ու գործունեության (լիսենկովշչինա) քննադատությունը, ով այդ ժամանակ երկրի կենսաբանական գիտությունների ղեկավարներից մեկն էր եւ կուսակցական պայքար էր սկսել հատկապես գենետիկների դեմ, ու մեկը մյուսի ետեւից պաշտոններից ազատվում էին գիտության առաջադեմ ու իսկական նվիրյալները։ Հայ գիտնականներից «Նամակը» ստորագրել էին նաեւ ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, ԽՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիական լաբորատորիայի դիրեկտոր Էզրաս Հասրաթյանը, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ Ա. Ի. Ալիխանյանը, ակադեմիկոս Ա. Ի. Ալիխանովը, ակադեմիկոս Ի. Լ. Կնունյանցը, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Ս. Ն. Մերգելյանը։ Նամակը, ի վերջո, նպաստեց Լիսենկոյի պաշտոնաթողությանը, նրա հետ էլ իրենց պաշտոններից ազատվեցին համախոհներն ու հետեւորդները։ Եկավ շունչ քաշելու ժամանակը։ Շարունակվեց Չայլախյանի գիտամանկավարժական, հասարակական գործունեությունը բազում կառույցներում, գործնական ուղեւորությունները Լեհաստան, ԳԴՀ, ԳՖՀ, Հնդկաստան, Կանադա, ԱՄՆ, Չեխոսլովակիա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ավստրալիա, Բուլղարիա, Հարավսլավիա, Ֆրանսիա։
Միքայել Քրիստափորի Չայլախյանը 1963-ից Բույսերի ֆիզիոլոգիայի ամերիկյան ընկերության թղթակից-անդամ էր, 1969-ից` Գերմանական ակադեմիայի «Լեոպոլդինա» բնախույզների իսկական անդամ, Ռոստոկի համալսարանի պատվավոր դոկտոր, նույն թվականից` Ամերիկայի բուսաբանական ընկերության թղթակից-անդամ, 1975-ից` Բուլղարիայի բուսաբանական ընկերության արտասահմանյան անդամ, 1976-ից` Ծլային նյութերի միջազգային ասոցիացիայի պատվավոր անդամ, նույն թվականից` Բույսերի ֆիզիոլոգիայի հնդկական ընկերության արտասահմանյան անդամ։ Չայլախյանը նաեւ ԽՍՀՄ Բույսերի ֆիզիոլոգիայի ընկերության ստեղծման նախաձեռնողն է։ Ընտրվել է «Բույսերի ֆիզիոլոգիա», «Ժամանակակից կենսաբանության հաջողություններ», «ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի զեկույցներ» ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ։
Նոյեմբերի 30-ը մեր անվանի գիտնական Միքայել Չայլախյանի հիշատակի օրն է։ Նա վախճանվել է 1991 թ., հուղարկավորվել Մոսկվայի հայկական գերեզմանատանը։