Ելքը՝ հայկական մտածողությամբ
«Աշխարհն ապրում է անկայուն ժամանակներ, երբ տեղի են ունենում քաղաքակրթական տեղաշարժեր, ուժի համաշխարհային կենտրոնների, կենսակերպի եւ նույնիսկ առօրյա վարքագծի փոփոխություններ։ Ակնհայտ է, որ հանգիստ ժամանակները կրկին ավարտվել են, եւ եկել է սոցիալ-մշակութային փոթորկվող աղետների ժամանակը։ Պատերազմները դարձել են նորմ, դրանք սողոսկել են նույնիսկ կայուն Հին աշխարհ՝ մշտական հեղափոխական փոփոխություններ, արմատական նոր շարժումներ, պատերազմի վարման եւ խաղաղության նոր ձեւեր։ Աշխատել հիմա ոչ միայն պետք է, այլեւ անհրաժեշտ է առցանց, ապրել առցանց, պատերազմել՝ նույնպես առցանց։ Նման պայմաններում, երբ փոփոխություններն արագ են կատարվում, եւ խաղի նոր կանոններ են հաստատվում, ավանդույթի եւ պատմության նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, պատմամշակութային ժառանգության արժեքը հետին պլան է մղվում հանուն նյութական եւ տնտեսական այսրոպեական շահերի, իսկ պատմական ու մշակութային ժառանգության ոչնչացումն ինչ-որ սովորական բան է դառնում ու մեծ մասշտաբների հասնում, երբ սպառնալիքի տակ է հայտնվում անգամ փոքր հիշողությունն անցյալի նկատմամբ»,- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կայացած «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանությունն ու գործիքակազմը» կոլեկտիվ մենագրության (հեղինակներ՝ Մարտիկ Գասպարյան, Անահիտ Աստոյան, Անի Ոսկանյան, Արմեն Մարուքյան) շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Նոբելյան մրցանակի հավակնորդ, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը: Նա շեշտեց, որ միշտ ողջունել է ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի մոտեցումը՝ հետազոտություններ անցկացնելու՝ թուրքական 150-ամյա ցեղասպան մեքենայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման, կրած կորուստների փոխհատուցման գործիքների եւ գործնական առաջարկությունների մշակման նպատակով։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ողջույնի խոսքով՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության ու հասարակական գիտությունների բաժանմունքի քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Մարտիկ Գասպարյանն ընդգծեց, որ վերը նշված մարտահրավերները, անկասկած, կարող են աղետալի հետեւանքներ ունենալ մարդկության զարգացման համար: «Ատլանտիդայի մասին առասպելական պատմությունը կարող է մարգարեություն դառնալ, իսկ մարդկությունը, լիովին խզելով ժամանակների կապն ու գիտելիքների՝ սերնդեսերունդ փոխանցման հավերժական մեխանիզմը, կվերածվի մի հանրության, որը միայն անհատական նյութական հետաքրքրություններ կունենա»,- հայտարարեց Մ. Գասպարյանը՝ այդ երեւույթն անվանելով յուրահատուկ «Միջնադարի վերածնունդ»: Այս պայմաններում, ըստ նրա, հայկական ժամանակակից գիտությունը սփյուռքում ու Հայաստանում պահանջված է հիմնարար երկու ուղղություններում: Առաջինը հայագիտության (հայ ժողովրդի եւ հայոց պետականության) առջեւ ծառացած արդի աշխարհի սպառնալիքներին եւ մարտահրավերներին արձագանքներն են՝ հայկական մտածողությամբ գնահատողների, դատական փորձագետների ու այլոց տեսանկյունից: Երկրորդը երկրի լիարժեք պաշտպանունակության համար բարձր տեխնոլոգիական արտադրանքի ստեղծման նորարարական առաջընթացն է, հայկական պաշտպանական արդյունաբերության արտադրանքը համաշխարհային շուկա դուրս բերելը:
«Քննարկվող ժողովածուում դիտարկվել են մշակութային ժառանգության օբյեկտի շուկայական արժեքի հաշվարկման եւ մշակութասպանության հետեւանքով նման օբյեկտներին պատճառված վնասի հաշվարկման մեթոդները։ Ներկայացված մեթոդաբանությունն ավելի շատ գործնական բնույթ է կրում, քանի որ, օգտագործելով մեկ օբյեկտի արժեքը հաշվարկելու օրինակը, կարող ենք դիտարկել գնահատման ողջ գործընթացը։
Այս պրակտիկան կարող է հնարավորություն տալ սկսել պատմամշակութային ժառանգության բոլոր առկա օբյեկտների գնահատման գործընթացը՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին, մասնավորապես՝ հայ ժողովրդին պատկանող արժանիորեն չգնահատված կապիտալի ժամանակակից եւ խելացի կառավարման համար։ Հայ ժողովրդի համար այս գործընթացը կարող է պատմական նշանակություն ունենալ, քանի որ այն մեզ թույլ կտա հաղթահարել մեր առջեւ ծառացած երեք գլոբալ մարտահրավերներ.
1. Ապագա սերունդների համար պաշտպանել մեր տնօրինության տակ գտնվող պատմամշակութային ժառանգության օբյեկտները:
2. Սկսել արտերկրում գտնվող եւ ոչնչացման լուրջ վտանգի տակ գտնվող հայկական ժառանգության վայրերի պաշտպանությունը՝ ապահովելով պատմական ճշմարտության պահպանման գործընթացը:
3. Ձեւավորել պահանջատիրության իրավունքի տնտեսական եւ իրավական գործընթաց՝ ապօրինաբար տիրած ունեցվածքի վերադարձի, հաղթող երկրին պարտվողի կողմից պատերազմական կորուստների հատուցման եւ վնասի փոխհատուցման իրականացման մեխանիզմների ապահովման նպատակով, որը պատճառվել է հայ ժողովրդի ու հայկական ժառանգության նկատմամբ ցեղասպանության ու մշակութասպանության հետեւանքով, որոնք հանցագործություններ են մարդկության ու մարդկայնության հանդեպ»,-հայտարարեց Մ. Գասպարյանը՝ ավելացնելով, որ կատարված աշխատանքներով չի կարելի սահմանափակվել: Նա նաեւ առաջարկեց ժամանակի ընթացքում հետազոտական ծրագրի խմբում ստեղծել հարթակ՝ Հայոց ցեղասպանության վնասի հատուցման եւ փոխհատուցման նպատակով գույքագրման, հաշվառման, աուդիտի, որակական գնահատման եւ ֆինանսատնտեսական փորձաքննության համար:
Գիտակցության հաղթանակի համար
Ցավոք, մարդկության զարգացմանը զուգընթաց ավելանում է բնազդի գերիշխանությունը: Արարելու փոխարեն՝ ոչնչացում, կյանք պարգեւելու փոխարեն՝ սպանություն, մարդու իրավունքների հաստատման փոխարեն՝ ստրկական հարաբերությունների տիրապետություն: Թող չհնչի որպես սոփեստություն, սակայն այնպես է ստացվում, որ զարգացումը ոչ թե մեծացնում է գիտակցության առավելությունը, այլ, ընդհակառակը, այն ստորադասում է բնազդայինին… Մարտիկ Գասպարյանը շնորհանդեսի ընթացքում ներկայացրեց 19 կետից բաղկացած առաջարկների փաթեթ, որը կօգնի գոնե պահպանել այն, ինչը նախորդ սերունդներն արարել են նաեւ մեզ համար: Արարել են, որպեսզի դրանց միջոցով, պատկերավոր ասած, գտնենք դեպի իրենց տանող ճանապարհը, հասկանանք նրանց ապրումներն ու ձգտումները, կյանքը՝ ընդհանրապես, եւ ամենակարեւորը՝ դասեր քաղենք նրանց թե հաջողություններից եւ թե սխալներից: Եվ զսպենք բնազդի հաղթարշավը:
Ստորեւ ներկայացնում ենք այդ առաջարկները՝ հուսալով, որ այն քննարկման նյութ կդառնա նաեւ հայ ընթերցողների շրջանում:
1. Առաջարկում ենք տեղեկատվության իրավական վերլուծություն սկսել, նյութերի մշակում, մշակութային ժառանգության պաշտպանության եւ դրա համար պատիժների վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստություն, որի արդյունքները կներկայացվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
2. Առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մշակելու եւ կյանքում ներդնելու համաշխարհային արժեքների պաշտպանության կոնցեպցիա՝ միաժամանակ աշխարհի երկրների քաղաքական գործիչներին պարտավորեցնելով պարտադիր կատարել այն:
3. Ստեղծել տրիբունալ մշտական գործող կազմով եւ աշխարհի բոլոր երկրների ներկայացուցիչների անդամակցությամբ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու անձանց, որոնք նպաստում կամ չեն հակազդում որոշակի ուժերին՝ ոչնչացնելու կամ համաշխարհային հանրությունից թաքցնելու, անձամբ կամ սեփական պետության համար յուրացնելու համաշխարհային պատմության կամ համաշխարհային մշակույթի առարկաներ (օբյեկտներ):
4. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ ստեղծել քաղաքական ու ռազմական ուղղվածության իրադարձությունների զարգացումն զգալու համակարգ՝ հնարավոր պատերազմների կամ ռազմական բախումների (20-րդ դարի 60-70-ականների աֆղանա-չեխական կամ, ընդհանուր առմամբ, 21-րդ դարում՝ Արցախի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի օրինակով) կանխարգելման նպատակով:
5. Հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությամբ ստեղծել կառուցվածք, որը կհակազդի արվեստի ստեղծագործությունների ու պատմական արժեքների քրեական շրջանառությանը:
6. ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքի առաջնագծում դնել պատմական եւ մշակութային արժեքների՝ հանցավոր շուկայում իրադարձությունների մոնիտորինգի համակարգի ստեղծումը:
7. ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքը համաշխարհային արժեքների՝ հանցավոր շուկայում զարգացումների մոնիտորինգի համակարգի առումով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների լեզուներով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ալմանախներում լուսաբանելու եւ դրանք աշխարհի բոլոր երկրներում տարածելու համար:
8. Խրախուսել պետությունների եւ կրոնական դավանանքների առաջնորդներին՝ վերականգնելու պատերազմների, ռազմական հակամարտությունների, տեխնածին աղետների ու բնական երեւույթների ընթացքում կորսված, փլուզված արժեքներն ու սրբությունները:
9. Պետությունների առջեւ դնել իրավական հարցեր՝ արվեստի ստեղծագործությունները վերադարձնելու ժողովուրդներին, որոնցից դրանք խլվել են այս կամ այն ժամանակ՝ գաղութային պատերազմների ընթացքում, ինչպես նաեւ այլ պատճառներով:
10. Ստեղծել պարգեւատրման համակարգ՝ պետական պաշտոնյաներին, հասարակական գործիչներին, բիզնեսի ներկայացուցիչներին եւ անհատներին պարգեւատրելու համաշխարհային մակարդակի մշակութային եւ արվեստի օբյեկտներ գտնելու, պահպանելու գործում ջանասիրության համար:
11. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությամբ ստեղծել համաշխարհային հիմնադրամ՝ համաշխարհային մշակութային արժեքների փնտրտուքի, վերականգնման ու պահպանության նպատակով միջոցներ հավաքագրելու համար:
12. ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաեւ աշխարհի երկրների, գիտնականների ուժի ու հեղինակության միջոցով աշխատել պետությունների ղեկավար մարմինների, կրոնական դավանանքների, խոշոր բիզնեսի ղեկավարների հետ՝ կրոնական շենքերը նպատակային օգտագործելու համար:
13. ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի անցած ճակատամարտերի զինվորների գերեզմանները:
14. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությամբ ունենալ ռազմական մարմիններ, որոնք ունակ կլինեն աշխարհի ցանկացած շրջանում դիմակայել միջազգային էքստրեմիզմին ու բանդիտիզմին պատմական ու մշակութային արժեքների փրկության ոլորտում:
15. Ստեղծել կոնվենցիա, որը պատերազմող երկրների ղեկավարներին կպարտավորեցնի, չնայած իրենց ռազմական նպատակներին, ամեն կերպ աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժերին, որոնք կուղարկվեն ռազմական գործողությունների շրջաններ:
16. Սատարել Գյումրիի Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գեւորգյանի առաջարկին՝ միջազգային իրավունքի ցանկացած սուբյեկտում ունենալու մշակութային ժառանգության պաշտպանության օմբուդսմեն։
17. Նախաձեռնել տեղեկատվության իրավական վերլուծության, նյութերի մշակման եւ մեկ այլ պետության տարածքում մեկ ժողովրդի կամ ազգի մշակութային ժառանգության պաշտպանության ու պահպանության վերաբերյալ փաստաղթերի նախապատրաստություն՝ աշխատանքի արդյունքները հասցնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
18. Երկրներում մշակութային ուղղության ֆինանսավորումը հասցնել ամենաբարձր մակարդակի: Այս հարցը կարող է հաստատվել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից եւ ստանալ ԱՊՀ անդամ երկրների, ԵԱՏՄ-ի, Եվրամիության, ՄԱԿ-ի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը:
19. Երեւանում ստեղծել Տարածաշրջանի եւ աշխարհի բնիկ ժողովուրդների քաղաքակրթությունների, մշակույթների եւ կրոնների երկխոսության կենտրոն Հայաստանում ՄԱԿ-ի թանգարանի հետ եւ դրա հիման վրա անցկացնել «Քաղաքակրթությունների, մշակույթների եւ կրոնների երկխոսության պատմական փորձն ու ինտեգրալ սոցիալ-մշակութային կարգի ձեւավորումը» քաղաքակրթական ֆորում ու Արվեստի փառատոն: