Այս տարվա ընթացքում ՀՀ տարբեր մարզերում հնագիտական պեղումներ կատարվեցին, որոնց ընթացքում բացահայտվեցին պատմաճարտարապետական նոր կառույցներ, ու գտնվեցին հնագիտական արժեք ներկայացնող տարբեր նյութեր։
ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ հնագետ Արտակ Գնունու ղեկավարությամբ, ՀԱԵ Մասյացոտն թեմի նախաձեռնությամբ եւ թեմակալ Գեւորգ սրբազանի օրհնությամբ, նոյեմբերի սկզբին սկսեց Արարատի մարզի Լուսաշող համայնքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցուց պահպանված զանգակատան տարածքի պեղումները։ Արշավախմբի անդամ, հնագետ Լեւոն Մկրտչյանի տեղեկատվությամբ՝ վանական մեծ համալիրից մնացել էին զանգակատունը եւ բազմաթիվ խաչքարեր (ամբողջական եւ բեկորային վիճակում)։ Ուստի արշավախմբի առջեւ նպատակ էր դրված՝ գտնել եկեղեցին, որը նախնական տեղազննմամբ պետք է զանգակատան հյուսիսային մասում լիներ։
Հնագետն ասաց. «Մինչեւ պեղումները պեղավայրում նշմարվում էին մի քանի քարերի գագաթներ, որոնք ենթադրելի եկեղեցու հիմքերը պիտի լինեին։ Մոտ 18×12 մ չափերով պեղավայրի ուսումնասիրության հենց սկզբից առաջին մեծ անակնկալը տեղի ունեցավ։ Պարզվեց, որ հողի եւ բուսաշերտի տակից բացվում է 16×10 մ չափերով մի մոնումենտալ կառույց՝ մեկ մետրից ավելի պատերի հաստությամբ։ Եկեղեցու չորս կողմերը գրեթե ամբողջությամբ մաքրվեցին հաստ հողաշերտից, եւ պարզ դարձավ, որ այն ունի հզոր հիմք՝ ավելի մանր քարերից, որոնց բարձրությունը տեղ-տեղ հասնում է 70 սմ-ի (հիմքերը լրիվությամբ բացված չեն): Երկրորդ հետաքրքիր բացահայտումն այն էր, որ եկեղեցին ունեցել է ուղղանկյուն խորան, մի հազվագյուտ երեւույթ տարածաշրջանի համար»։ Ըստ տեղեկությունների՝ ուղղանկյուն խորանով եկեղեցիները շատ չեն, հանդիպում են Հայաստանի որոշ վայրերում, հատկապես՝ Սյունիքում եւ Արցախում։ Այսպիսով՝ պարզվել է՝ Լուսաշող գյուղի տարածքում առկա է եղել վանական համալիր։ Այս վարկածի օգտին են նաեւ եկեղեցու հյուսիսային մասում բացված տնտեսական հորը եւ տարբեր չափերի տարողունակ խեցամանների բեկորները։ Լեւոն Մկրտչյանը նշեց նաեւ. «Առանձին հետաքրքրություն է ներկայացնում լավ պահպանված այդ հորը, որը կազմված է բավական գեղեցիկ մշակված քարե ծածկից եւ կափարիչից։ Հորը լցված է հողով, սակայն ազատ մասերում երեւում է, որ ծեփապատ է։ Հորից հանված հողից վերցվել է փորձանմուշ՝ պարունակությունը պարզելու համար»։
Այս կարեւոր բացահայտումներն արվել են կարճ ժամանակահատվածում՝ հնագետների փոքր թիմով։ Պարզվել է՝ հնագետները գործ ունեն նոր հետաքրքիր հնավայրի հետ, որի ուսումնասիրությունը կշարունակվի արդեն 2022 թ.։ Վերջերս հնագետները՝ Լեւոն Մկրտչյանի ղեկավարությամբ, պեղումներ էին իրականացնում արդեն Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի արտաքին մասում։ Աշխատանքի ընթացքում հանդիպեցի հնագետներին։ Օր առաջ պեղումներից բացվել էր եկեղեցու գաղտնարան-զետեղարանը, որտեղից գտնվել էին եկեղեցական խեցեղեն սպասք եւ պղնձե մոմակալ։ Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչվում է նաեւ Փոքր Մարինե։ Քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցուց ոչ հեռու է՝ դեպի արեւելք։ Եռանավ բազիլիկ եւ գմբեթավոր, ներքուստ եւ արտաքուստ խաչաձեւ ու քառախորան եկեղեցին, ըստ հատակագծային առանձնահատկությունների, պատուհանների չափերի, բացվածքների՝ կառուցվել է 4-6-րդ դարերում։ Եկեղեցում պահպանվել են բազիլիկին բնորոշ արտաքին սրահների մնացորդներ, եռակենտրոն կամարներ ու թաղեր։ Կառույցն ունի 2 մուտք՝ հյուսիսից ու արեւմուտքից։ Եկեղեցու հատակագծային հորինվածքը խաչաձեւ է, աչքի է ընկնում իր տարբեր խորության խաչթեւերով։ Խորաններում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Դրանց արեւելյան պատերում կան մեկական խորաձեւ, կիսաբոլորակ որմնախորշեր, արեւելյան խաչթեւը գմբեթարդային է, իսկ մյուսները թաղային ծածկերով են, արեւմտյան թեւը երկար է, շրջապատված է եղել 4-5-րդ դարերին բնորոշ սյունասրահով։ Եկեղեցու հյուսիսային խորանը դրված է կողմնային խոյակների վրա եւ ունի պայտաձեւ տեսք, իսկ մյուս երեքն ունեն կիսաշրջանի տեսք։
Եկեղեցու տարածքում պահպանվել են հնադարյան խաչքարեր, տապանաքարեր, սյուների խոյակներ եւ այլ հուշարձաններ։ Տեղում զրուցեցի հնագետ Լ. Մկրտչյանի հետ։ Տեղեկացրեց՝ եկեղեցու տարածքում պեղումներն սկսել են դեռեւս 2019-ին։ Աշխատանքներն իրականացվում են արթիկցի անհատների նախաձեռնությամբ ու օժանդակությամբ։ Նույն անձինք որոշել են նաեւ օժանդակել, որ եկեղեցին վերակառուցվի։ Լեւոնին օգնում էին հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիկ Վարդանյանը, բանվորներ։ Այցի ընթացքում պեղումնավայրում էին նաեւ արթիկցիներ, ովքեր ասացին՝ այս եկեղեցին իրենք միշտ նույն վիճակում են տեսել՝ կիսաքանդ։ Վերջնական փլուզումից խուսափելու համար հյուսիսային պատն ամրացրել էին գերաններով, որոնք պեղումների ընթացքում ապամոնտաժվել են։ Պեղումներից գտնվել են նաեւ շիրմաքարերի բեկորներ։ Լ. Մկրտչյանը տեղեկացրեց՝ պեղումների ավարտից հետո բացված մարդկային տարբեր ոսկորները տեր Սողոմոնի կողմից հոգեւոր կարգով թաղվել են։
Արթիկ այցի օրվա ընթացքում եղանք նաեւ Լմբատավանքում։ Սրբավայրը Արթիկ քաղաքից 1.5-2 կմ հարավ-արեւմուտք է, բարձունքի լանջին՝ Լմպատ թաղամասում: Տեղի բնակիչները տարբեր կերպ են անվանել Լմբատավանքը՝ Լմպատի վանք, Կարմիր վանք, Հրաշագործ վանք, Ս. Ստեփանոս եկեղեցի: Լմբատավանքի վանական համալիրում պահպանվել է միայն Ս. Ստեփանոս եկեղեցին: Մոմ վաճառող կինը եւ մեկ այլ տարեց կին հպարտությամբ էին խոսում իրենց սրբավայրի մասին, որ կատարվում են այստեղ այցելող ուխտավորների երազանքները։ Ասացին՝ նաեւ խորհրդային տարիներին է այստեղ մեծ եղել ուխտավորների հոսքը։ Այսօր էլ շատ են ուխտավորները՝ տարբեր վայրերից, սակայն առավել շատ են հենց տեղացիները։ Մեր այցի ժամանակ դպրոցականների խումբ եկավ. ավագ տարիքի դպրոցականներ էին։ Հոկտեմբերի առաջին շաբաթ օրը նշվում է եկեղեցու ուխտը: Մայր Աթոռից Լմբատավանք են բերում Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքը, որով էլ կատարում են Անդաստանի ծեսը եւ մատաղ անում: Ըստ Թորոս Թորամանյանի՝ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, չնայած սրբատան վրա եղած մի քանի արձանագրություններում չկա նշում հիմնադրման մասին։ Եկեղեցին հարուստ է նաեւ հետաքրքիր որմնանկարներով, որոնք պահպանվել են ավագ խորանի գմբեթարդում եւ դրան հարող արեւելյան ու արեւմտյան պատերին: Եկեղեցու տարածքում պահպանվել են հնադարյան կառույցների հիմքեր, պատեր, ինչպես նաեւ՝ շիրմաքարեր։ Սա խոսում է այն մասին, որ տարածքում հզոր վանական համալիր է եղել՝ շրջապատված պարսպով։ Պահպանվել են նաեւ պարսպի հիմքերը։