Արցախի սրտում այսօր կղզիացած մեր Շուշին վերստին օտարացել է, ինչպես եղավ 18-րդ դարակեսին: Վարանդայի երբեմնի հզոր Մելիք-Շահնազարյաններից Մելիք-Հուսեինը, ով հարկ չէր տալիս նույնիսկ Նադիր շահին, թողեց վատ ժառանգորդ՝ Մելիք Շահնազար Երկրորդին, ում մայրը թուրք էր:
1744 թ., հոր մահից հետո, Վարանդայի տիրակալ է նշանակվել Մելիք-Հուսեյնի ավագ որդի Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեյն էին անվանում։ Նա Խաչենի Հասան-Ջալալյանների տան փեսան էր։ Նրա կրտսեր եղբայր Մելիք-Շահնազար 2-րդը, օգտվելով Իրանի գահակալական կռիվներից, սպանել է եղբորը, կոտորել նրա ընտանիքը եւ իրեն հռչակել Վարանդայի մելիք։ Րաֆֆին գրում է. «Մելիք-Հովսեփը եւ Մելիք-Շահնազարը խորթ եղբայրներ էին, Հովսեփը ծնված էր Մելիք-Հուսեինի Աննա-խաթուն անունով կնոջից, որը Դիզակի իշխան Մելիք-Ավանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրախանումից, որը Նախիջեւանի խանի աղջիկն էր, ազգով թուրք։ Մելիք-Հուսեինը նրան իբրեւ գերի բերեց Նախիջեւանից, հետո ամուսնացավ նրա հետ»: Եղբորն սպանելու համար Արցախի մնացած մելիքները փորձում են պատժել Մելիք-Շահնազար Երկրորդին: Վարանդայի մելիքը դիմում է Փանահ խանի օգնությանը, նրան հպատակվում եւ հավատարմության երդում է տալիս եւ նրա աջակցությամբ ազատվում մելիքների պատժից։ Ապա իր աղջկան՝ Հուրզադ խանումին, կնության է տալիս Փանահի որդի Իբրահիմ խանին, նրանց նվիրում Արցախի անառիկ բերդաքաղաք Շուշին։ Այսպես անեծք իջավ Մելիք-Շահնազարյանների տոհմի վրա, անիծվեց նաեւ հայոց բերդավանը:
1992 թ., մինչ Շուշիի ազատագրումը, Բերդաձորի ջոկատի տղաների հետ Ավետարանոցում էինք, սպասում էինք Շուշիի ազատագրման մարտական գործողություններին: Ազատ ժամերին շրջում էի Ավետարանոցում: Ավերակ վիճակում էր Մելիք-Շահնազարյանների տոհմի գերեզմանատունը: Բնակիչներն ասացին՝ դավաճաններ են, դրա համար է այդ վիճակում: 19-րդ դարում նույն Շուշի ամրոցում տեղակայվեցին ռուսական զորքերը, ինչը հնարավորություն տվեց նաեւ ամրոցի իսկական տիրոջը՝ հային, վերադառնալ իր տուն: Ու հզորացավ մեր քաղաքը, դարձավ հայոց մշակութային կենտրոն ամբողջ Անդրկովկասում: 20-րդ դարի առաջին կեսին Շուշին վերստին ենթարկվեց օտարի հարձակումներին: 1920 թ. մարտի 22-26-ին Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող` Արցախում բնակվող թուրքերի (թաթարներ) եւ քրդական առանձին խմբավորումների կողմից տեղի ունեցավ Շուշի քաղաքի հայ բնակչության կոտորած, տեղահանություն: Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց, սպանվեց ավելի քան 20.000 հայ: Սակայն հետագա տարիներին, մինչեւ Արցախյան 1988 թ. շարժումը, թուրքերի հետ Շուշիում բնակվում էին նաեւ հայերը: 1988 թ. տեղի ունեցավ քաղաքի հերթական հայաթափումն արդեն խորհրդային իշխանությունների աջակցությամբ:
1992 թ. մայիսի 8-9-ին «սրբագրեցինք» Շուշիի անեծքը, եւ բերդաքաղաքի ազատագրումը կմնա մեր պատմության փառավոր էջերից մեկը: Հպարտ էինք ու ազատագրված տարիներին շենացնում էինք հայոց բերդաքաղաքը, գեղեցկացնում: Այն դարձել էր մեր հպարտությունը, ռազմական հաղթանակի խորհրդանիշ: «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը նաեւ օտարներին էր զարմացրել: 28 տարի անընդհատ մայիսի 8-9-ին տոնում էինք Եռատոնը՝ Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը եւ Արցախի պաշտպանական բանակի ստեղծումը: Թվում էր՝ վերջ. ունենք ազատագրված Արցախի Հանրապետություն՝ սահմանադրությամբ ամրագրված սահմաններով, պաշտպանական հզոր բանակ: Ընդհանրապես` մայիսը հայոց հաղթանակների ամիս էինք հռչակել: Շուշիի ազատագրումից 10 օր անց թուրքը փախավ նաեւ Լաչին-Բերձորից, եւ բացվեց Արցախ-Մայր հայրենիք կյանքի ճանապարհը, կայացավ 1988-ի մեր պահանջը՝ Միացումը:
Մի քանի անգամ թշնամու տիրապետության տակ անցած մեր բերդաքաղաքը հայացել էր, հիմնանորոգվեցին հայոց սրբատները՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչն ու Կանաչ ժամը: Չմոռացանք նաեւ մահմեդական մզկիթի մասին: Սակայն Շուշիի անեծքը դեռ մնում է, այն թոթափելու համար պետք է ազգովի ապաշխարենք: 2020 թ. նոյեմբերի 9-ը Հայոց նոր պատմության սեւ էջերից է: Թշնամին տիրացավ Շուշիին, հերոս բնակավայր Քարինտակին: Ու մեծ անելիք թողեցինք ապագա սերունդներին՝ վերստին ազատագրել Շուշին, Քաշաթաղն ու Քարվաճառը, Հադրութը, որը երբեք չէր եղել թշնամու տիրապետության տակ, Վարանդայի հզոր մելիքանիստ Ավետարանոցը, որտեղ հաճախ է թշնամին կորուստներ տվել ու հետ շպրտվել հայոց հողից:
Այս օրերին ազգովի նշենք Շուշիի ազատագրման 29-ամյակը եւ հավատով նայենք ապագային: Այսօր Ալիեւը նոր աշխատանքներ է իրագործում բերդաքաղաքում, հավատում եմ՝ մենք ենք օգտվելու դրանից: Քանդել են Կանաչ ժամը, բայց հայոց հոգեւոր ուժը շենքի մեջ չէ, հողում է: Խեղաթյուրում են Սուրբ Ամենափրկիչը: 1992-ին այն ազատագրեցինք ավերված վիճակում ու վերականգնեցինք: Նորից կվերականգնենք նախկին տեսքով: Կարեւորը հողն է ու մեր հավատը, սերը դեպի հայրենիք…