«188… տարվան Բարեկենդանի օր մ՚ էր։ Բերայի փողոցաց մեջ տարօրինակ շարժում կար։ Անհամար դիմակներ խումբ-խումբ կանցնեին զիրար ընդհարկանելով, իրարու գրգռիչ խոսքեր ուղղելով, խնդալով, գլորելով, երգելով, ճիչեր արձակելով։ Բարեկենդանը կարծես մասնավորապես կարգադրված է ի սփոփանս ընկերային խոնարհագույն դասուց, որպեսզի իրենց աննպաստ վիճակը ճանաչելով՝ անոնք ջանադիր լինին ուրանալու զայն, պահվելով վայրիկ մի այլ եւ այլ զգեստուց ներքեւ, եւ առժամանակյա տարբեր վիճակ մի փոխ առնելով՝ ուրիշ անձնավորություն մի ձեւանան, եւ այսպես իրենց աղքատությունն ու դժբախտությունը մոռնան կեղծ երանության դիմակին ներքեւ։ Ուստի Բարեկենդանի նյութական կատակերգության մեջ բարոյականի կատակերգություն մ՛ալ կը գոյանա, այնչափ մարդիկ իրենց եղածեն այլ եւ այլ տարբեր երեւույթներ կը ներկայեն»:
Սրբուհի Տյուսաբ
Սրբուհի Տյուսաբը առաջին հայ վիպասանուհին ու ֆեմինիստուհին է. ծնված լինելով 1841 թ.` Օսմանյան կայսրությունում, ապրելով այդ միջավայրում, լինելով կին եւ ստեղծագործելով, բացում է մտածողական հատկանիշներ, որ չափազանց համարձակ էին թե՛ միջավայրի, թե՛ ժամանակի համար, մինչդեռ Եվրոպայում ու Ռուսաստանում արդեն իսկ արծարծվում էին հարցեր, որոնք հուզում էին եւ հայ կնոջը։ Այդ նույն հարցերը բարձրացնում էին թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, բայց քննադատության էր արժանանում հատկապես կնոջ գրչի նյութը։ Արդեն հրապարակվել էր Տոլստոյի «Աննա Կարենինան», տպվում էին Ժորժ Սանդի, Շառլոթ Բրոնտեի վեպերը։ Եվրոպական կրթություն ստացած Տյուսաբը չէր զիջում գրչընկերներին հասարակությունը կատարյալ ու բարոյական տեսնելու մտածողությամբ։ Արձագանքները հակասական էին ամենուր. Շառլ Բոդլերը Սանդի մասին ոչ ավելի, ոչ պակաս գրում է. «Նա հիմար, ծանրաքաշ եւ շաղակրատ կին է։ Բարոյականության վերաբերյալ նրա գաղափարները նույն խորությունն ունեն, ինչ որ հավաքարարի զգացմունքները դատավճռի կամ նրբության վերաբերյալ…»: Ֆլոբերն ու Բալզակն այլ կարծիքի էին. Սանդին քննադատողներին Բալզակը համարում է անհամարժեք։ Այդպես էլ հայ գրողներից ոմանք, այդ թվում եւ Գ. Զոհրապը, սուր քննադատություններով ընդունեցին Տյուսաբի ֆեմինիստական հայացքները, իսկ Եղիա Տեմիրճիպաշյանը, Գր. Չիլինկիրյանը, Մ. Մամուրյանը, Մ. Պեշիկթաշլյանը` հակառակը, խրախուսում էին նրան։
Սրբուհին` օրիորդական ազգանունը` Վահանյան, նախնական կրթություն է ստացել Կ. Պոլսի Միջագյուղի ֆրանսիական դպրոցում, այնուհետեւ կրթությունը շարունակել եղբոր՝ քիմիկոս ու պետական բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Վահանի մոտ, լրացնելով ֆրանսերենի ուսումնառությունը, դրա հետ մեկտեղ սովորել նաեւ բնական գիտություններ, պատմություն եւ այլն։ 1869 թ. մեկնել է Փարիզ, շփվել ժամանակի մտավորականների` ֆրանսիացի հայտնի խմբագիր Ժյուլյետ Ադանի, կոմպոզիտոր Շառլ Գունոյի, Ամպրուազ Թոմայի եւ այլոց հետ։ 1891 թ. վերադարձել է Կ. Պոլիս։ Հայերեն սովորել է Մկրտիչ Պեշիկթաշլյանից, եւ, գուցե, հենց մայրենիի հանդեպ սերն էլ նրանց միջեւ փոխադարձ զգացմունքներ է ծնել։
Սրբուհու հայրը մահացել է, երբ նա ընդամենը մեկ տարեկան էր, մայրը` Նազլը Վահանը զբաղվում էր հասարակական գործունեությամբ, եւ երբ նա 1864 թ. հիմնում է Աղքատախնամ տիկնանց ընկերությունը եւ դառնում նրա ատենապետուհին, Սրբուհին՝ որպես օգնական ատենադպիր, աջակցում է մորը, մասնակցում տարբեր միջոցառումների կազմակերպմանը։ Հետագայում եւս Սրբուհին շարունակում է հասարակական բազմազան գործունեությունը, իսկ 1880 թ. մայիսից Դպրոցասեր հայուհյաց ընկերության ընդհանուր ժողովի ատենապետն էր։ «Դպրոցասերի» պատվավոր անդամ էր նաեւ մեծն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: Բացի մորից, Սրբուհին նաեւ ամուսնու` իր երաժշտության ուսուցիչ, ֆրանսիացի դաշնակահար Պոլ Տյուսաբի հետ էր մշակութային միջավայր ապահովում. նրանց եվրոպական ոճի սալոն էին այցելում Պոլսի հայ եւ եվրոպացի մտավորականներն ու արվեստագետները, ազատական հայացքների տեր հանրային գործիչներ:
Շփվելով հասարա կական տարբեր խավերի հետ, շատ լավ ճանաչելով հասարակության հոգեբանությունը եւ խնդիրները, որպես մտածող, նրբամիտ ստեղծագործող, Տյուսաբը չէր կարող չարձագանքել այն երեւույթներին, որ խոչընդոտում էին հասարակության զարգացմանն ու առողջացմանը։ Ի՞նչ էր, վերջապես, ֆեմինիզմ կոչվածը, որ այնքան հակասական արձագանքների էր արժանանում անգամ մտավոր, թվում է, թե ազատամիտ, վերնախավի կողմից։ Հարցին պատասխանելու համար բավական է հիշել դրա սահմանումը. «Ֆեմինիզմը քաղաքական եւ սոցիալական շարժումների եւ գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել եւ հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական եւ սոցիալական իրավունքների։ Ֆեմինիստական շարժման կարեւոր նպատակներից է կանանց համար կրթական եւ մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին»։
Մեր օրերում այս պահանջներն այլեւս արտառոց չեն հնչում, թեեւ ֆեմինիստական պայքարը դեռ շարունակվում է։ Կնոջը տալ «տղամարդուն հավասար իրավունքներն» էր, որ արժանանում էր խիստ դիմադրության, իսկ այն ոչ այլ ինչ է, քան հասարակության բարոյական առողջացում։ Սերը ազատել կապանքներից, նշանակում է սերը ազատել նախ` բռնությունից, այնուհետեւ հաշվենկատությունից եւ հետո` դրանց հետեւանքներից։ Ընտանիքում շատ մեծ ու որոշիչ է կնոջ դերը, ու եթե նա կաշկանդված է իր դերում, դժվար է խոսել այդ ընտանիքի երջանկության մասին. չէ որ երեխաների կրթության ու դաստիարակության խնդիրը հիմնականում կնոջ ուսերին է, իսկ ի՞նչ կարող է տալ մի անգրագետ կնոջ կրթություն ու դաստիարակություն իր զավակներին, ովքեր հասարակության ապագա զինվորներն ու գործիչներն են, հասարակության հենասյունը։ Կանայք, որ բռնությունների են ենթարկվում ընտանիքում, արդյոք, կարո՞ղ են դրական օրինակ լինել թե՛ սեփական զավակների, թե՛ միջավայրի համար։ Բռնության հանդեպ հնազանդությունը ծնում է նոր բռնություններ, հաշտվողականություն, ծառայամտություն, երեսպաշտություն. նման հասարակության մեջ, որպիսին կնոջ զգացմունքների արհամարհումն է, ստորակարգումը` արտաքին պատշաճության կեղծ դրսեւորումներով, հանգեցնում է հասարակության անբարոյության, ինչպես որ այդպիսի հասարակության պատկերը հիանալի ներկայացնում է Տոլստոյը «Աննա Կարենինայում», որի հերոսուհին նույնպես պայքարում է ազատ սիրո համար` չընդունելով հասարակության թելադրած «պատշաճության» խաղի կանոնները, եւ, պարտվելով այդ «խաղի կանոններին», դիմում ծայրահեղ քայլի` ինքնասպանության, քանզի ապականված միջավայրում ապրելը դառնում է անհնար ու անիմաստ։
Տյուսաբը նույնպես բռնել էր ժամանակի զարկերակը. հասարակության մեջ տղամարդու եւ կնոջ միջեւ խտրականությունը այլեւս հանդուրժելի չէր, քանզի հասարակությունը լճանում էր զանազան ախտերի մեջ. հարկավոր էր թարմ օդ ներարկել: Լավագույն ձեւերից մեկն էլ գեղարվեստական գրականությունն էր, որի պատկերավոր արտահայտությամբ առավել համոզիչ էին դառնում ժամանակի գույներն ու խտացումները, իսկ արձակի վիպական տեսակը թույլ էր տալիս առավել խոր ու ընդարձակ ուսումնասիրել կերպարներն ու նրանց հարաբերությունները եւ դրանց հայելային անդրադարձը հասարակական կյանքի վրա։ Տյուսաբը վստահ էր, որ «Գրիչը ճշմարտության գործիքն ըլլալու է. ինչ փույթ եթե հալածվի եւ դատապարտվի», իսկ նրա գրիչը ոչ միայն ճշմարտության գործիքն էր, այլեւ գեղարվեստի, որին նա տիրապետում էր հիանալի ու դիպուկ եւ մի նախադասությամբ կարող էր ողջ փիլիսոփայական շտեմարանի դուռ բացել, ինչպես որ` «Թույներից լավ դեղեր են պատրաստում, բայց թույների շնորհիվ չէ, որ մենք ապրում ենք»: