«Մեր միակ նպատակն է ապահովել, որ Թուրքիան մեր կողքին մնա մինչեւ պատերազմի ավարտը։ Կարեւոր չէ՝ հայերը դրանից կկործանվեն, թե ոչ».
Կանցլեր Ֆոն Բեթման-Հոլվեգ
«Աստված մեռած է, բայց մարդկանց բնույթն այնպիսին է, որ, թերեւս, դեռ հարյուրամյակներ շարունակ գոյություն կունենան անձավներ, որտեղ ցույց կտան նրա ստվերը».
Ֆ. Նիցշե
Չեմ ուզում խորանալ Նիցշեի փիլիսոփայական հայացքների ու Աստծու հանդեպ նրա վերաբերմունքի մեջ, քանզի խոսքն այդ մասին չէ, այլ «Աստված մեռած է» արտահայտության, որ տեղին եմ համարում օգտագործել խնդրո առարկայի վերաբերյալ, եւ այն, որ դեռ երկար պիտի փնտրենք Աստծու ստվերը` հուսալով ապավինել նրա գթասրտությանը… Այո, կարող եմ պնդել Նիցշեի խոսքերը եւ հաստատել, որ «Աստված մեռած է», իսկ նա մեռավ այն ժամանակ, երբ պատմության թատերաբեմին հայտնվեց թուրքի տեսակը ու աշխարհին թելադրեց իր ճիվաղային քաղաքականությունը` անամոթաբար ցուցադրելով մարդկային էությունից զուրկ բարբարոսական կերպարը։ Թերթելով պատմության էջերը, խորանալով իրադարձությունների բնույթի ու ծավալի մեջ՝ առավել համոզիչ է դառնում «Պատմությունը կերտում են անհատները» արտահայտությունը` դրական թե բացասական իմաստով, նայած անհատի տեսակին ու նպատակին` լինի զորավար, միապետ, ազգի նվիրյալ, թե կամազուրկ առաջնորդ ու վախկոտ դավաճան. ժողովուրդների բախտը հաճախ կախված է անհատներից ու նրանց գործունեությունից, եւ մեկ անգամ չէ, որ պատմությունն ապացուցել է դա, ու վկա ենք եղել այդ փաստին։ Մի բան է, երբ առաջնորդության ղեկն է անհատի ձեռքին` ամեն տեսակ լծակներով, այլ բան, երբ անհատը, առանց որեւէ ազդեցիկ լծակների, փորձում է սրբագրել իրադրությունը` ջանք ու եռանդ չխնայելով, կանխավ գիտակցելով այդ գործում ընդամենը իր «փոքրիկ» դերակատարությունը, բայց եւ չընկրկելով ու հավատալով «փոքրիկ» գործերի շղթայական հաջողությանը։
Այդպիսին էր, թերեւս, գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական, արեւելագետ, մարդասեր Յոհաննես Լեփսիուսի անհավանական գործունեության դերակատարությունն Առաջին համաշխարհայինի ու Հայոց ցեղասպանության արյունալի թատերաբեմում, երբ գերմանա-թուրքական բարբարոս ծրագրի իրագործման պայմաններում բարձրաձայնում էր Հայոց ցեղասպանությունը կանխելու մասին եւ իր պետության առջեւ բարձրացնում հայոց պաշտպանության խնդրի անհրաժեշտությունը՝ շատ լավ իմանալով դրա հնարավոր, իր համար ոչ նպաստավոր հետեւանքները։
Յոհաննես Լեփսիուսը ծնվել է 1858 թ. դեկտեմբերի 15-ին` գերմանական Պոտսդամ քաղաքում, հայտնի եգիպտագետ, բողոքական հոգեւորական Կառլ Ռիխարդ Լեփսիուսի եւ գրող, գրավաճառ Ֆրիդրիխ Նիկոլայի ծոռան` Էլիզաբեթի ընտանիքում։ Յոհաննեսը նրանց կրտսեր որդին էր, հաճախ էր ներկա լինում ընտանիքում ժամանակի այնպիսի նշանավոր մարդկանց հյուրընկալությանը, ինչպես Գրիմ եղբայրները, Ալեքսանդր եւ Վիլհելմ ֆոն Հումբոլդտ եղբայրները, միջավայր, որտեղ շոշափվում էին ոչ միայն գրական-փիլիսոփայական, գիտական, այլեւ հասարակական հարցեր։ Մասնավորապես` Վիլհելմ Հումբոլդտը պատմության նպատակը համարում էր «մարդասիրական» գաղափարի իրականացումը` պետության գործունեության սահմանները պայմանավորելով անհատի ու ազգի ազատ, ներքին ինքնազարգացմամբ, իսկ պետության խնդիրն էր արտաքին սահմանների պաշտպանությունը եւ ներքին կարգուկանոնի ապահովումը։ Ապրելով բարեկիրթ միջավայրում եւ դաստիարակված լինելով մարդասիրական գաղափարներով՝ Լեփսիուսը չէր կարող անտարբեր ընդունել Առաջին համաշխարհայինի բերած արհավիրքները, մասնավորապես` մի ողջ ժողովրդի հանդեպ թուրք-գերմանական համերաշխությամբ կնքված ցեղասպան քաղաքականությունը եւ չլուսաբանել ու չդատապարտել այն։ Հայկական հարցով Լեփսիուսն զբաղվել է ամենայն նախանձախնդրությամբ ու հետեւողականությամբ։ Այն, ինչ եռանդով ցայսօր ժխտում են թուրքական իշխանությունները, բավական են հենց միայն Լեփսիուսի զեկույցները, երկերն ու դիվանը (պատմական փաստաթղթերի ժողովածու), որ անտեղյակները կամ անտեղյակ ձեւացողները համոզվեն հայ ժողովրդի հանդեպ թուրքական եղեռնագործությունների եւ նրանց հովանավոր գերմանական վերնախավի անտարբերության ու թողտվության մեջ։
Թուրքիայում կատարվող եղեռնագործությունների հանդեպ Լեփսիուսի մարդկային հուզմունքը, մտահոգությունն ու զայրույթն այնքան մեծ էին, որ նա չէր երկնչում սեփական իշխանությունների դեմքին շպրտել «Բարձր դռան ստրուկներ» (երիտթուրքական կառավարության) արտահայտությունը։ Արտաքին գործերի նախարարությունն անվրդով էր արձագանքում նսեմացուցիչ մեղադրանքին՝ հայտարարելով, թե հայերին պետք է դիտարկել որպես թշնամու կողմից աջակցվող «խռովարարների»։ Իսկ այդ «խռովարարների» զանգվածային ջարդերն սկսվել էին դեռ Աբդուլ Համիդ Բ սուլթանի իշխանության օրոք` 1894-ից, ինչի մասին տեղեկանալով՝ գերմանական բողոքական դպրոցի ուսուցիչ եւ գերմանական համայնքի քարոզչի օգնական Լեփսիուսը հրաժարվեց իր պաշտոնից ու թոշակի իրավունքից։ 1896 թ. նա ընկերների հետ հիմնեց Հայաստանի օգնության գերմանական բարեգործական հիմնադրամ եւ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով որոշեց ուղեւորվել հայաբնակ վայրեր։ Արեւմտյան Հայաստանում շրջելու համար ծպտվեց որպես գորգավաճառ. նրան ուղեկցում էր գերմանահայ հասարակական գործիչ Ջեյմս Գրինֆիլդը։ Նպատակը ջարդերի մասին ականատեսների վկայություններ հավաքելն ու հայերին հնարավոր օգնություն ցույց տալն էր։ Փաստերը ցնցող էին։
Վերադառնալով Գերմանիա՝ Լեփսիուսը փորձում է հանրային դասախոսությունների միջոցով հասարակությանն իրազեկել հայերի հանդեպ սանձազերծված անպատմելի սպանդի ու ոճրագործությունների մասին։ Ավելին՝ Բեռլինում լույս տեսնող «Der Reichsbote» թերթը 1896 թ. օգոստոսի 12-ին տպագրում է «Ճշմարտությունը Հայաստանի մասին» հոդվածաշարի (18 հոդված) առաջին մասը։ Շուտով շարքը հրատարակվում է նաեւ որպես գիրք՝ «Հայաստան եւ Եվրոպա. մեղադրական եզրակացություն ընդդեմ քրիստոնյա գերտերությունների եւ կոչ քրիստոնյա Գերմանիային» վերնագրով, որն առաջին իսկ տարում յոթ անգամ վերահրատարակվում է, թարգմանվում մի քանի լեզվով, այդ թվում` անգլերեն ու ֆրանսերեն` հայության ճակատագիրը պահելով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Ֆրանց Վերֆելը, առանց չափազանցության, Լեփսիուսին համարում է «հայության պահապան հրեշտակ»։ Ու թեեւ գերմանական իշխանությունները լուրջ հակազդեցություն էին ցուցաբերում թուրքական եղեռնագործությունները դատապարտող ցանկացած գործողության դեմ, այնուամենայնիվ, Լեփսիուսին հաջողվում է ոչ միայն Հայաստանի օգնության բարեգործական հիմնադրամ կազմակերպել Գերմանիայում, որի բեռլինյան մասնաճյուղի քարտուղարն էր, այլեւ 1900-ականներին Գերմանական արեւելյան առաքելության միջոցով Օսմանյան կայսրության ծայրամասերում հայերի եւ այլ քրիստոնյա փախստականների համար կառուցել դպրոցներ, արհեստանոցներ ու հիվանդանոցներ՝ դառնալով նպաստամատույց մեծ կազմակերպություն։
1914 թ. հունիսին Լեփսիուսը հիմնադրեց նաեւ Գերմանա-հայկական ընկերությունը ու այն ղեկավարեց մինչեւ մահ։ Երբ սկսվեցին 1915 թ. եղեռնագործությունները, Լեփսիուսը նույն թվականի օգոստոսի 10-ին հանդիպեց երիտթուրք պարագլուխներից Էնվեր փաշայի հետ` փորձելով նրան համոզել, որ հայության բռնի տեղահանությունը տնտեսական մեծ վնաս կարող է հասցնել Օսմանյան կայսրության արեւելյան շրջաններին, սակայն Էնվերը դա դիտարկեց որպես պետության ներքին գործերին միջամտության քայլ։ Լեփսիուսը, սակայն, չէր ընկրկում ո՛չ թուրքական, ո՛չ էլ գերմանական վերնախավերի առջեւ իր բարձրացրած հարցերի հանդեպ անտարբեր, ավելին` արհամարհական վերաբերմունքի առջեւ։ Թուրքիայում հայերի կացության վերաբերյալ 1916 թ. տպագրված զեկույցի 25 հազար օրինակները, որ կրում էին «Տպագրված ձեռագիր. հույժ գաղտնի» մակագրությունը, նա անմիջապես ուղարկեց Ռայխստագի եւ Վյուրտեմբերգի Լանդտագի անդամներին, բողոքական հոգեւորականությանը, համապետական, տեղական պարբերականների բազմաթիվ գլխավոր խմբագիրների, իսկ երբ օգոստոսի 7-ին ներքին գործերի նախարարությունն արգելեց զեկույցի տպագրությունն ու տարածումը` բռնագրավելով մնացած օրինակները, այն արդեն հասանելի էր հանրությանը։ Պատժից խուսափելու համար Լեփսիուսն ստիպված էր տեղափոխվել չեզոք Նիդեռլանդներ։ Իր պայքարին զինվորագրված Յոհաննես Լեփսիուսին չէր ընկճում ոչ մի բան` ո՛չ առողջական վիճակը, ո՛չ էլ հարկադիր վտարանդիությունը։ Նրա հայանպաստ դերը նշանակալի էր նաեւ Սողոմոն Թեհլիրյանի հայտնի դատավարության ժամանակ։ Լեփսիուսը Թեհլիրյանի փաստաբաններին աջակցում էր խորհրդատվությամբ, իսկ ինքը դատարանում ելույթ ունեցավ որպես փորձագետ-վկա։ Թալեաթի մեղսակցությունը ցեղասպանության իրականացման հարցում նա հիմնավորեց՝ վկայակոչելով 1919 թ. իր հրապարակած դիվանագիտական փաստաթղթերը եւ ներկայացնելով Թալեաթի ստորագրությամբ հղված հեռագրերը։
Իրավունքի պատմության մեջ առաջին անգամ պետական դատարանի առջեւ անուղղակիորեն խնդիր դրվեց վճիռ կայացնել առավելապես այլ սուվերեն պետության տարածքում գործված ցեղասպանության եւ ոչ թե բուն սպանության հանգամանքների շուրջ։ Ու թեեւ դատավճիռն արձակվեց բժշկական արձանագրության հիման վրա` նկատի ունենալով տվյալ պահի` Թեհլիրյանի ոչ լրիվ գործունակությունը, առանց Լեփսիուսի վերոհիշյալ վկայակոչության հանգամանքի, հազիվ թե դատարանը փորձեր նման կերպ մանեւրել։ Լեփսիուսն իր հայանպաստ գործունեությունը շարունակեց անգամ Հայաստանի խորհրդայնացումից հետո` հայ որբերին ու փախստականներին ուղարկելով Գերմանա-հայկական ընկերության հայթայթած դեղորայքը։
Մեծ մարդասերը վախճանվել է 1926 թ. փետրվարի 3-ին, Մերանոյի առողջարանում, այստեղ էլ հանձնվել է հողին։ Գերմանիայի Պոտսդամ քաղաքում բացվել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը` Լեփսիուսհաուզը, որտեղ նա ապրել է 1908-1926 թթ.։ Այն Գերմանիայում բացված երկրորդ գիտապատմական կենտրոնն է, որը նպաստում է հայագիտության տարբեր ոլորտների, ինչպես նաեւ ցեղասպանության ուսումնասիրությանը։