-1979 թ. հունվարի 22-ին մահացել է Երվանդ Քոչարը՝ հայ խորհրդային նկարիչ-արձանագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության եւ գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) եւ կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունը 20-րդ դարի հետաքրքիր երեւույթներից է։
-1876 թ. հունվարի 22-ին ծնվել է Հայկ Բադիկյանը՝ ամերիկահայ քանդակագործ, մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում եւ Սան Ֆրանցիսկոյում (մահ.՝ 1950 թ.):
-1901 թ. հունվարի 22-ին մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյան (ծնվ.՝ 1819 թ.): Հաննովերյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ 1876 թ. հռչակվել է Հնդկաստանի կայսրուհի։ Վիկտորյայի գահակալության սկիզբը համընկել է Մեծ Բրիտանիայի առեւտրաարդյունաբերական համաշխարհային գերիշխանության հաստատման, իսկ 2-րդ կեսը՝ Բրիտանիայի ընդարձակ գաղութային տերության ստեղծման հետ։
-1905 թ. հունվարի 22-ին Սանկտ Պետերբուրգում բնակչության գործադուլով սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը. այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտավ «արյունոտ կիրակի» անվամբ:
-1922 թ. հունվարի 22-ին ծնվել է Սուրեն Աղաբաբյանը՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1974), Հայկական ԽՍՀ 1979 թ. պետական մրցանակի դափնեկիր («Եղիշե Չարենց» երկհատոր մենագրության համար)։
-1936 թ. հունվարի 22-ին մահացել է Եղիշե Թադեւոսյանը՝ հայ գեղանկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։ Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից (1923) եւ առաջին պրոֆեսորներից։
-1944 թ. հունվարի 22-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան սկսեցին «Շինգլ» գործողությունը՝ ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:
-1946 թ. հունվարի 22-ին Իրանի տարածքում քրդերը հռչակեցին իրենց Մեհաբադյան հանրապետությունը, որը կազմալուծվեց նույն թվականի դեկտեմբերին:
-1969 թ. հունվարի 22-ին ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնեւի վրա մահափորձ կատարեց:
-1974 թ. հունվարի 22-ին Վիկտոր Համբարձումյանը ընտրվեց Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ:
-2006 թ. հունվարի 22-ին Էվո Մորալեսը դառնում է Բոլիվիայի առաջին բնիկ ծագումով նախագահը։