Հորդանանի, Սիրիայի ու Լիբանանի էներգետիկայի նախարարները հույս ունեն հաջորդ շաբաթ համաձայնագիր ստորագրել էլեկտրամատակարարման ոլորտում եռակողմ համագործակցության մասին: Դա արաբական էներգետիկ նախագծի տարրերից մեկն է, նախագիծ, որը նախատեսված է ճգնաժամից տուժած Բեյրութի տնտեսության վերականգնման համար: Նախաձեռնությունը, ինչպես ենթադրվում է, դրական ազդեցություն կունենա նաեւ սիրիական կառավարության վրա, կարող է ընդլայնել մասնակիցների շրջանակը: Վերջին օրերին հաղորդվել է նաեւ Լիբանան գազի մատակարարման նախագծին Իսրայելի միանալու մասին:
Այն մասին, որ մոտ ժամանակներս Ամմանը, Դամասկոսը եւ Բեյրութը էլեկտրամատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն, հայտարարել է Հորդանանի էներգետիկայի եւ հանքային ռեսուրսների նախարար Սալեհ ալ-Հարաբշան: Նրա խոսքերով՝ այդպիսի գործարք կնքելու հնարավորությունը կվերականգնի տարածաշրջանում միասնական էլեկտրացանցը: «Այդ նախագծի շնորհիվ Հորդանանը կկարողանա էլեկտրահաղորդման գծերի միջոցով 400 մեգավատտ հասցնել Լիբանան Սիրիայի տարածքով: Իսկ Լիբանանը ձմեռային շրջանում բնակչության էլեկտրամատակարարման բարելավման սուր կարիք ունի»,- բացատրել է նախարարը: Հայտարարությունը հնչել է Հորդանանի ԱԳՆ ղեկավարի՝ ԱՄՆ այցից մի քանի օր անց:
Էլեկտրամատակարարման գործարքն Արաբական գազատարի գործարկման զանգվածային ծրագրի մի մասն է. խողովակաշարը կմիացնի Եգիպտոսը, Հորդանանը, Սիրիան եւ Լիբանանը: Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների տակ գտնվող Դամասկոսը նախագծի մաս է կազմում, նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմն աջակցում է դրա իրականացմանը։ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի գրասենյակն անցյալ շաբաթ հաղորդել է, որ Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորոթի Շին կառավարության ղեկավարին հուսադրող նամակ է ներկայացրել ԱՄՆ ֆինանսների նախարարությունից: Այդ նամակը կոչված է «պատասխանելու լիբանանյան իշխանությունների որոշ մտահոգություններին՝ կապված տարածաշրջանային էներգետիկ պայմանագրերի հետ, որոնք ունի Միացյալ Նահանգները»:
Արաբական գազատարի գաղափարն ակտիվորեն քննարկվում է վերջին ամիսներին, թեեւ մեծ հաշվով դա փորձ է՝ վերականգնելու Եգիպտոսից Լիբանան գազի մատակարարման մասին 2009 թ. նախագիծը: Այս մտահղացման իրականացումը հետաձգվել էր 10 տարի առաջ սիրիական ասպարեզում զինված հակամարտության բռնկման պատճառով։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ այժմ ավարտական փուլում է գազատրանսպորտային ենթակառուցվածքի շահագործման նախապատրաստությունը, որի մասը սիրիական կողմից կլինի «Ռայյան» գազաբաշխիչ կայանը (Հոմսի նահանգ), իսկ լիբանանյան կողմից՝ երկրի հյուսիսում գտնվող Դեյր Ամմարի կայանը: Սակայն կասկածները, որ ածխաջրածինների գլխավոր աղբյուրը հենց Եգիպտոսը կլինի, աստիճանաբար աճում են։
Օրերս իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ հենց հրեական պետությունն է կենտրոնական դեր խաղալու հարեւան Լիբանանին բնական գազի մատակարարման հարցում, հարեւան, որի հետ մշտական առճակատման մեջ է։ Տեղական հեռուստատեսության 12-րդ ալիքի տվյալներով՝ միջերկրածովյան «Լեւիաթան» հանքավայրից ածխաջրածինները կուղղվեն դեպի Հորդանան, իսկ այնտեղից՝ Սիրիա եւ Լիբանան։ Համաձայն այս տեղեկության՝ համապատասխան գործարքն արդեն ձեւակերպվել է Պետդեպարտամենտում գլոբալ էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնի ակտիվ միջնորդությամբ։ Բացի այդ, ծրագրի մասնակիցները, իբր, ստացել են Ռուսաստանի աջակցությունը, որը Սիրիայում կայունության հիմնական երաշխավորներից մեկն է։
Իսրայելի ենթադրյալ ներգրավվածության նպատակը, 12-րդ ալիքի գնահատմամբ, Լիբանանում տնտեսական եւ համապատասխանաբար քաղաքական կյանքի վրա իրանական ազդեցության նվազեցումն է: Այդ ասպարեզում Թեհրանի շահերի գլխավոր միջնորդն է համարվում «Հըզբոլլահ» ռազմաքաղաքական կազմակերպությունը։ Իրանական ազդեցության զսպումը, հավանաբար, կհամապատասխաներ նաեւ ամերիկյան հետաքրքրություններին: Այդուհանդերձ, Բայդենի վարչակազմը շտապել է հեռու մնալ Բեյրութ «Լեւիաթանի» առաքումների մասին հաղորդումներից: «Լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, որ Միացյալ Նահանգները որպես միջնորդ է հանդես եկել Իսրայելի եւ Լիբանանի միջեւ էներգետիկ գործարքի կնքման մեջ, կեղծ են»,- թվիթերում տեղեկացրել է ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության մերձավորարեւելյան հարցերով բյուրոն:
Ռուսական կողմը, իր հերթին, դրական է գնահատում նման նախագծերը։ Ինչպես անցյալ տարվա դեկտեմբերին նշել էր Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, նման նախաձեռնությունները կարող են լրացուցիչ եկամուտ բերել պաշտոնական Դամասկոսին։ «Առայժմ դա մնում է թղթի վրա, սակայն ամերիկացիներն արդեն համաձայնություն են տվել Եգիպտոսից Սիրիայի տարածքով դեպի Լիբանան գազի եւ Հորդանանից Սիրիայի տարածքով դեպի Լիբանան էլեկտրաէներգիայի մատակարարման նախագծերի իրականացմանը։ Քանի որ սա տարանցում է լինելու, Սիրիան այդ կարգավիճակում պետք է որոշակի եկամուտ ստանա»,- ասել է դիվանագետը։ Լավրենտեւի հայտարարություններից հետեւում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության վրա միջազգային պատժամիջոցային ճնշման նվազեցման միտումը կուժեղանա 2022 թ.։ Եթե Արաբական գազատարի ստեղծման հավակնոտ նախաձեռնության իրականացումը պետք է վնասի ինչ-որ բանի, ապա, հավանաբար, ԱՄՆ-ի պատժամիջոցային գործիքակազմին։ Բրուքինգսկյան ինստիտուտի հետազոտողների գնահատականներով՝ սիրիական կառավարության «վերականգնումը», որին նպաստում է էներգետիկ նախաձեռնությունը, կփլուզի վստահությունը Սպիտակ տան պատժամիջոցների քաղաքականության նկատմամբ: Այս ամիս կոնգրեսականների երկկուսակցական խումբն արդեն բացատրություն է պահանջել Բայդենի վարչակազմից՝ կապված այն բանի հետ, որ դժկամորեն է վերաբերվում «Կեսարի ակտի» կիրառմանը, որը Դամասկոսի եւ նրա հետ համագործակցող պետական եւ ոչ պետական դերակատարների նկատմամբ սահմանափակումներ սահմանելու հիմնական իրավական հիմքն է:
Տարածաշրջանային մյուս պետությունների համար ամերիկյան կողմից այսպիսի զիջումները, ինչպես եզրակացնում են բրուքինգսկյան ինստիտուտի փորձագետները, միայն հարմար առիթ են պատժամիջոցներն անտեսելու ու Դամասկոսի հետ կապերը խորացնելու համար: