-ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հունվարի 27-ը հաստատվել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանություն, որի շրջանակներում նացիստական Գերմանիայի եւ իր դաշնակիցների կողմից համակարգված կերպով ոչնչացվել են շուրջ վեց միլիոն եվրոպացի հրեաներ՝ Եվրոպայի հրեա բնակչության մոտավորապես երկու երրորդը 1941-ից մինչեւ 1945 թ. ընկած ժամանակահատվածում։ Հրեաներից բացի, նացիստների կատարած ցեղասպանության զոհ են դարձել նաեւ ազգային ու սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչներ, ներառյալ գնչուներ, անբուժելի հիվանդներ, ինչպես նաեւ լեհեր ու այլ սլավոններ, ԽՍՀՄ քաղաքացիներ, խորհրդային ռազմագերիներ, քաղաքական հակառակորդներ, միասեռականներ, Եհովայի վկաներ, ինչի հետեւանքով, ընդհանուր առմամբ, ոչնչացվել է մինչեւ 17 միլիոն մարդ:
-1899 թ. հունվարի 27-ին ծնվել է Արարատ Ղարիբյանը՝ հայ լեզվաբան, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954), ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1960)։
-1918 թ. հունվարի 27-ին Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:
-1919 թ. հունվարի 27-ին ծնվել է Ռոս Բաղդասարյանը՝ ամերիկահայ դաշնակահար, երգիչ եւ դերասան (մահ.՝ 1972 թ.):
-1939 թ. հունվարի 27-ին ծնվել է Տիգրան Մանսուրյանը՝ հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)։ Հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Նա գեղարվեստական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները։
-1942 թ. հունվարի 27-ին մահացել է Նիկողայոս Ադոնցը՝ հայ պատմաբան, բյուզանդագետ եւ բանասեր (ծնվ.՝ 1871 թ.): Հեղինակ է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» կոթողային մենագրության, որտեղ մանրամասն տալիս է Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը, լուսաբանում է վաղ միջնադարյան Հայաստանի նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, Հայաստանի քաղաքական կացությանը վերաբերող հարցեր։
-1973 թ. հունվարի 27-ին Փարիզում կնքվեց խաղաղության համաձայնագիր, համաձայն որի՝ ամերիկյան զորքերը պետք է դուրս գային Վիետնամից, ինչով, փաստորեն, ավարտվում էր Վիետնամի պատերազմը:
-1832 թ. հունվարի 27-ին ծնվել է Լուիս Քերոլը՝ անգլիացի գրող, նաեւ մաթեմատիկոս, փիլիսոփա եւ լուսանկարիչ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակը (մահ.՝ 1898 թ.:)