-Հունվարի 28-ին Հայաստանում նշվում է Հայաստանի զինված ուժերի տոնը։ Հայաստանի զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։ 1990 թ. սեպտեմբերին կազմավորվեց Երեւանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջեւանում, Մեղրիում ձեւավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
– 1885 թ. հունվարի 28-ին ծնվել է Վահան Տերյանը՝ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Արեւելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի է հասցրել շարքերով գրելու սկզբունքը։ Տերյանը մտածում եւ ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլեւ շարքերի միջոցով։ Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ եւ դրանով իսկ ամբողջացնում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը։ Իր հերթին շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն։ Այդպիսին են նաեւ Տերյանի բանաստեղծությունները։
-1853 թ. հունվարի 28-ին ծնվել է Վլադիմիր Սոլովյովը՝ ռուս փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ, Գիտությունների Կայսերական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1900)։ Կանգնած է 20-րդ դարասկզբի ռուսական հոգեւոր վերածննդի ակունքներում։ Ազդեցություն է ունեցել Նիկոլայ Բերդյաեւի, Սերգեյ Բուլգակովի, Սերգեյ եւ Եվգենի Տրուբեցկոյների, Պավել Ֆլորենսկու, Սեմյոն Ֆրանկի փիլիսոփայական հայացքների ձեւավորման, ինչպես նաեւ բանաստեղծ-սիմվոլիստներ Անդրեյ Բելիյի եւ Ալեքսանդր Բլոկի ստեղծագործության վրա։
-1892 թ. հունվարի 28-ին ծնվել է Արմեն Տորյանը՝ հայ բանաստեղծ, ուսուցիչ, խմբագիր, գրել է ֆրանսերեն եւ հայերեն։ 23 տարեկանում ձերբակալվել է Եղեռնի ժամանակ եւ սպանվել։
-1905 թ. հունվարի 28-ին ծնվել է Լյութեր Ջորջ Սիմջյանը՝ ամերիկահայ գյուտարար (վախճ.՝ 1997 թ.)։ 1939 թ. Սիմջյանի մեջ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի (անգլերեն՝ Automated Teller Machine- ATM) ստեղծման գաղափարը։ Ի հեճուկս բանկերի թերահավատության՝ նա մինչեւ 1960 թ. գրանցում է 20 արտոնագիր՝ կատարելագործելով սարքը՝ հիմք ստեղծելով այսօրվա բանկոմատների համար։ Վերջապես, 1960 թ. նա պայմանագիր կնքեց Նյու Յորքի «City Bank»-ի (այսօր՝ Citibank)՝ իր սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ։ Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվեց, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ։ Ընդ որում, Սիմջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ 1965 թ.՝ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։