Վաթսունականների վերջին խորհրդային տնտեսության մեջ առաջացավ մի իրավիճակ, որն ստացավ «ճահճացում» անվանումը: Վերջինս, այդ տարիների արեւմտյան երկրների ծաղկող տնտեսության համեմատությամբ, իր ազդեցությունն ունեցավ խորհրդային մարդկանց մտատրամադրության վրա, որը բորբոքվում էր արեւմտյան քարոզչությամբ: Կոմունիստական առատության («ըստ պահանջմունքի») մոտալուտ գալստյան հանդեպ հավատը կորցրած խորհրդային մարդիկ սկսեցին ի դեմս Արեւմուտքի տեսնել կոմունիստական երկրային դրախտը….
Կոմունիստական հասարակությունը համարվում էր ճգնաժամերից զերծ, ընդ ո-րում այդ կարծիքին էին ոչ միայն կոմունիստական, այլեւ արեւմտյան երկրների ա-ռաջնորդներն ու գաղափարախոսները, այսինքն՝ նաեւ հակակոմունիստական եւ հա-կախորհրդային գործիչները: Եվ այդ համոզումը հավաստի կլիներ, եթե կապիտալիս-տականից բացի այլ տեսակի ճգնաժամ գոյություն չունենար: Խորհրդային հասարա-կարգն անճգնաժամային էր այն իմաստով, որ նրանում բացառվում էին կապիտալիս-տական տնտեսական ճգնաժամերը, քանի որ հասարակությունն ինքը ոչ թե կապիտալիստական էր, այլ ուրիշ տեսակի: Բայց դա նրան չէր ազատում առհասարակ ճգնաժամերից:
Ամեն մի հասարակություն այս կամ այն կերպ ճգնաժամային իրավիճակներում է լինում՝ իր բնույթին համապատասխան: Խորհրդային հասարակության մեջ ճգնաժամ էր հասունանում, զուտ կոմունիստական բնույթի, որպես այդպիսին՝ առաջինը պատմության մեջ: Բայց քանի որ բացակայում էր եւ նույնիսկ փաստացի արգելված էր խորհրդային հասարակության գիտական ըմբռնումը, որի շնորհիվ հնարավոր կլիներ ձեւավորվող իրավիճակը գնահատել որպես նախաճգնաժամային, ապա մոտեցող ճգնաժամը պարզապես աչքից փախցրին, չնկատեցին եւ չցանկացան նկատել:
Ավելի հարմար գտան այդ իրավիճակը բնութագրել որպես կոմունիստական տնտեսության անկարողություն, իսկ Արեւմուտքի տնտեսության բարգավաճումը վերագրեցին բացառապես կապիտալիզմին: Ընդ որում այս ըմբռնումը բնավ էլ ինքնա-բերաբար չառաջացավ, այլ խորհրդային հասարակությանը պարտադրվեց արտաքուստ, արեւմտյան գաղափարախոսությամբ եւ քարոզչությամբ: Վերջինս վիթխարի հաջողություն ուներ Խորհրդային Միությունում, քանի որ իսպառ բացակայում էր ոչ միայն սեփական, խորհրդային հասարակարգի (ներառյալ տնտեսությունը), այլեւ արեւմտյան սոցիալական կառուցվածքի գիտական ըմբռնումը: Ի լրումն՝ այդ ժամանակ արդեն խորհրդային բնակչության զանգվածների մեջ արեւմտամետ արժեքների համակարգը գրեթե լիովին արտամղել էր կոմունիստական արժեքները, հատկապես եւ ամենից առաջ ամենաբարձր եւ դրանց մերձ խավերում:
Վրահաս ճգնաժամի էությունն այն էր, որ խորհրդային հասարակության՝ մինչ այդ ձեւավորված եւ բնականոն գործառող իշխանության եւ կառավարման համակարգը այլեւս չէր համապատասխանում նոր պայմաններին: Եվ հասարակության առաջընթացին զուգահեռ՝ այդ անհամապատասխանության աստիճանն ավելի էր մեծանում: Այդ գործընթացը հնարավոր էր կանգնեցնել, այսինքն՝ կանխել կամ մեղմել ճգնաժամային պայթյունը….
Բայց խորհրդային ղեկավարները եւ նրանց ծառայամիտ գաղափարախոսները վարվեցին ճիշտ հակառակ կերպով: Նրանք նետվեցին «վերակառուցման», որի կործանարար լինելը նախապես ակնհայտ էր: «Վերակառուցումը» սանձազերծեց ճգնա-ժամը, սա դարձավ համընդգրկուն, ներառելով նաեւ տնտեսության ոլորտը: Թե ինչի դա հանգեցրեց՝ հայտնի է. կարիք չկա դրա մասին նորից խոսելու:
Ալեքսանդր ԶԻՆՈՎԵՎ
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ