Փետրվար՝ տարվա երկրորդ ամիսն է, իր հռոմեական Febriaius անունն ստացել է լատիներեն februum բառից, որը նշանակում է «մաքրում», եւ կապված է այդ ամսին կատարվող՝ հռոմեացիների Februa մաքրագործության արարողության հետ։ Մեր թվարկությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը եւ ուներ 29 օր։ Փետրվարը հայկական տոմարում համընկնում է մեհեկան ամսվա հետ։ Այդ ամսին մեծ տոնախմբություն էր կատարվում ի պատիվ Միհրի, որը զրադաշտական աստված էր։ Նա մարմնավորում էր արեգակը եւ կրակը։ Միհրի պաշտամունքը իր ժամանակին եղել է հեթանոսական Հայաստանում։ Միհրին նվիրված տաճարները կոչվում էին մեհյան, որից էլ առաջացել է մեհեկան անունը։
-1868 թ. փետրվարի 1-ին ծնվել է Հովհաննես Քաջազնունին՝ հայ ականավոր քաղաքական գործիչ, Անդրկովկասի սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ։ Եղել է նաեւ ճարտարապետ, ով մեծ հետք է թողել Բաքվի, իսկ այնուհետեւ նաեւ Հայաստանի ճարտարապետության վրա։
-1888 թ. փետրվարի 1-ին մահացել է Ծերենցը՝ հայ նշանավոր վիպասան, հրապարակախոս (ծնվ.՝ 1822 թ.): Ծերենցը պատմական վեպերի, պատմվածքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Նրա առաջին վեպը՝ «Թորոս Լեւոնի»-ն (1877), պատկերում է Կիլիկիայի պատմական իրադարձությունները։ Քննադատելով հայ ֆեոդալների կենտրոնախույս ձգտումները՝ Թորոսը երկրի անկախության վերականգնման երաշխիքը տեսնում էր ժողովրդի միասնության եւ կենտրոնաձիգ իշխանության հաստատման մեջ։
-1944 թ. փետրվարի 1-ին մահացել է Ֆրեյդուն Աղալյանը՝ հայ ճարտարապետ (ծնվ.՝ 1872 թ.)։
-1945 թ. փետրվարի 1-ին մահացել է Յոհան Հայզինգան՝ հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան (ծնվ.՝ 1876 թ.)։
-1954 թ. փետրվարի 1-ին ծնվել է Միքայել Ապրեսյանը՝ Արցախյան ազատամարտի հերոս, «Արցախ» գնդի հրամանատար (մահ.՝ 2012 թ.)։
-2003 թ. փետրվարի 1-ին թռիչքի ժամանակ պայթեց ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան»։
-2008 թ. փետրվարի 1-ին Վիքիճամփորդություն ուղեցույց-նախագծի հիման վրա տպագրվեցին առաջին ճամփորդական ուղեցույցները։
-2012 թ. փետրվարի 1-ին Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով մահացավ 70-ից ավելի մարդ։
-1411 թ. փետրվարի 1-ին ավարտվեց պատմության մեջ «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության եւ Լեհական թագավորության միջեւ։