«Եթե, հիրավի, այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե, հիրավի, հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղի, այլ իր ներսը, իր հոգու խորքը՝ տեսնելու համար, թե կա՞, արդյոք, իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան եւ Մուշ, Էրզրումին:
Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞, արդյոք, այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգով միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ոչ բելգիացիք են մեծ ազգ, ոչ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութական անուններ են դրանք, որքա՛ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլեւ մեզ եւ ուրիշների համար…»:
Վահան ՏԵՐՅԱՆ
Նա գրական աշխարհ մուտք գործեց ճիշտ այն ժամանակ, երբ այս ասպարեզի տիրակալներ էին հանճարեղ Թումանյանն ու Իսահակյանը, եւ իր՝ Տերյանի խոսքերով ասած՝ կամ բոլորովին նոր խոսք պետք է ասվեր, կամ չասվեր ոչինչ, լռել: Սակայն անցնելու էր շատ կարճ ժամանակ, եւ այս նույն հսկաները սրտաբաց ոգեւորությամբ ողջունելու էին նրա հայտնությունը՝ իր անդրանիկ գրքով սքանչացած: Իսկ մինչ գրքի հրատարակումը Տերյանը հանդիպել էր Վարպետին. «1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին,- իր հուշերում պատմում է Իսահակյանը:- Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները մեկը մյուսի ետեւից: Քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում: Ես սրտով եւ ուշով հետեւում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՜ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձեւերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է-մաքուր լիրիկա: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար: Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: «Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլեւս քննադատությունից վախ չունեմ»:
Երեկոյան եղա Թումանյանի մոտ եւ հիացմունքս հայտնեցի Վահանի բանաստեղծությունների նկատմամբ:
-Հա է՛, շատ դրուստ ես ասում: Շատ գեղեցիկ են եւ գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ: Պատկերները թեեւ թույլ են եւ քիչ, բայց լեզուն՝ մաքուր զտված եւ արծաթե զանգի պես՝ հնչուն: Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո եւ Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո: Դու ի՞նչ ես կարծում: Համենայնդեպս, մեր Վերնատան մեջ պատվավոր տեղ ունի…
Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր՝ Վահանը գտել էր իրեն եւ արվեստի գաղտնիքը: Վահանի երեւումով մեր քնարերգության մեջ մի նոր էջ բացվեց…»:
Ժամանակի երեւելի դեմքերից շատերն էին անդրադառնալու «Մթնշաղի անուրջներին»: Ուշագրավ է Ստեփան Զորյանի հուշագրության այս պատառիկը. «Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, եւ դա ոչ թե պատահականության բերումով, այլ՝ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը՝ ութսուն էջանոց «Մթնշաղի անուրջները» , հռչակեց նրան որպես բանաստեղծ եւ պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում: Կան գրողներ, որ աշխատում են տասը եւ ավելի տարիներ, հրատարակում են մի քանի գրքեր եւ, այնուամենայնիվ, կոչվում են սկսնակ կամ, զիջողաբար, երիտասարդ գրող: Դրանք այն մարդիկ են, որ իրենց սեւագրություններն անում են հասարակության առաջ՝ հրատարակություններով: Բոլորովին այլ էր Վահան Տերյանը. նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ. այդ գրքից հետո նրան չէին ասում «սկսնակ» կամ զիջողաբար «երիտասարդ գրող», այլ ուղղակի բանաստեղծ, որովհետեւ նա իրոք բանաստեղծ էր «կամոքն Աստծո»:
Հայտնի իրողություն է, որ Եղիշե Չարենցը ժամանակին բնավ էլ չի հիացել տերյանական պոեզիայով: Բայց դա՝ ժամանակին… Իսկ հետագայում գրելու էր.
Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՛տ ես,
Մորմոքող հրի պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛, Վահան Տերյան…
Չարենցը նաեւ սրտի տաք թրթիռով գրելու էր. «Մի տարի է մոտ, որ ես թանգարանից՝ Խանջյանի կարգադրությամբ, վերցրել եմ Վահան Տերյանի ձեռագրերը՝ նրա անտիպ երկերը հրատարակության համար պատրաստելու նպատակով: Ես սկսեցի արտագրել ձեռագրերը, որպեսզի միշտ ձեռքի տակ ունենամ, եւ բնագրերը չփչանան հաճախակի թերթելուց: Բայց դեռ չեմ վերջացրել եւ չեմ էլ շտապում: Մի զարմանալի եւ քնքուշ զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ՝ սեղանիս դարակում, պահված են Տերյանի, հասկանո՞ւմ եք, իսկական ձեռագրերը… նրա ձեռքով գրված այդ թերթիկները… Երբ անչափ տխուր եմ լինում, հանում եմ, նայում… Կարծես արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում… Այդ մետաքսյա թերթիկները՝ ծածկված չինական սեւ մելանով, գրված չքնաղ, ազնվական գրերով… Զարմանալի մաքուր եւ գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը: Ձեռագիրն անգամ նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը՝ նուրբ ու մաքուր: Իմ կյանքի ամենամեծ խնդությունն է դա՝ հանել մեկ-մեկ այդ ձեռագրերը եւ նայել…»:
Սերունդներ են հաջորդել մեկը մյուսին, բայց ժամանակներն անզոր են եղել դույզն-ինչ խամրեցնելու տերյանական կախարդիչ պոեզիայի հմայքը: Գնահատվել ու մեծարվել է նրա բանաստեղծական անթերի արվեստը: Նորօրյա մեծերից ունկնդրենք Հրանտ Մաթեւոսյանին.
«Նա չարտագրված բառ չունեցավ: Նա չքաղաբերված տող չունեցավ: Նա լեզու դրեց հայ գրականության բերանը…»: Ավելին, Հրանտ Մաթեւոսյանը նաեւ այլ մտահղացում էր ունեցել: Ահա. «Շատ տարիներ առաջ այնպես եղավ, որ Վահան Տերյանի մասին կինոպատմություն գրելու ցանկություն ունեցա, եւ Հայկինոյի իրավասուներն իսկույն պայմանագրեցին: Ի՛նչ լավ է, որ այդ սցենարը չգրվեց եւ չնկարահանվեց, այլապես աղավաղված էր լինելու մեր մշակույթի նաեւ այդ սրբապատկերը, իսկ այսպես անաղարտ մեզանից յուրաքանչյուրը ինչ- որ չափով բեմադրիչ է, բանաստեղծի կյանքի ու գործի ընթերցմանը զուգընթաց ծավալում ու ծածանում է պատկերներ, որոնք ամենեւին էլ պակաս չեն այն պատկերներից, որ պիտի լինեին, բայց, բարեբախտաբար, չեղան: Չգրված այդ կինոպատմության մեջ եւ գեղջկական ծանր աշխատանքը կար, եւ նախնիների համառ մղումը դեպի Եվրոպա, ու լույս, եւ վանքը շինելու դրվագները, եւ տեր Սուքիասի «Տոլստովը», եւ Բրեստ Լիտովսկի կործանարար պայմանագիրը, եւ գնացքի նույն վագոնում ու, թերեւս, նույն խցում թուրք քոքված դիվանագետի ու Վահանի ճամփորդությունը՝ որ Թումանյանի կյանքից էր առնվում, եւ Օրենբուրգի սառը տափաստաններն ու մահը: Մի խոսքով, դա հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի ողբերգական կյանքն էր եւ ոչ թե ուրիշինը…»:
Ահա այսպես… Մնում է ափսոսալ չծնված կինոնկարի համար եւ ցավել, որ մեր պոեզիայի ամենանրբին բանաստեղծը, Աբովյանի ու Չարենցի նման, անգամ գերեզման չունեցավ…