Ուկրաինայի համար Դոնբասի հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդությունն օգտակար է. դա Կիեւին հնարավորություն կտա ժամանակ շահել եւ այն ծառայեցնել բանակի ամրապնդման գործին: Այս մասին «Պրյամոյ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ուկրաինացի ռազմական փորձագետ Վալենտին Բադրակը: Նրա խոսքով՝ Էրդողանը միեւնույն ժամանակ ենթագիտակցորեն Ռուսաստանի թշնամին է, ուստի դե ֆակտո կգործի հօգուտ Ուկրաինայի:
«Էրդողանն ուժեղ անհատականություն է, կարող է շատ բան անել հաշտեցման համար… Որքան էլ տարօրինակ հնչի, ժամանակի հետաձգումը դրական պահ է, քանի որ եթե եւս մի քանի տարի շահենք, կունենանք «Նեպտունների» ոչ թե մեկ, այլ հինգ դիվիզիա, կլինեն առաջին օպերատիվ մարտավարական հրթիռները, մարտավարական լուրջ զենքեր, եւ մենք կկարողանանք գործնականում դուրս պրծնել այն իրավիճակից, երբ Ուկրաինան, որպես խոցելի թիրախ, գրավիչ կլինի Պուտինի համար: Մեզ համար կարեւոր է դադարել լինել խոցելի թիրախ, ուստի ժամանակը մեզ համար նշանակություն ունի: Էրդողանը ենթագիտակցորեն, միեւնույն է, Ռուսաստանի թշնամին է, չնայած այն բանին, որ նրանք այժմ շատ լուրջ ռազմատեխնիկական համագործակցություն են ծավալում, եւ Թուրքիայում C-400 հակաօդային պաշտպանության համակարգի արտադրություն է սկսվում: Պուտինը փոխանցում է այդ տեխնոլոգիաները: Չնայած դրան, մենք հիշում ենք, որ Օսմանյան կայսրությունը միշտ եղել է Ռուսաստանի թշնամին, ուստի նույնիսկ ենթագիտակցորեն կկանգնի մեր կողքին»,- ասել է Բադրակը:
Այլ կերպ ասած՝ Ուկրաինայում ոմանք մտածում են ոչ թե հաշտվելու, այլ Էրդողանի օգնությամբ ժամանակ շահելու, առավել հզորանալու եւ մի քանի տարի անց սեփական խնդիրներն ուժի միջոցով լուծելու համար: Նրանք չեն թաքցնում, որ նույնիսկ ենթագիտակցական մակարդակում Թուրքիան Ռուսաստանի թշնամին է եւ միշտ կանգնելու է այն պետության կողքին, որը հանդես է գալիս ՌԴ-ի դեմ:
Ուկրաինայում շատերն են հասկանում ռուս-թուրքական հարաբերությունների իրական բնույթը եւ վստահում են Թուրքիային, որը բազմիցս հայտարարել է, որ կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը, չի ընդունում «Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումը»: Այս մասին գիտեն նաեւ Ռուսաստանում, սակայն զարմանալի է, որ շարունակում են, ի դեմս նույնիսկ ենթագիտակցորեն ՌԴ-ի թշնամու՝ Էրդողանի, բարեկամ տեսնել: Հավանաբար, հենց այդ մոտեցումն էլ այն կոչերի պատճառն է, ըստ որոնց՝ Անկարան պետք է վերջապես որոշի՝ Ռուսաստանի դաշնակիցն է, թե հակառակորդը: Թուրքիայի հետ բարեկամության ջատագովները, ովքեր մեծ թիվ են կազմում ռուսական լրատվամիջոցներում, կարծում են, որ Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումն իսկական գլխացավանք է ՆԱՏՕ-ի համար: Թեմային անդրադարձել է նաեւ ամերիկյան «Business Insider»-ը:
Ընդհանուր անվստահություն Արեւմուտքի նկատմամբ
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հաշվարկներով՝ Թուրքիայի բանակում ծառայում է 355 հազար մարդ, այդ թվում 260 հազարը՝ ցամաքային զորքերում, 50 հազարը՝ ռազմաօդային, 45 հազարը՝ ռազմածովային ուժերում: Բացի այդ, 157 հազար մարդ ծառայում է ժանդարմերիայում, որի կազմում է նաեւ սահմանապահ ծառայությունը, ինչպես նաեւ առափնյա պաշտպանության ծառայությունում: Եվ, վերջապես, այդ երկրում կա 379 հազար պահեստային:
Սակայն պաշտպանության համար կատարվող ծախսերի ցուցանիշում Թուրքիան նույնիսկ չի ընդգրկվում լավագույն 15 երկրների ցուցակում: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի գնահատմամբ՝ Թուրքիան բանակի համար ծախսում է 20 մլրդ դոլարից պակաս գումար, ավելի քիչ, քան Իսրայելը: Իսկ Ռուսաստանի հետ պաշտպանական ծախսերի տարբերությունը նույնիսկ եռակի է: Թուրքիան դեմ է Միջերկրական ծովում արեւմտյան ռազմական ներկայության տարածմանը, ինչպես եւ Ռուսաստանը: «Business Insider»-ում այս մասին գրել է գլոբալ անվտանգության ոլորտի ամերիկյան փորձագետ Բենջամին Բրիմելովը:
Ռուս-թուրքական հարաբերությունները նկատելիորեն բարելավվել են Էրդողանի օրոք, որը նաեւ անձնական լավ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիան դեմ է Բոսֆորում ամերիկացիների տնօրինությանը
Ինչպես գրում է Բենջամին Բրիմելովը, Թուրքիային ամենեւին էլ չեն բավարարում Ռուսաստանի վերջին գործողություններն ու հավակնությունները: Չափազանց շատ են չլուծված ու չլուծվող հակասությունները: ՌԴ-ն ու Թուրքիան միանգամայն տարբեր դիրքորոշումներ ունեն Ղրիմի ծագման, Սիրիայի հետպատերազմյան ապագայի, Լիբիայի ու Եմենի հարցերում: Բացի այդ, Թուրքիային անհանգստացնում է Ռուսաստանի աճող ազդեցությունը Սեւ եւ Միջերկրական ծովերում:
«Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, թվում է, տատանվում են մրցակցության ու գործակցության միջեւ, սակայն նրանց մրցակցող հետաքրքրությունները Սեւ ծովում, Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում կարող են արագ վերածվել հակամարտության»,- նշված է «Business Insider»-ում:
«Անկարայի եւ Մոսկվայի միջեւ ավելի շատ շփման կետեր կան, եւ գլխավորը փոխադարձ անվստահությունն է Արեւմուտքի նկատմամբ»,- ամերիկյան RAND առաջատար ռազմական «ուղեղի կենտրոնի» քաղաքագետ Սթիվեն Ֆլանագանի խոսքը մեջբերել է «Business Insider»-ը:
Անկարան հավասարապես դժգոհ է եւ Ռուսաստանի, եւ Արեւմուտքի աճող ազդեցությունից։ Թուրքիային ձեռնտու չեն ռազմական ճգնաժամը, որը կհանգեցնի թուրքական նեղուցների փակմանը, ինչպես նաեւ նրանց տարածքային ջրերի երկայնքով խոշոր հակամարտությունները։ Այս մասին գրում է նաեւ ընդդիմադիր խոշորագույն «Sozcu» հանդեսը՝ մեջբերելով մի քանի թուրք պաշտոնյաների խոսքերը, որոնց անունները չեն նշվում։ Նրանք հայտարարում են, որ Թուրքիան չի հանդուրժի այլ երկրների միջամտությունը Բոսֆորի եւ Դարդանելի տարածքով դեպի Սեւ ծով ռազմանավերի անցմանը։
Թուրքիան այսպես արձագանքեց ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ագրեսիվ պահանջներին, որոնք ձգտում էին սահմանափակել ռուսական նավերի տեղաշարժը։ Միեւնույն ժամանակ ամերիկացիները փորձեցին շահարկել նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրոյի կոնվենցիան, որը ստորագրվել էր դեռեւս 1936 թ.։ Տարօրինակ է միայն այն, որ թուրք դիվանագետներն ու գեներալները հրապարակավ չեն արտահայտել իրենց վրդովմունքը։ Սա ապացույց է, որ Անկարան ստիպված է տարածաշրջանում հավասարակշռել Մոսկվայի եւ Արեւմուտքի շահերի միջեւ։
«Քարնեգի» կենտրոն. Թուրքիան կշարունակի ընթանալ հակաարեւմտյան հետագծով
Մերձավոր Արեւելքի գծով «Քարնեգի» կենտրոնի փորձագետ Մարկ Պյերինին կարծում է, որ Թուրքիան վախենում է Ռուսաստանի հնարավոր ճնշումից, որի հետ նրան կապում են տնտեսական սերտ կապեր. բավական է հիշել 2015 թ. հակաթուրքական պատժամիջոցները, երբ ՌԴ-ն փակեց սահմանները զբոսաշրջիկների համար եւ արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը:
Պյերինին նշել է, որ ճնշման եւս մեկ գործիք է Սիրիան, որտեղ ռուսական զորքերը կոշտ դիրք են զբաղեցնում թուրքերի նկատմամբ: Հենց Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումները հաշվի առնելով՝ Թուրքիան հրաժարվեց սիրիական հյուսիսային շրջաններում ռազմական նոր գործողություններից:
Ըստ Պյերինիի՝ Ռուսաստանն ու Թուրքիան ակնհայտորեն կամրապնդեն հարաբերությունները հակահրթիռային պաշտպանության ոլորտում: Անկարան նաեւ ընտրություն կկատարի աշխարհագրական այն մարզերում համագործակցության ընդլայնման օգտին, որտեղ երկու երկրները հնարավոր մրցակիցներ են: Իսկ Ռուսաստանը կշարունակի հրել Թուրքիային՝ ընթանալու հակաարեւմտյան հետագծով:
Ղրիմն այլեւս երբեք Ուկրաինայի կազմում չի լինի
Ուկրաինայում կան նաեւ փորձագետներ, որոնք վստահ են, որ Ղրիմն այլեւս երբեք Ուկրաինայի կազմում չի լինի: Հիմարություն է հուսալ, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնությունն ու Կիեւի եւ Մոսկվայի միջեւ նրա միջնորդությունը կարող են նպաստել, որ թերակղզին կրկին մտնի ուկրաինական պետության վերահսկողության տակ: Այս մասին «Պոլիտեկա» ինտերնետային ալիքի եթերում ասել է Ժուռնալիստիկայի ինստիտուտի պրոֆեսոր Նիկիտա Վասիլենկոն: Նա հիշեցրել է, որ մինչեւ հիմա ուժը չի կորցրել Օսմանյան ու Ռուսական կայսրությունների միջեւ 1774 թ. կնքված պայմանագիրը, ըստ որի՝ թերակղզին կարող է կամ ռուսական, կամ թուրքական լինել:
«Բարեկամներ, Աստված չանի՝ ինչ-որ բան պատահի, դուք հասկանում եք, թե ում կանցնի Ղրիմը: Քաղաքացիական պատերազմ լինի, թե երկրաշարժ, Ղրիմն Ուկրաինային չի անցնի: Քյուչուկ-Քայնարջիի պայմանագրի համաձայն, որը ստորագրվել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ, եթե Ղրիմը չպատկանի Ռուսաստանին, կպատկանի Թուրքիային: Ծիծաղելի է, բայց այդ համաձայնագիրն այսօր լիարժեք գործում է: Ուստի Էրդողանը փորձում է միջնորդ դառնալ բանակցություններում եւ ակտիվորեն մերթ ռուսամետ, մերթ հակառուսական դիրքորոշում է կիրառում՝ նպատակ ունենալով վերականգնել Օսմանյան կայսրությունը»,- հայտարարել է Վասիլենկոն: