Դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման հարցը շարունակում է մնալ միջազգային քաղաքական օրակարգում։ Դրա լուծման հետ կապված կողմերը փորձում են գտնել այլընտրանքային տարբերակներ՝ ռազմական լուծման սցենարը բացառելու նպատակով։ Այս ուղղությամբ տարվող զարգացումներում ներկայումս որդեգրվել է «փոքր, տարածաշրջանային քաղաքական միավորումներ» ստեղծելու մոտեցումը, որը կարող է համեմատաբար կայուն ուժերի հավասարակշռության հնարավորություն ստեղծել։
Այդ համատեքստում պետք է դիտարկել Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ մի շարք ոլորտներում հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ պաշտոնական այցով ժամանել էր Կիեւ. այդ օրը լրանում էր Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այցի շրջանակներում երկու երկրները երեկ ստորագրել են մեկ տասնյակից ավելի միջպետական համաձայնագրեր մի շարք կարեւոր ոլորտների մասով, ինչպիսիք են՝ Ազատ առեւտրի համաձայնագիրը, նաեւ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի եւ ուսումնական կենտրոնի ստեղծումը։ Նախօրեին Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը հայտարարել էր, որ «առեւտուրը շատ կարեւոր է Ուկրաինայի հետ հարաբերություններում». միայն 2021 թ. դրա ծավալը կազմել է 7.4 միլիարդ դոլար՝ ավելանալով 59 տոկոսով»։ Առեւտրի ծավալի աճը պայմանավորված է եղել նաեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում ունեցած ձեռքբերումներով։ Ըստ նրա, «նոր սերնդի ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ կդառնա երկու պետությունների միջեւ 10 միլիարդ ապրանքաշրջանառության հասնելու ուղղությամբ»։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ «Bloomberg»-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեդին Ալթունը հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է Թուրքիայից գնել նոր անօդաչու թռչող սարքեր, մինչ օրս Ուկրաինան գնել է 12-ը։ Նա ընդգծել է, որ Կիեւի եւ Անկարայի միջեւ ռազմական եւ պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, եւ միաժամանակ նշել, որ այդ համաձայնագրերը չեն ընդհատվի Ռուսաստանին հաճոյանալու համար։ Ալթունը հիշեցրել է, որ 2017 թ. Ռուսաստանից C-400 գնելու Թուրքիայի որոշումը հանգեցրել է պատժամիջոցների, սակայն իրենք հետքայլ չեն արել, նույն կերպ վարվելու են Ուկրաինայի հետ կնքված պայմանագրերի հարցում։
Բացի երկկողմ օրակարգից, Թուրքիայի ղեկավարը Ուկրաինայի գործընկերների հետ քննարկել է Կիեւի եւ Մոսկվայի միջեւ ներկա լարվածությունը։ Էրդողանի այցի արդյունքում պաշտոնական Կիեւը ավելի հստակեցրել է իր մոտեցումը Ստամբուլում եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Կիեւը պատրաստ է Դոնբասի վերաբերյալ եռակողմ կոնտակտային խմբի բանակցություններին Ստամբուլում, ինչպես նաեւ ցանկացած այլ վայրում, սակայն դրա համար անհրաժեշտ է մյուս կողմի համաձայնությունը։ Եթե նախկինում Կիեւից այս մասով արձագանքը խուսափողական էր, ապա ձեռք բերված տնտեսական, ռազմական պայմանավորվածություններից հետո պատասխանն ավելի որոշակիացել է։ Սա հերթական անգամ ցույց է տալիս Էրդողանի եւ թուրքական դիվանագիտության ունեցած հմտությունները «առեւտուր» անելիս։
Ուկրաինա-Թուրքիա համագործակցության խորացման եւ ընդլայնման ֆոնին անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ մեկ այլ՝ Ուկրաինա- Բրիտանիա-Լեհաստան քաղաքական համագործակցության նոր հարթակի ստեղծմանը։ Այդ մասին հայտնել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը, ելույթ ունենալով Գերագույն Ռադայի հերթական նստաշրջանի բացման ժամանակ։ Այդ օրը տեղի է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկու այցը Կիեւ։ Համագործակցության նոր ձեւաչափի պաշտոնական հայտարարությունը հետաձգվել է Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հիվանդության պատճառով՝ վերջինս չի կարողացել այցելել Ուկրաինա։ Առաջին անգամ փոխգործակցության այս ձեւաչափի մասին խոսել էր Լ. Թրասը՝ ելույթ ունենալով Ավստրալիայում հունվարի 21-ին։
Չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշել է, որ երեք երկրների նոր դաշինքը արդյունավետ կլինի «ռուսական սպառնալիքին» դիմակայելու համար։ Մինչդեռ Ռադայի առաջին փոխխոսնակ Օլեքսանդր Կորնիենկոն լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի նոր միությունը չի ընկալվում որպես այլ դաշինքների այլընտրանք. «Սա ինչ-որ բանի այլընտրանք չէ: Սա այլընտրանք չէ ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին, դա նույնիսկ այլընտրանք չէ մեկ այլ տարածաշրջանային կազմավորման՝ այսպես կոչված Տրիմորիին: Սա համագործակցության լրացուցիչ հնարավորություն է»։ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն նույնպես BBC-ին ասել է, որ նոր ձեւաչափը չի լինելու «ՆԱՏՕ երեքի համար», «բայց դա իսկապես փորձ է գտնել ընկերներ, գործընկերներ եւ օգնել այս կրիտիկական պահին»: Արդյոք քաղաքական թե ռազմաքաղաքական ձեւաչափ է նոր ստեղծած հարթակը, պետք է նշենք, որ բաժանարար գիծը գրեթե թափանցիկ է, քանի որ իրավիճակի սրման պարագայում այն կարող է շատ արագ անցում կատարել ռազմաքաղաքականի։ Բավական է միայն նշել, որ ըստ «Ինտերֆաքսի», արեւմտյան ավիացիոն ռեսուրսների մոնիտորինգը ցույց է տալիս, որ հունվարի երկրորդ կեսից ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ծանր տրանսպորտային ինքնաթիռներն առնվազն 15 թռիչք են կատարել դեպի Ուկրաինա՝ զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարելու համար։
Ուկրաինայի հետ բանակցային ձեւաչափում անմիջական մասնակցություն ունենալու ակտիվություն է ցուցաբերում նաեւ Ռուսաստանը։ Հունվարի 26-ին Փարիզում բանակցություններ տեղի ունեցան «նորմանդական ձեւաչափով» Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի առաջնորդների քաղաքական խորհրդականների միջեւ։ Այն առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր վերջին մեկ տարվա ընթացքում, որին մասնակցել են բոլոր չորս երկրների ներկայացուցիչները (հանդիպումը տեւել է ութուկես ժամ)։ Նախորդ հանդիպումը, որն անցկացվել էր Մոսկվայում հունվարի 6-ին, Ուկրաինայի ներկայացուցիչը չէր մասնակցել, այն տեւել էր 4.5 ժամ։ Կողմերը Փարիզում պայմանավորվել են շարունակել քննարկումները երկու շաբաթից արդեն Բեռլինում։ Նորմանդական ձեւաչափի ակտիվացումը հուշում է, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի լուծման ամերիկա-բրիտանական տարբերակը տարբերվում է ֆրանս-գերմանա-ռուսական լուծման տարբերակից։ Այս մասով սեփական խաղն է վարում նաեւ Թուրքիան։