Անսպասելի լուրը տակնուվրա արեց մեր սրտերը: ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ներկայությամբ, տաղանդով հպարտանում էինք, սրտաբուխ երգերով ոգեւորվում ու թեւավորվում: Այսօր առավել քան համոզվեցինք այն ճշմարտության մեջ, որ «Կյանք ու կռիվ» հոգեցունց երգը նաեւ իր մասին էր: Մի անձնավորության, որ ամբողջ կյանքում հոգու թելերով էր կապված հարազատ ծննդավայրին եւ որդիական սիրո մասին անթաքույց բարձրաձայնում էր աշխարհով մեկ` ընդգծելով «Արցա՜խ, Արցա՜խ, սեր ես ինձ համար» խոսքերը: Ողբերգական հայտնի իրադարձություններից հետո չկարողացավ հաշտվել կատարվածի հետ: Անբուժելի ծանր հիվանդությանն էլ գումարվեց սոսկալի տառապանքը` կապված պատերազմի հազարավոր զոհերի հետ: Եվ նա ստիպված եղավ մինչեւ հանգչելը ինքնամոռաց կռվել մահվան դեմ, պայքարել` երգի միջոցով պաշտպանելով Արցախի դատը: Վերջին անգամ Ստեփանակերտ եկավ անցյալ տարվա աշնանը: Երբ մեքենան մոտենում էր բերդաքաղաքին` երկու ձեռքով փակեց աչքերը, որպեսզի չտեսնի թշնամու բռնագրաված Շուշին: Ու աչքերը բացեց միայն այն ժամանակ, երբ մայրաքաղաք Ստեփանակերտ էր հասել: Նա հոգու պարտք համարեց առաջին հերթին այցելել զինվորներին ու նրանց համար երգել…
Վալերի Գասպարյան (երաժիշտ, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ).- Չնայած գիտեի հոգում բուն դրած հիվանդության մասին, սակայն մտքովս անգամ չէր անցնում, որ անզոր կգտնվի դրա դեմ: Այնքան էր լեցուն ստեղծագործական էներգիայով ու զորեղ կամքի տեր այնպիսի անձնավորություն էր, որ «պարտությանը» չէիր կասկածի: Բոլորս ենք սիրում հայրենիքը եւ մտահոգված ենք նրա ճակատագրով: Բայց Արթուրը, ում մանկությունից եմ լավ ճանաչում, մի ուրիշ սիրով էր ծննդավայրին կապված: Նա ինչպես մանկության եւ պատանեկության տարիներին էր, այդպես էլ մինչեւ կյանքի վերջը մնաց արցախապաշտ, սկզբունքների մեջ` անսասան: Մեզնից շատերն այնպես խոր չգիտեին Արցախի պատմությունը, նրա անցյալն ու ներկան, ինչպես Արթուր Գրիգորիչը, ով շրջագայել էր հեռավոր բոլոր գյուղերում, եղել հին բնակատեղիներում… Իսկ որպես արվեստագետ, ստեղծագործող մարդ, ոչ ոք նրա ընկալումներն ու երեւակայությունը՝ պատկերների, երեւույթների նկատմամբ, չուներ: Ահա թե ինչու միշտ հպարտացել եմ նրա տաղանդով: Ստեղծագործական մեկնարկը տալով Երեւանում` «Խատուտիկ» մանկապատանեկան էստրադային համույթի հիմնադրմամբ, որի ելույթները 70-ական թվականներին մեծ արձագանք գտան երաժշտասերների ու արվեստագետների շրջանում, հետագայում նա ձեռնամուխ եղավ երգի պետական թատրոնի ստեղծմանը, որտեղ հայ էստրադայի լավագույն ներկայացուցիչների մի հրաշալի աստղաբույլ է «ծնվել»: Այդ «երամին» միացան նաեւ արցախցի շնորհաշատ երիտասարդներ Անդրեն, Արսեն Սաֆարյանը, Ռազմիկ Ամյանը, Գայա Արզումանյանը եւ այլք, ովքեր կատարելագործելով իրենց արվեստը, պահանջված երգչի համբավ ձեռք բերեցին բեմում, արտերկրի հարթակներում: Այցելելով Ստեփանակերտ, նա հաճախ էր ինձ տեղեկացնում իր մտահղացումների մասին, եւ ես ոգեւորում, քաջալերում էի նրա խիզախ ձեռնարկումները: Վստահ էի, որ ստանձնելով «Արցախի ձայներ» նախագծի հովանավորությունը, անպայման նոր անակնկալներ էին ի հայտ գալու: Այդպես էլ եղավ: Արթուրի առաջարկությամբ ես հանձն արա գործիքավորել համույթի ելույթները: Մաեստրոյի տքնանքի արդյունքն էր, անշուշտ, այն, որ շնորհաշատ պատանիներից Վլադիմիր Արզումանյանը հաղթող ճանաչվեց մանկական «Եվրատեսիլում» եւ կրկնապատկեց բոլորիս ուրախությունը: Որքա՜ն մտահղացումներ, ծրագրեր անավարտ մնացին, որոնց իրագործմանը, որպես ընկեր ու երաժիշտ, սպասում էի հավատով: Ավա՜ղ, ճակատագիրն անողոք գտնվեց… Մեզ այսուհետ մխիթարելու են Արցախի մասին գրած նրա սքանչելի ստեղծագործությունները, որ ամեն անգամ ունկնդրելով` հիշելու ենք Արթուր Գրիգորյան տաղանդավոր երգահանին, արվեստագետին եւ սրտացավ ընկերոջը, մեր ժողովրդի նվիրյալ զավակին:
Արթուր Պետրոսյան (Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն).- Առաջին իմ հանդիպումն Արթուր Գրիգորիչի հետ 2015 թ. էր, երբ նա Ստեփանակերտ էր այցելել մայիսի 9-ի` Մեծ հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Վերածննդի հրապարակում նախապատրաստվող տոնական համերգի ծրագիրը համակարգելու նպատակով: «Արցախի ձայների» գեղարվեստական ղեկավար, պրոդյուսեր Լիրա Քոչարյանն առաջարկեց ինձ նվագակցել սաքսաֆոնով եւ գործիքավորել «Արցախ» հանրահայտ երգը, ինչն ուրախությամբ ընդունեցի: Փորձերից մեկի ժամանակ աննկատ դահլիճ մտավ Արթուր Գրիգորյանը եւ ունկնդրելով ելույթը` ծափահարեց եւ «Բրա՜վո» բացականչեց: Ես անակնկալի եկա եւ շնորհակալություն հայտնեցի գնահատանքի համար: Այդ պահից մտերմացանք, եւ նա ամուր կապ հաստատեց մեր կրթօջախի հետ: Ամեն անգամ գալով Արցախ` մեզ չէր մոռանում: Շփվում էր երեխաների հետ, հետեւում նրանց աճին, «վարպետաց դասեր» տալիս, օգնում երաժշտական գործիքներով, անհրաժեշտ գույքով եւ դասագրքերով: Երբ լսել էր, որ պատերազմի ժամանակ վնասվել է դպրոցի շենքը` շատ տխրեց, այցելեց մեզ ու աջակցեց` ինչով հնարավոր է: Ասաց. «Առանց այն էլ Արցախն անասելի հարվածներ է կրել, ու վերքերը խորն են: Երեխաները գերզգայուն ծաղիկներ են եւ չպետք է տուժեն: Նրանք շարունակ խնամք, հոգատարություն են պահանջում»: Ու իր երգով, իր արվեստով միշտ կանգնեց Արցախի կողքին` չխնայելով առողջությունը: Ու մի պահ զարմանում ես, թե այդքան սեր մի մարդու մեջ ինչպե՞ս է կուտակվել…
Տաթեւ Բալայան (ԱՀ վաստակավոր արտիստուհի, «Արցախ» էստրադային համույթի մենակատար).- Դժվարանում եմ հավատալ, որ Արթուր Գրիգորիչն այլեւս մեզ հետ չէ, ում խորհրդի, հորդորների եւ քաջալերանքի կարիքը միշտ զգացել ենք: Նա շատերիս հոգեւոր հայրն էր, եւ անկեղծորեն հպարտանում էինք նրա կերպարով, պայծառ տաղանդով: Սիրելի վարպետի մահով ասես մի տեսակ որբացանք: Ես նրա «Արցախ» երգի առաջին կատարողներից մեկն եմ, որ ներկայացրել եմ նաեւ արտերկրում: Այն յուրահատուկ այցեքարտ է դարձել հայերի համար, որը միշտ վառ կպահի մաեստրո Արթուր Գրիգորյանի պայծառ հիշատակը: