Հանրության շերտերը տարբեր են։ Այո, կա ընդհանուր բնութագիր, ընդհանրական նկարագիր, պատկերացում։ Բայց յուրաքանչյուր խնդիր քննարկելիս արդեն այդ ընդհանուր բնութագրից տարբեր հատվածներ ես «պոկում»՝ տարբեր շերտերի հասկանալու եւ, ըստ այդմ, խնդրի խորքն այդ տեսանկյունից այդ շերտերին ներկայացնելու համար։
Պատերազմից հետո Արցախի մի մասի կորուստը եւ դրա հետեւանքով տարածաշրջանում մեր աշխարհաքաղաքական դերի փոփոխությունն ու դրանից բխող հետեւանքներն իսկական ողբերգություն էին հանրության մեծ մասի համար։ Այս հատվածի համար հայրենիքի կորուստը սրբազան տարածքի կորուստ է։ Սա այն հատվածն է, որն ունի գիտակցական ու զգացական ինքնաճանաչողություն, որ գենետիկորեն ամուր կառչած է իր հայրենիքի ամեն մի անկյունին, որ թեեւ հիմա ծնկած, բայց ոչնչացված չէ եւ նաեւ գիտի ողնաշարն ուղղելու ձեւերը։
Հանրության մեկ այլ հատվածի համար Արցախի մեծ մասի կորուստն ու հետեւանքները բացատրելիս ստիպված ենք լինում փոքր-ինչ, այսպես ասած, նյութականացված խոսել, այն է՝ ինչ ջրային պաշարներ, քանի ՀԷԿ-եր, տարեկան քանի տոննա հացահատիկ, գյուղատնտեսական նշանակության ինչ հողատարածքներ, ինչ կարեւորության քարանձավներ ու էկոհամակարգեր կորցրինք եւ այլն։
Հիմա հենց ա՛յս համապատկերում փորձենք անդրադառնալ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, դրա առաջ քաշվող տարբերակներին։ Գիտենք՝ ամենաառաջին ու գխավոր թեզը, որ շրջանառվում է, էժան ապրանքի ներմուծմանն է վերաբերում։ Արդյոք այդպե՞ս կլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ու Թուրքիան տարբեր մաքսային միությունների երկրներ են։ Առաջ անցնելով ասենք՝ բնականաբար, նախնական պատասխանը, որ կհնչի, մոտավորապես հետեւյալն է՝ իսկ մինչեւ հիմա էժան չէ՞ր, այսուհետ էլ այսպես կլինի։
Այժմ հասկանանք՝ ինչի՞ հաշվին էր այդ էժանությունը, եւ ի՞նչ է լինելու իրականում։ Նախ՝ ինչպես բացատրում է էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, «սահմանը բացելն» ամենեւին չի նշանակում սահմանի վերացում։ «Սահման բացելը» բնավ չի նշանակում ազատ առեւտրի ռեժիմի սահմանում եւ «էժան ապրանք»՝ երբե՛ք, եւ ոչ մի առումով, առավել եւս՝ Թուրքիայի պարագայում։ «Բանն այն է, որ ի թիվս բազմատեսակ ու բազմաթիվ հարյուրավոր այլ խնդիրների եւ առկա խոչընդոտների՝ Հայաստանը ԵԱՏՄ մաքսային միության անդամ երկիր է, իսկ Թուրքիան՝ 1995 թվականից՝ Եվրոպական մաքսային միության անդամ։ Հետեւաբար, տվյալ աշխարհաքաղաքական իրադրությունում (մասնավորապես՝ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների այս պայմաններում ) տեսանելի ապագայում գործնականում, միջազգային իրավական եղանակով բացառված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի (ասել է թե՝ առանց մաքսատուրքերի եւ առանց տեխնիկական խոչընդոտների ) ռեժիմի սահմանումը։ Ոչ ԵԱՏՄ-ն, ոչ Եվրոպական մաքսային միությունը չեն կարող Հայաստան-Թուրքիա սողանցքով ապահովել միմյանց միջեւ ազատ առեւտրի ռեժիմի գոյությունը։ Դա պարզապես անհնարին է։ Այն տեսականորեն կարող է իրականություն դառնալ միայն մեկ դեպքում՝ եթե ԵԱՏՄ-ն եւ Եվրոպական մաքսային միությունը կնքեն այդ ռեժիմի սահմանումը հնարավոր դարձնող որեւէ համաձայնագիր։ Հետեւաբար, պետք է տեսանելի ապագայում մոռանալ նաեւ «…սահմանը բացելու դեպքում էժան թուրքական ապրանքի» մասին, որովհետեւ այն հերթական հնարք է»,-նշում է Կ. Ճշմարիտյանը։
Գանք այն հարցին, թե ինչի՞ հաշվին է թուրքական ապրանքը ցայսօր էժան եղել։ Նրա խոսքով՝ «եթե թուրքական ապրանքը մինչ այսօր էժան է եղել, ապա դա հետեւանքն է այն բանի, որ դրանք ներմուծվում են, որպես անձնական բեռ կամ այլ ճանապարհով, որովհետեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն չունի արտաքին տնտեսական հարաբերությունները կանոնակարգող որեւէ երկկողմ կամ բազմակողմ փաստաթուղթ, այդ թվում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ձեւաչափով»։
Հետեւաբար՝ «հարաբերությունները կարգավորելու պայմաններում՝ դրանք առավել թանկ են լինելու՝ մաքսատուրքեր, քվոտաներ, արտոնագրեր, ԵԱՏՄ կարգավորումներ, արտահանման սուբսիդիաների սահմանափակումներ եւ այլն»։