Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը (հարցը չզեկուցվողների շարքից էր): Այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխությունների նպատակը նշված օրենքների առանձին կարգավորումների հստակեցումն է, ինչպեսեւ՝ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը:
Բանն այն է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 20-րդ եւ 22-րդ հոդվածների համաձայն՝ եթե անձը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում է ստանում, ապա չի կարող ստանալ զինվորական կենսաթոշակ։ Համանման կարգավորում նախատեսված է նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 8-րդ մասով՝ պարգեւավճարների համար։ Սա նշանակում է, որ գործող կարգավորումների համաձայն՝ մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով հիմնադրամից հատուցում ստացող անձը չի կարող միաժամանակ ստանալ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ (զինծառայողի առողջությանը վնաս պատճառված լինելու դեպքում) կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (զինծառայողի կյանքին վնաս պատճառված լինելու դեպքում) եւ նշված կենսաթոշակների ստանալու իրավունքին փոխկապակցված՝ պարգեւավճար։
Բայց նույնաբովանդակ կարգավորում նախատեսված չէ աշխատանքային կենսաթոշակների համար։ Արդյունքում, օրինակ, զոհված զինծառայողի ընտանիքի անդամը, որ հիմնադրամից հատուցում է ստանում, չի կարող կերակրողին կորցնելու դեպքում ստանալ զինվորական կենսաթոշակ, սակայն կարող է կերակրողին կորցնելու դեպքում ստանալ աշխատանքային կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ։
Ըստ այդմ, ըստ ԱՍՀ նախարարության, անհրաժեշտ է հստակեցնել, որ հիմնադրամից հատուցում ստացող անձը հատուցում ստանալու ժամանակահատվածում մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով չի կարող ստանալ հաշմանդամության աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ (հաշմանդամության նպաստ) կամ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ (կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ)։ «Սա նշանակում է, որ խնդիրը պետք է կարգավորել այնպես, որ վերը բերված օրինակում անձը կարողանա հիմնադրամից ստանալ հատուցում եւ միաժամանակ տարիքային, երկարամյա ծառայության, մասնակի, արտոնյալ աշխատանքային կենսաթոշակներ, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ, ծերության նպաստ։ Իսկ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի/նպաստի իրավունք անձը կունենա, եթե այդ կենսաթոշակը/նպաստը չի նշանակվում մարտական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողի գծով»։
Ուստի, մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով սոցիալական աջակցության հավասար պայմաններ ապահովելու համար, այս դեպքում նպատակահարմար է նույնականացնել աշխատանքային, զինվորական կենսաթոշակների, նպաստների իրավունք տվող պայմանները։
Կամ՝ աշխատանքային կենսաթոշակների (արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի) համար սահմանված են համապատասխան տեսակի կենսաթոշակը նշանակելու ժամանակահատվածները, որոնցում, սակայն, հաշվի չի առնվել օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը, ինչն անհրաժեշտ է ամրագրել օրենքում։
Դարձյալ ըստ ԱՍՀ նախարարության՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումն ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի տոկոսային չափով (յուրաքանչյուր երեխայի դեպքում՝ 60 տոկոսը, երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի դեպքում՝ 80 տոկոսը, չափահաս անդամի համար՝ 40 տոկոսը)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մահացած կերակրողը կարող է ունենալ 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ, նպատակահարմար է այս դեպքում կենսաթոշակի չափը փոխկապակցել զինծառայության փաստացի ստաժի հետ։
Այս եւ այլ հստակեցումների նպատակով էլ հավանության արժանացան հիշյալ օրինագծերը։ Նախագծերի ընդունման դեպքում լրացուցիչ միջոցները, կապված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանների փոփոխությամբ, կֆինանսավորվեն սոցիալական ոլորտին 2022 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին։ Իսկ հաջորդ տարիներին ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարների հարցը կքննարկվի համապատասխան բյուջետային գործընթացների շրջանակներում՝ նախարարության բյուջետային հայտի հիման վրա։