«Տեսնո՞ւմ ես այն կատարողին։ Նա հայուհի է»,- ասում եմ Վալենսիայի օպերայի համերգային դահլիճում կողքս նստած իսպանացուն։
«Հետաքրքիր է,- պատասխանում է նա անմիջապես եւ հավելում (ընդգծելու համար, որ ինքը եւս ճանաչում է ոմանց այդ նվագախմբում):- Այն մյուսն էլ է օտար։ Աջից նստածը»։
«Այո, այո,- համաձայնում եմ ես՝ առանց նայելու աջ կողմը։- Իսկ նա` այն հայուհին, մեր Տաթեւիկն է»։
Խոսքը Տաթեւիկ Խաչատրյանի՝ Աստուրիայի իշխանության սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակ Սուրեն Խաչատրյանի (ում մասին դեռ առանձին կխոսենք) եւ Ավիլեսի կոնսերվատորիայի դաշնամուրի մանկավարժ Նարինե Կարապետյանի դստեր մասին է։ Ընդամենը 10 տարեկան էր Տաթեւիկը, երբ նրանց ընտանիքը հաստատվեց Իսպանիայում։ Ջութակի դասեր ստացավ նախ հանրահայտ Հմայակ Դուրգարյանի մոտ, ում անունը նույնպես սերտորեն է կապված հիշյալ նվագախմբի հետ։ Այնուհետեւ շարունակեց ուսումը Լոնդոնում (մանկավարժ՝ Ֆ. Անդրիեւսկի) եւ կատարելագործվեց Հոլանդիայում (մանկավարժ՝ Բ. Բելկին)։ Հարցնելու հնարավորության դեպքում նրանք բոլորն էլ անպայման ջերմ խոսքեր կշռայլեն իրենց հրաշալի սանի մասին։ Երաժշտական կատարողական տաղանդով օժտված ջութակահարուհու մասնակցությունը համերգներին, տեղական ու միջազգային մրցույթներին հագեցած ու բովանդակալից է։
Ուրիշ է աշխարհը, որում ապրում է նա եւ որին այդչափ նվիրված է։ Հնչյունների գեղեցիկ ու մոգական տիրույթում է այդ աշխարհը։ Կախարդական մի միջավայր, որից ներս միշտ ինչ-որ նոր բան ես գտնում քեզ համար ու բացահայտում։ «Երբ մանուկ հասակից ապրում եւ շփվում ես այդ աշխարհում,- ասել է նա մի առիթով,- ապա սկզբից դա քո հետաքրքրությունն է շարժում։ Որպեսզի շատ չանցած արդեն քո կիրքը դառնա այն ամենը, ինչ յուրացրել ու սիրել ես»։
Այդքանով հանդերձ` նա միշտ մոտ է իր ազգին, իր սեփական ակունքներին։ Հայաստանին, մեր ժողովրդին նվիրված որեւէ միջոցառում ջանում է բաց չթողնել: Մեծ ձգտումներով այսօր էլ շարունակում է իր առաքելությունը թե՛ որպես կատարող (ծրագրերում ըստ հնարավորության ընդգրկելով նաեւ հայ հեղինակների ստեղծագործություններ), թե՛ մանկավարժ Բալեարյան կղզիների բարձրագույն կոնսերվատորիայում։
Արթուր ՂՈւԿԱՍՅԱՆ
Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար