Աստված տասը պատվիրանները Մովսեսին տվեց Սինա լեռան վրա, եգիպտական գերությունից դուրս գալու հիսուներորդ օրը։ Աստված քարե տախտակների վրա գրեց պատվիրանները եւ տվեց Մովսեսին։ Քառասուն օր ու գիշեր Մովսեսը մնաց Սինայի վրա, եւ երբ պատվիրաններով քարե տախտակներով իջավ այնտեղից, տեսավ, որ ժողովուրդը, անտեսելով իր հանձնարարությունը եւ խախտելով պատվիրաններից մեկը, ձուլել է Ոսկե հորթ եւ երկրպագում է կուռքին։ Բարկությունից Մովսեսը ջարդեց քարե տախտակները, սակայն Աստված Մովսեսին պատվիրեց նորից սարքել քարե տախտակներ եւ դարձյալ դրանց վրա գրեց պատվիրանները։
Ա. «Ես եմ Եհովան քո Աստուածը, որ քեզ Եգիպտոսի երկրիցը՝ ծառայութեան տանիցը հանեցի։ Ուրիշ աստուածներ չունենաս իմ առաջին…»:
Առաջին պատվիրանի համաձայն՝ չկա եւ չի կարող լինել այլ աստված, բացի Իրենից։ Սա միաստվածության ելակետային աքսիոման է։ Առաջին պատվիրանում ասվում է այն մասին, որ այն ամենը, ինչ գոյություն ունի, արարված է Աստծո կողմից, գոյություն ունի Աստծով եւ վերադարձվելու է Աստծուն։ Աստված չունի սկիզբ եւ վերջ։ Նրան հասնել անկարելի է, Նա անհասանելի է։ Մարդու եւ բնության ողջ զորությունը Աստծուց է, եւ չկա զորություն Աստծուց դուրս, եւ չկա իմաստնություն Աստծուց դուրս, եւ չկա գիտելիք Աստծուց դուրս։ Աստծո մեջ է սկիզբը եւ վերջը, Նրանում են ողջ սերն ու բարությունը։
Մարդուն պետք չեն աստվածներ, բացի Արարիչից։ Եթե դու ունես երկու աստված, ապա դա չի՞ նշանակում, արդյոք, որ նրանցից մեկը սատանան է։
Այսպիսով, ըստ առաջին պատվիրանի, մեղք են համարվում.
-աթեիզմը,
-սնապաշտությունն ու էզոտերիկան,
-բազմաստվածությունը,
-մոգությունն ու կախարդությունը,
-կրոնի ստահոդ մեկնությունը
-աղանդներն ու սուտ վարդապետությունները։
Բ. «Քեզ համար կուռք չշինես, ոչ մի բանի նմանութիւն՝ վերեւում երկնքի մէջ՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերի մէջ: Երկրպագութիւն չանես նորանց, եւ նորանց չպաշտես»:
Աստծո մեջ է կենտրոնացած ողջ զորությունը։ Միայն Նա կարող է օգնել մարդուն, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Իսկ մարդը, շատ հաճախ օգնության համար դիմում է միջնորդներին։ Բայց եթե ենթադրենք, թե Աստված չի կարող օգնել, մի՞թե կարող են օգնել միջնորդները։ Երկրորդ պատվիրանի համաձայն՝ չի կարելի աստվածացնել մարդկանց ու առարկաները։ Դա կհանգեցնի մեղքի եւ հիվանդությունների։
Ավելի պարզ ասած՝ չի կարելի խոնարհվել Աստծո ստեղծածների առաջ, Աստծո առաջ խոնարհվելու փոխարեն։ Առարկաների, իրերի պաշտամունքը հավասարազոր է կռապաշտության, հեթանոսության։ Այսուհանդերձ, ակնածանքը սրբապատկերների հանդեպ չի համարվում կռապաշտություն։ Համարվում է, որ խոնարհման աղոթքներն ուղղված են անմիջապես Աստծուն, այլ ոչ թե այն նյութին, ինչից պատրաստված է սրբապատկերը։ Մենք դիմում ենք ոչ թե կերպարին, այլ Նախատիպին։ Դեռ Հին Ուխտում են նկարագրված Աստծո պատկերագրությունները, որոնք ստեղծվում էին Նրա կամքով։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ