Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտի 9-ին կայցելի Թուրքիա: Այդ մասին հունվարի երկրորդ տասնօրյակում հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք բանակցություններ ենք վարում նախագահ Հերցոգի հետ: Պարոն Հերցոգը կարող է այցելել Թուրքիա»,- Ալբանիա կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել էր Էրդողանը: Իսրայելական աղբյուրներն այդ ժամանակ շտապեցին նշել, որ խոսքը նախնական բանակցությունների մասին է: Իսկ Թուրքիա Հերցոգի այցի ժամկետները հայտնի դարձան ավելի ուշ:
Սա մի թեմա է, որը հետաքրքրում է նաեւ հայ ընթերցողներին: Իսրայելն արցախյան 44-օրյա պատերազմում կանգնեց Ադրբեջանի կողքին՝ զենք եւ զինամթերք մատակարարելով նրան, իսկ նույն ժամանակահատվածում լարված հարաբերություններ ուներ Անկարայի հետ: Բայց նաեւ պարզ է, որ Ադրբեջանը, ըստ էության, լուծում էր թուրքական ծավալապաշտության խնդիրները: Վերջին տարիներին Իսրայելը լավ հարաբերություններ է կառուցել Հունաստանի ու Կիպրոսի հետ, որոնց համար Թուրքիան միանշանակ սպառնալիք է: Եվ այսօր, երբ խոսվում է Անկարայի հետ Թել Ավիվի հնարավոր մերձեցման մասին, հարց է առաջանում, թե ինչ հեռանկար ունեն իսրայելա-հունական կամ իսրայելա-կիպրոսյան հարաբերությունները:
Մի աղբյուր, որը ծանոթ է բանակցությունների մանրամասներին, իսրայելական «Haaretz»-ին ասել է, որ Թուրքիայի հետ առավել սերտ շփումներ չեն հաստատվի Իսրայելի այն դաշնակիցների հետ ամուր կապերի հաշվին, որոնք լարված հարաբերություններ ունեն Անկարայի հետ: Խոսքը Կիպրոսի եւ Հունաստանի մասին է: Ավելին՝ թուրքերի հետ հարաբերություններում իսրայելցիների ձեռնարկած քայլերը համակարգվում են այդ երկու երկրների հետ: Ինչպես տեղեկացնում է «The Jerusalem Post»-ը, Թուրքիա այցի նախօրեին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կմեկնի Հունաստան եւ Կիպրոս՝ Աթենքին ու Նիկոսիային վստահեցնելու, որ Անկարայի հետ մերձեցումը տեղի չի ունենա սերտ կապերի հաշվին, որոնք վերջին տարիներին հրեական պետությունը հաստատել է նրանց հետ: Նշենք նաեւ, որ Հերցոգն օրեր առաջ իր նստավայրում ընդունել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ում անունը շատ լավ հայտնի է հայկական լսարանին:
Նկատի ունենալով, որ պետությունների միջեւ հարաբերությունները պաղեստինյան հարցի պատճառով ցածր մակարդակի վրա են, Իսրայելի նախագահի այցը հատուկ նշանակություն է ստանում: Իսրայելական պաշտոնյաների կարծիքով՝ հանդիպումը հնարավորություն կտա շոշափել նորմալացման հեռանկարների հիմքը։ Այս առումով լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Արեւելա-միջերկրածովյան գազատարի նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը, որն ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով կորցնում է իրագործման հնարավորությունները։ Անկարան դեմ չէ՝ իսրայելցիներին միացնելու իր գազային ենթակառուցվածքին։
«Haaretz» թերթի իսրայելական աղբյուրներից մեկը սպասվող բանակցություններն անվանել է Անկարայի մտադրությունների լրջության ցուցիչ։ «Նախագահների մակարդակով հանդիպումը գործիք է, որը կարելի է օգտագործել,- ասել է նա։-Նախագահն Իսրայելում խորհրդանշական կերպար է, այլ ոչ թե քաղաքական, բայց, ամեն դեպքում, Հերցոգն ինքնուրույն բանակցություններ է վարելու թուրքերի հետ»: Նրա խոսքերով՝ դա փորձնական օդապարիկ է, որի արձակումը հնարավորություն կտա վերլուծել թե հեռանկարները, թե հետեւանքները։ Իսրայելական պաշտոնյաներից «Haaretz»-ի մեկ այլ աղբյուր բացատրել է. «Ձեւավորվում է որոշում՝ Թուրքիայի հետ հարաբերությունները «սառեցվածից» փոխելու «զովի»: Խորհրդանշական քայլերի բոլոր տեսակներն սպասելի են»։
Նման գործողություններ կարող են լինել դեսպանների փոխանակումը կամ բիզնես գործարքների վերաբերյալ սկզբունքային համաձայնությունը։ Առավել եւս, որ տնտեսությունն այն ոլորտն է, որն Անկարան որպես առաջնահերթություն է առանձնացնում իսրայելցիների հետ մերձեցման մասին խորհելիս։ Այսպես՝ հունվարի 18-ին Էրդողանը հիշեցրել է, որ իր փեսան՝ Թուրքիայի էներգետիկայի նախկին նախարար Բերաթ Ալբայրաքը, բանակցություններ է վարել հրեական պետության հետ, «որի ընթացքում ձեռք է բերվել կոնկրետ նպատակ՝ Իսրայելից գազ մատակարարել դեպի Եվրոպա Թուրքիայի տարածքով»։ «Մենք կարող ենք դա հենց հիմա նորից անել»,- վստահություն է հայտնել Թուրքիայի ղեկավարը՝ ուշադրություն դարձնելով այն բանին, որ Իսրայելի կառավարությունը վարչապետ Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ «որոշ դրական մոտեցումներ ունի այս հարցում»։
Անկարայի համար հարմար իրավիճակ են ստեղծել Արեւելա-միջերկրածովյան գազատարի (EastMed) ստեղծման նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության նվազման մասին հաղորդումները։ Գազամուղը պետք է Իսրայելի եւ Կիպրոսի ափերի հանքավայրերը կապեր Հունաստանի եւ Իտալիայի հետ։ Ամերիկացի պաշտոնյաների դիվանագիտական նամակագրությունը, որը հայտնվել է ԶԼՄ-ներում, ցույց է տվել, որ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը ցանկանում է հեռու մնալ էներգետիկ նախաձեռնությունից, որը «Թուրքական հոսքի» անմիջական մրցակիցն է։ Անկարայում «EastMed»-ի մասին լուրերը դրական են ընդունվել։ «Middle East Eye» արաբական պորտալի թուրքական աղբյուրներն այն ժամանակ նշել են, որ իրենք չեն զարմացել նման որոշումից, քանի որ ի սկզբանե չէին հավատում նախագծի իրագործելիությանը։
Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ էներգետիկ համագործակցության գաղափարն առաջ է քաշել Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Ջիհաթ Յայջին, ով, չնայած պաշտոնական կարգավիճակի բացակայությանը, համարվում է տեղական էլիտայի մի մասի կարծիքի արտահայտիչը։ Թել Ավիվի համալսարանի Դայան Մոշեի անվան Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հետազոտությունների կենտրոնի կողմից տպագրվող «Turkeyscope» ամսագրում 2020 թ. հրապարակած իր հոդվածում պաշտոնաթող հրամանատարը հրեական պետությանն առաջարկել է համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ ծովային սահմանների սահմանազատման մասին, որը լիովին կփոխի Միջերկրական ծովում երկու երկրների իրավասությունների ընկալումը։ Հոդվածն ընդունվել է որպես բաց ազդանշան հաշտեցման անհրաժեշտության մասին:
Թուրքիան եւ Իսրայելը վերականգնելու բան ունեն. Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2010 թ.՝ այն բանից հետո, երբ մայիսի 31-ի գիշերը 10 ակտիվիստներ սպանվեցին թուրքական «Մավի Մարմարա» լաստանավի վրա Իսրայելի ռազմածովային ուժերի հարձակման հետեւանքով: Միջադեպն աննախադեպ ճգնաժամ առաջացրեց թուրք-իսրայելական՝ տասնամյակների սերտ հարաբերություններում, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում։ 2016 թ. երկրները կարգավորեցին հարաբերությունները, սակայն նախկին գործընկերությանը վերադարձ տեղի չունեցավ։ Մերձավորարեւելյան երկու խաղացողների միջեւ կապերը հարվածի տակ ընկան նաեւ 2018 թ., երբ Իսրայելն ուժ կիրառեց Գազայի սահմանի վրա տեղի ունեցած անկարգությունների ընթացքում: Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը շարունակում է քննադատել պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը՝ կապված Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում «անօրինական բնակեցումների», ինչպես նաեւ Գազայում հումանիտար իրավիճակի հետ: Վերջին տարիներին Իսրայելն արագորեն մերձենում է Թուրքիայի բոլոր տարածաշրջանային հակառակորդների, հատկապես Արեւելյան միջերկրածովյանում` Հունաստանի, Կիպրոսի եւ Եգիպտոսի հետ:
Եթե Արեւելյան միջերկրածովյանում հարեւանի հանդեպ Անկարայի հավակնությունները վերաբերում են պաղեստինցիների իրավունքների պահպանմանը, ապա Իսրայելը, իր հերթին, հարցեր ունի՝ թուրքական կողմի՝ ՀԱՄԱՍ խմբավորման հետ կապեր ունենալու վերաբերյալ։ Ինչպես հետեւում է իսրայելցի պաշտոնյաների հայտարարություններից, Անկարան վերջերս ցուցադրել է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու նաեւ այս հարցում. հրեական պետությունում գրանցել են Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի գործունեությունը սահմանափակելու փորձերը։
Բացառված չէ, որ այս գործոնների համակցությունն իսկապես ազդի միջերկրածովյան երկու երկրների՝ կապերն ամրապնդելու որոշման վրա։ Այլ հարց է, թե դրան ինչպես կարձագանքեն «EastMed» նախագծի մյուս մասնակիցները, որոնք երկար ժամանակ, ի դեմս Իսրայելի, գործընկերոջ են տեսել: