Ռուս-ուկրաինական հակամարտությունում առանձնակի ակտիվություն է ցուցաբերում Թուրքիան, ինչը լիովին կանխատեսելի էր: Այդ երկիրը մինչեւ բուն հակամարտության սկսվելն էլ հնարավոր բոլոր միջոցներով խրախուսում էր Ուկրաինային՝ բայրաքթարներ եւ այլ զինատեսակներ վաճառելով, Ղրիմը եւ Դոնբասի հանրապետությունները չճանաչելով: Անկարան Ուկրաինայում գործընթացներ էր սկսել բայրաքթարների արտադրություն հիմնելու համար: Այն ժամանակ, երբ Արցախում հրահրած ռազմական ագրեսիայում թուրք ռազմական օպերատորների կողմից բայրաքթարների լայն կիրառման համար մի շարք երկրներ հրաժարվեցին այդ զինատեսակի արտադրության անհրաժեշտ պահեստամասեր վաճառել Թուրքիային, Ուկրաինայի գործարանը սկսեց շարժիչներ մատակարարել այդ մահաբեր զինատեսակի համար: Բայրաքթարներն արդեն օգտագործվում էին մինչեւ ռազմական գործողությունների մեկնարկը Դոնբասում՝ տեղի ինքնապաշտպանական ուժերի հրետանային միջոցները ոչնչացնելու համար:
Նաեւ Անկարայի քաջալերմամբ էր Կիեւը մոտ 150 հազարանոց զինուժ կուտակել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների սահմաններին, ինչն ավելի շուտ Ռուսաստանին ռազմական գործողությունների դրդելու սադրանք էր, քան Դոնբասում ռազմական գործողությունների դիմելու իրական փորձ: Միտումների այս համապատկերին պատահական չէ, որ Ուկրաինան առաջինը հասցեական դիմեց Թուրքիային աջակցություն ստանալու համար: Վերջինս ՆԱՏՕ-ի անդամ պետություններից ամենամոտն է Ուկրաինայի եւ Ռուսաստանի սահմաններին: Էրդողանն էլ անմիջապես անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որից հետո դատապարտեց Ռուսաստանի քայլերը, եւ այդքանով, ամենայն հավանականությամբ, հարցը կփակվի: Թուրքիան չի ցանկանա հարաբերությունները վատացնել Ռուսաստանի հետ, իսկ Անկարայից արված հայտարարությունները չեն կարող տարբերվել ՆԱՏՕ-ի մյուս անդամների դիրքորոշումներից:
Ռուսաստանի ռազմական օպերացիայի առաջին գործողությունը եղել է Ուկրաինայի ռազմական ներուժի ոչնչացումը, այդ թվում՝ բայրաքթարների ռազմաբազան: Թուրքիան ռազմական գործողությունների առաջին իսկ օրն արդեն սկսել է իր տարածքից ծանր ռազմական ինքնաթիռների թռիչքը Ուկրաինա: Ամենայն հավանականությամբ, դրանք բայրաքթարների նոր խմբաքանակներ են, ինչն Էրդողանը միանշանակ Զելենսկու «գեղեցիկ աչքերի համար» չի ուղակում, այլ վաճառում է Ուկրաինային: Այլ կերպ ասած՝ Անկարան սկսել է բիզնեսն ուկրաինական պատերազմում. չէ որ ցանկացած մեծ պատերազմ նաեւ մեծ բիզնես է, հատկապես սեփական ռազմական արդյունաբերություն ունեցող այնպիսի պետության համար, ինչպիսին Թուրքիան է: Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջին իսկ օրվա գիշերն արդեն համացանցում տարածվեցին բայրաքթարներով ռուսական զորքերի ռազմատեխնիկայի ոչնչացման տեսաձայնագրություններ:
Մեկնարկած ռազմական գործողությունները Ռուսաստանում, բնականաբար, մանրակրկիտ հաշվարկված էին, եւ պատահական չէր, որ ռուսական զորքերի հիմնական առաջխաղացման ուղղությունն Ուկրաինայի ողջ հարավով էր, մինչեւ Բուլղարիայի սահմանը: Պարզ է, որ Ռուսաստանը կանխատեսել էր Թուրքիայից օգնությունը եւ հենց առաջին օրը փորձել է Ուկրաինայի ծովային եւ ցամաքային հարավային հատվածները վերցնել իր հսկողության տակ՝ կտրելով այդ երկրների ջրային եւ ցամաքային կապը:
Միանշանակ է նաեւ, որ Թուրքիան Ուկրաինայի պատճառով չի վատացնի իր՝ առանց այն էլ փխրուն հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ այն պարզ պատճառով, որ դա իրեն շահավետ չէ: Ուկրաինայում Անկարայի հիմնական նպատակը Ղրիմն է, իսկ ՌԴ-ի համար դա կարմիր գիծ է, իր սուվերեն տարածքը, եւ այդ ուղղությամբ ցանկացած գործողություն լայնամասշտաբ պատերազմ կնշանակի: Անկարայի համար այսօր Ուկրաինան հետաքրքիր է միայն ռազմական արտադրության շուկայի տեսանկյունից, եւ պատերազմն այդ ուղղությամբ լայն հնարավորություններ բացեց Թուրքիայի համար: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այսօր լծված է Ուկրաինայում իր բիզնես շահերն առաջ տանելով՝ այն դեպքում, երբ դաշինքի մյուս անդամները, օրինակ՝ Ֆրանսիան, հայտարարել է 300 մլն եվրոյի ռազմական օգնության տրամադրման մասին, ինչն ԱՄՆ-ն եւ Բրիտանիան անում էին դեռ հակամարտության բռնկումից առաջ: Անկարան չի ցանկանա նաեւ Ուկրաինայի պատճառով Մոսկվայի հետ փոխգործակցության հավասարակշռությունը խախտել Սիրիայում եւ Արցախի շուրջ: