Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին գրեթե աննկատ մնաց Ղրիմի թերակղզու ջրամատակարարման վերականգնումը։ Մինչեւ 2014 թ. Ղրիմի քաղցրահամ ջրի կարիքների մինչեւ 85 տոկոսն ապահովում էր Ուկրաինան Դնեպր գետից եկող Հյուսիսային Ղրիմի ջրանցքի միջոցով։ Սակայն թերակղզին Ռուսաստանին միացնելուց հետո ամբողջությամբ դադարեցվեց Ուկրաինայի տարածքից Ղրիմի ջրամատակարարումը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ «ռուսական զորքերի ելքը Խերսոն ապահովված է», ինչի շնորհիվ վերականգնվել է թերակղզու ջրամատակարարումը Հյուսիսային Ղրիմի ջրանցքից: Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը կարգադրել էր շրջանի ջրային տնտեսության հողի բարելավման պետական կոմիտեին նախապատրաստել Հյուսիսային Ղրիմի ջրանցքը՝ Ուկրաինայի տարածքով Դնեպրից ջուր ստանալու համար։ 2014-ից հետո ջրի խնդիրը խիստ օրակարգային է եղել թերակղզու համար։ 2020 թ. Ղրիմում ջրամատակարարման հետ կապված իրավիճակը դարձել է կրիտիկական, այն ամենաչորն է եղել վերջին 150 տարվա ընթացքում։ Քիչ քանակությամբ տեղումներն ու ոչ ձյունառատ ձմեռը հանգեցրել են երաշտի։ 2020-2021 թթ. երաշտի պատճառով ջրի պակաս է զգացվել թերակղզու հարավում եւ կենտրոնում։ Պատկերն ինչ-որ չափով բարելավվել է առատ ձյան շնորհիվ, ջրամբարների զբաղվածությունը մեծացել է նախորդ տարիների համեմատ։
Վերջին տարիներին Ղրիմում ջրի պաշարները համալրվում էին բնական արտահոսքի ջրամբարներից եւ ստորգետնյա աղբյուրներից։ Բնապահպանների կարծիքով՝ ստորգետնյա աղբյուրներից ջրի կանոնավոր օգտագործումը թերակղզում հողի աղակալման պատճառ է դարձել։ Ռուսաստանի իշխանությունները միլիարդավոր ռուբլիներ են հատկացրել նոր ջրատարների, ջրառների կառուցման եւ հորատանցքերի հորատման համար։ Մասնավորապես՝ իշխանությունները մտադիր են երկու նոր ջրամբարներ կառուցել Ալուշտայի մոտ եւ Բախչիսարայի շրջանում։ Չնայած այդ ամենին՝ Ղրիմի ջրամատակարարումը մնում էր բնության եւ ջրմուղագործների հույսին։ Ավելին՝ այս տարվա կտրվածքով առատ տեղումների արդյունքում Ղրիմում կրկին բավականաչափ ջուր կա։
Ջրային անվտանգությունը պետությունների եւ նրանց բնակիչների համար կարեւորագույն խնդիրներից է։ Ղրիմի ջրամատակարարման հարցը հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար այնքանով, որքանով ջրային ռեսուրսների տնօրինման հարցը կենսական է բոլորի համար։ Այդ մարտահրավերին առնչվում ենք նաեւ մենք հատկապես Քարվաճառի շրջանն Ադրբեջանին հանձնելուց հետո։
Անցած տարվա մայիսի 7-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նամակներ էր հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։ Նամակներում, մասնավորապես, նշվում էր, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան լուրջ սպառնալիքներ է ստեղծել Արցախի Հանրապետության ջրային անվտանգության համար։ 2020 թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Քարվաճառի շրջանը, որն Արցախի ջրային ռեսուրսների հիմնական աղբյուրն է։ Այժմ Արցախի Հանրապետությունում օգտագործվող ջրի մոտ 98 տոկոսը սկիզբ է առնում Քարվաճառում։ Այնտեղ են նաեւ Սեւանա լիճը սնուցող Արփա եւ Որոտան գետերի ակունքները։ Սեւանում է կենտրոնացած Հայաստանի ջրային ռեսուրսների 80 տոկոսը, արդյունքում առանց այդ գետերի Սեւանին բնապահպանական աղետ է սպառնում։ ԱԳ նախարարն ընդգծել էր արցախցիների ջրօգտագործման իրավունքի եւ հանրապետության ջրային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Նկատենք, որ Ադրբեջանն արդեն իսկ աշխատանքներ է կատարում Քարվաճառում գտնվող ջրերի աղբյուրների եւ գետերի բնականոն հուները փոխելու ուղղությամբ, նաեւ ջրամբարներ է կառուցում, որպեսզի սահմանափակվի դրանց հոսքը Հայաստանի եւ Արցախի տարածքներ: Այս քաղաքականությունը նոր չէ Ադրբեջանի համար, դեռեւս խորհրդային տարիներին Ադրբեջանի իշխանությունները վարում էին այսպես կոչված ջրահաբեկչության քաղաքականություն։ ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» հանդեսում տարիներ առաջ հրապարակված հոդվածում փոխգնդապետ Արսեն Յալանուզյանն անդրադարձել է այս խնդրին՝ նշելով, որ «ադրբեջանցիները ջրամբարները կառուցում էին նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս եւ այդպիսով թույլ չէին տալիս, որպեսզի հայերն օգտագործեն իրենց գետերի ջրերը, ինչի հետեւանքով ԼՂԻՄ-ում գյուղմթերքի բերքատվությունը ԽՍՀՄ միջին մակարդակից ցածր էր»: 1980-ականների վերջին Արցախի 218 հազար հեկտար մշակովի ցանքատարածություններից ոռոգվող էր ընդամենը 26.2 հազար հեկտարը կամ 12 տոկոսը: Մինչդեռ Արցախը հարուստ է ջրային պաշարներով. նախկին ԼՂԻՄ գետերի միջին տարեկան հոսքը կազմում է 942 մլն խմ, որը մեկ տարվա ընթացքում այդ գետերի բերած ջրի ընդհանուր ծավալն է։ Այն 2.6 անգամ ավելին էր 200 հազար բնակչությանն անհրաժեշտ ջրի քանակից, այնինչ ԼՂԻՄ-ի բնակչությունը եւ տնտեսությունը խնդիր ունեին:
Դավիթ Բաբայանը նշում է, որ Ադրբեջանի վարած հիդրոդեմոգրաֆիական քաղաքականության հետեւանքով նրանք կարողացել էին ժողովրդագրական վերահսկողություն հաստատել նախկին ԼՂԻՄ կարեւոր գետերի, ինչպես նաեւ Հագարո, Թարթառ եւ Խաչեն գետերի ակունքների նկատմամբ` Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում: Բաքվի իշխանություններին հաջողվել էր ժողովրդագրական վերահսկողություն հաստատել նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 88 տոկոսի նկատմամբ: Արդյունքում տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող ջրային անվտանգության եւ ջրային պաշարների խնդիրը, որը լուծվել էր Արցախյան առաջին պատերազմի շնորհիվ, այսօր կրկին օրակարգում է։