Ավետարանական երանելիների պատվիրանները
Պատվիրան Յոթերորդ. «Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կկոչուին»
Ավետարանում շատ բարձր են գնահատվում թշնամություն անողներին հաշտեցնողները, խաղաղեցնողները։ Այդպիսի մարդիկ կոչվում են Աստծո որդիներ, Աստծո զավակներ։ Ինչո՞ւ։
Մենք բոլորս ենք Աստծո զավակներ, Նրա արարչագործության արդյունք։ Ծնողների՝ հոր եւ մոր համար չկա ավելի հաճելի բան, քան իմանալ, որ իրենց զավակները, իրենց երեխաներն ապրում են միմյանց հետ խաղաղության, սիրո եւ համերաշխության մեջ։
«Տես, ինչքան բարի եւ ինչքան ցանկալի է, որ եղբարքդ իրար հետ մէկտեղ բնակուեն»: Սաղմոս 33։1
Եվ հակառակը. որքան թախծալի է հոր եւ մոր համար տեսնել իրենց երեխաների վեճերը, թշնամությունն ու խժդժությունները։ Այս ամենի համապատկերին ծնողների սիրտը կարծես արյունով է լցվում։
Եթե երեխաների միջեւ խաղաղությունն ու լավ հարաբերությունները ուրախացնում են անգամ երկրային ծնողներին, առավել եւս կուրախացնեն եւ հարկավոր կլինեն մեր Երկնային Հորը։
Եվ մարդը, ով պահպանում է խաղաղությունն ընտանիքում, մարդկանց հետ, խաղաղեցնում է թշնամական կողմերին, հաճելի եւ ցանկալի է Աստծո համար։
Քիչ է թե այդպիսի մարդը ուրախություն, հանգստություն, երջանկություն եւ օրհնություն է ստանում Աստծուց այստեղ, երկրի վրա, խաղաղություն է ձեռք բերում հոգում եւ մերձավորների հետ, նա անկասկած իր պարգեւը կստանա նաեւ Երկնային Արքայությունում։
Խաղաղարարներն անվանվում են «Աստծո զավակներ» նաեւ այն բանի համար, որ իրենց սխրանքով նմանվում են Իրեն՝ Աստծո Որդուն, Հիսուս Փրկչին, Ով մարդկանց հաշտեցրեց Արարիչի հետ, վերականգնեց կապը, որը խաթարվել էր մեղքերով ու Աստծուց մարդկության հեռանալով։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ