Այն իրադարձությունները, որոնք այժմ տեղի են ունենում աշխարհում, ամերիկյան քաղաքական գործիչներին ու փորձագետներին մղում են ուսումնասիրելու կատարվածը եւ հասկանալու դրանց պատճառներն ու ազդեցության չափերը: Չնայած հիմա ամբողջ աշխարհի ուշադրությունը բեւեռված է Ուկրաինայի վրա, որտեղ Վաշինգտոնը փորձում է վերականգնել իր երբեմնի փառքը՝ զենք մատակարարելով Զելենսկու վարչակազմին, ամերիկյան քաղաքական շրջանակներում չեն մոռանում Մերձավոր Արեւելքի ու նրա վարած քաղաքականության ուսումնասիրության մասին: Մասնավորապես՝ ամերիկյան «Wall Street Journal»-ը գրել է, թե Մերձավոր Արեւելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին դաշնակիցները հեռանում են նրանից տարածաշրջանում Բայդենի ձախողված քաղաքականության պատճառով: Վաշինգտոնի տեղն զբաղեցնում են Մոսկվան ու Պեկինը:
Կարելի է ասել՝ Արեւելյան Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններն ամերիկյան դաշնակցային համակարգի ամրության եւ ուժի յուրատեսակ ստուգում են։ Նրա այնպիսի դաշնակիցները, ինչպիսիք են Գերմանիան եւ Ճապոնիան, միավորվել են Եվրոպայում եւ Ասիայում, որպեսզի պաշտպանեն իրենց անվտանգությունն ապահովող կարգը: Բայց Մերձավոր Արեւելքում դա տեղի չունեցավ։
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը, անդրադառնալով էներգակիրների արդյունահանումը խթանելու խնդրանքին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ նախընտրում է պահպանել Մոսկվայի հետ նավթի արդյունահանման իր համաձայնագրերը: Արաբական Միացյալ Էմիրությունները՝ ԱՄՆ-ի մեկ այլ երկարամյա դաշնակիցը, իրեն նույնքան սառը պահեց՝ ձեռնպահ մնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւի քվեարկության ժամանակ: Ճիշտ է՝ այդ երկիրը հետագայում պաշտպանեց պակաս կոշտ բանաձեւը Գլխավոր ասամբլեայում: Իսրայելը, որը պետք է ռուս զինվորականների հետ համակարգի Սիրիայում «Հըզբոլլահի» եւ Իրանի դեմ իր գործունեությունը եւ սերտ կապեր ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, ձգտում է խուսափել եւ ԱՄՆ-ի, եւ Ռուսաստանի հետ առճակատումից, քանի որ ստիպված կլինի մանեւրել նրանց միջեւ քաոսային հարաբերություններում:
«Օբամայի վարչակազմն աղետ դարձավ Մերձավոր Արեւելքում ամերիկյան դաշինքների համակարգի համար: Իրաքից վաղաժամ հեռանալը, «Արաբական գարնան» նկատմամբ կառուցողական քաղաքականություն մշակելու անկարողությունը, հատկապես՝ Եգիպտոսում, Լիբիայում ներխուժման տխուր հետեւանքները եւ Սիրիայում մշտական սխալ հաշվարկները, որոնք ավարտվեցին նրանով, որ այստեղ Ռուսաստանն ու Իրանը առավելության հասան նույնիսկ քաղաքացիական դաժան պատերազմի գնով, տարածաշրջանում ստեղծեցին Ամերիկայի անգործունակության եւ անվստահելիության ամուր տպավորություն: Նախագահ Օբամայի՝ տարածաշրջանային տերությունների տեսանկյունից հիստերիկ ցատկը դեպի Իրանի հետ միջուկային գործարք, որի ընթացքում զոհաբերվեցին ԱՄՆ-ի վաղեմի դաշնակիցների անվտանգության առանցքային հետաքրքրությունները, սոսկ հանուն այն բանի, որ թեթեւացվի ԱՄՆ-ի հեռացումը տարածաշրջանից, որը նա այլեւս չէր ուզում պաշտպանել, միայն ուժեղացրեց հուսահատության զգացումը»,- գրել է «Wall Street Journal»-ը:
Չնայած Թրամփի օրոք ամերիկյան քաղաքականությունն արտաքուստ բարեհաճ էր մերձավորարեւելյան գործընկերների նկատմամբ, տարածաշրջանում քչերն էին վստահում ԱՄՆ-ի նախագահին ու նրա իշխանությանը: Այսօր մերձավորարեւելյան ամբողջ տարածաշրջանում Ռուսաստանի ու Չինաստանի հետ լավ հարաբերությունները դիտվում են որպես ԱՄՆ-ի հետ «փլուզվող» դաշնակցության անհրաժեշտ լրացում: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է կանխել Ռուսաստանի ու Չինաստանի հետագա հաջողությունները եւ վերականգնել իր կենտրոնական դրությունը Մերձավոր Արեւելքում, ըստ «Wall Street Journal»-ի՝ նրա քաղաքականությունը տարածաշրջանում պետք է շտապ փոխվի:
Եվրոպայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող էին թարմացնել Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականությունը, սակայն մինչեւ հիմա Բայդենի վարչակազմը կիսում է թե Օբամայի վարչակազմի՝ մերձավորարեւելյան դաշինքների արժեքների նկատմամբ թերահավատությունը, թե նրա կուրությունը տարածաշրջանում կապերի թուլացման վտանգի հանդեպ: Հիմնական խնդիրը չգիտակցելն է, թե որքան կարեւոր են Մերձավոր Արեւելքից էներգակիրների մատակարարումներն ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ ամերիկյան հզորության համար:
Շատ քաղաքական գործիչներ եւ փորձագետներ արմատապես թերագնահատում են Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի կապերի կարեւորությունը, կապեր, որոնք դանդաղորեն ձեւավորվել են տասնամյակների ընթացքում: Սա մասամբ պայմանավորված է «էներգետիկ անցման» տեմպերի մասին «կանաչ» ֆանտազիաներով, մասամբ՝ Ամերիկայում եւ Կանադայում հանածո վառելիքի արտադրության աճով։ Վերջին հանգամանքը մինչեւ վերջերս թուլացնում էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության ազդեցությունը էներգակիրների համաշխարհային գների վրա եւ նպաստում ամերիկյան առանցքային ոլորտների համար Մերձավոր Արեւելքի հետ խորը քաղաքական եւ առեւտրային կապերի կարեւորության թյուրըմբռնմանը՝ բարձր տեխնոլոգիաներից մինչեւ ռազմարդյունաբերական համալիր:
«Լիբերալ աշխարհակարգի համար կարեւոր են Մերձավոր Արեւելքից նավթի եւ բնական գազի առատ մատակարարումները մատչելի գներով: Կարեւոր է, որ նավթի հիմնական արտադրողները, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, հավասարակշռեն բարձր գների իրենց ձգտումը համաշխարհային տնտեսության առողջության համար երկարաժամկետ մտահոգությամբ, եւ որպեսզի ամերիկյան պաշտոնյաները կարողանան ազդել նրանց որոշումների վրա: Կարեւոր է, որ նավթով հարուստ, բայց աշխարհաքաղաքական առումով չպաշտպանված նավթային պետությունները առաջին հերթին Միացյալ Նահանգներին դիմեն բարձր տեխնոլոգիական սպառազինության համակարգերի համար՝ աջակցելով ամերիկյան ռազմական արդյունաբերությանը եւ ԱՄՆ-ի հարկատուների համար կրճատելով պաշտպանական ծախսերը: Կարեւոր է՝ Չինաստանը հասկանա, որ Ամերիկայի սերտ կապերը նավթ արդյունահանող երկրների հետ նշանակում են, որ իր էներգամատակարարումը կաթվածահար վիճակում կհայտնվի ԱՄՆ-ի հետ առճակատման դեպքում։ Եվ կարեւոր է, որ ԱՄՆ-ն արտոնյալ գործընկերություն ունենա Իսրայելի դինամիկ եւ պաշտպանական ուղղվածություն ունեցող տեխնոլոգիական հատվածի հետ»,-համոզված է «Wall Street Journal»-ը:
Միանգամայն հասկանալի է, որ տարածաշրջանում ամերիկյան «փափուկ ուժի» (ժողովրդավարության տարածում, ժողովրդավարական եւ խաղաղ պաղեստինյան պետության ստեղծում) նպատակներին դժվար է հասնել նույնիսկ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի ակտիվ մոտեցումների դեպքում: Տասնամյակների ընթացքում արաբական երկրների եւ Իսրայելի միջեւ հարաբերություններում լարվածությունը բարդացրել է ամերիկյան տարածաշրջանային արտաքին քաղաքականության ուղին: Այսօր Պարսից ծոցի երկրների մեծ մասը ռազմավարական առումով կապված է Իսրայելի հետ: Սիրիայում եւ Կովկասում Ռուսաստանի հաստատակամության պատճառով Թուրքիան, ինչպես երեւում է, հիմա ավելի բաց է Վաշինգտոնի, Երուսաղեմի եւ Էր-Ռիադի հետ նոր տեսակի հարաբերությունների համար: «Ճիշտ կազմակերպման դեպքում Մերձավոր Արեւելքում դաշինքների հզոր համակարգը խելամիտ ծախսերով կամրացնի Ամերիկայի գլոբալ ռազմավարությունը»,-եզրափակում է լրատվամիջոցը: