Երկրային հեռուներում իմ հոգին խաղաղ կմնա,
Եթե երկրի վրա իմ ոտնահետքերը մամուռով չպատվեն…
Նինել Ղարաջյան
Վերջերս Երեւանի Մովսես Խորենացու փողոցի թիվ 26 շենքի պատին կրկին աչքովս ընկավ «Այստեղ 1960-2001 թթ. ապրել է հայ առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանը» հուշատախտակը։
Մտովի վերադարձա ուսանողական տարիներ, քանզի արդեն գիտեի, որ նա աշխատակցել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության կաբինետին, այնուհետեւ գրադարանին։ Բուհում պատիվ եմ ունեցել մեկ անգամ լսել նրա անմոռաց ելույթը ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի «Կոմերիտական ակտիվի դպրոց» բաժնի ունկնդիրներիս առջեւ։ Նախախնամության թելադրանքով, թե պատահական զուգադիպությամբ նույն երեկոյան տեղեկացա, որ 2021 թ. վերջին Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել նախկինում անկախ Հայաստանի ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության գլխավոր վարչության պետ եւ Սահմանադրական դատարանի դատավոր աշխատած Վալերի Պողոսյանի, այդ թվում եւ իր մայրիկի «Օդաչուի հուշերը» գրքերի քննարկումը։ Արդեն գիտեի նաեւ, որ Նինել Ղարաջյանը Լոռու մարզից է։ Հանգամանք, որ ավելի մեծացրեց հետաքրքրությունս, եւ սկսեցի փնտրել «Օդաչուի հուշերը» գիրքը։
Հադիպումս հարուստ կենսափորձով այրիի հետ առավել քան հուզիչ էր։ Շատ ուսանելի մտքեր, հուսադրող եզրահանգումներ եւ նվեր ստացած գրքեր՝ «Օդաչուի հուշերը» եւ իր հեղինակած «Մտորումներ» աշխատությունը։ Չեմ կարող չտրվել գայթակղությանը՝ ասելու, որ ազգապահպանության խնդիրներին նվիրված «Մտորումներ» ժողովածուն արժեքավոր գիրք է։ Ժողովածուի շապիկին հայոց Տրդատ թագավորի նկարն էր, որ պատվիրել է Ներոն կայսրը եւ պահվում է Փարիզի Լուվրի թանգարանում։ Իսկ մեծարգո Վալերի Պողոսյանի սեղանին «Որոգայթ փառաց-250» գրառմամբ սուրճի բաժակն էր, որ գալիս է արթնացնելու հայի ոգին, հիշեցնելու Շահամիր Շահամիրյանի գրած Սահմանադրության (1773 թ.) մոտալուտ հոբելյանի մասին։ Հենց սկզբից ասեմ, որ ավարտելով այս գրքերի ընթերցումը եւ քիչ թե շատ ծանոթ լինելով Վալերի Պողոսյանի մտքերին ու խոհերին, իմանալով ընտանիքի հոր՝ Վաղարշակ Պողոսյանի կյանքի ոդիսականը, միանգամից համոզվեցի, որ «պտուղը ծառից հեռու չի ընկնում»։
…Հիմա գլխավոր նպատակադրումս՝ իմ ընկալումները Նինել Ղարաջյանի հրեղեն ոտնահետքերի մասին։ Նինել Մաթեւոսի Ղարաջյանը ծնվել է 1916 թ. հունվարի 10-ին Լոռու Հոբարձի գյուղում։ Մայրը՝ Իսկուհին Կուրթան գյուղից էր։ Նինելը առաջին պարաշյուտային թռիչքը կատարել է 1935 թ. ապրիլի 29-ին Երեւանի օդանավակայանում, 600 մետր բարձրությունից։ Հետո նույն տարում թռիչքներ է իրականացրել նաեւ Լոռվա երկնքից՝ Ստեփանավան, Ուզունլար (Օձուն), իր մոր եւ հարազատների ներկայությամբ։ Ընդամենը մեկ տարի անց 20-ամյա Նինելը, պատասխանելով «Սովետական Հայաստանի» թղթակցի հարցերին, թվարկել է իր սիրած գրքերը՝ «Ինչպես է կոփվում պողպատը», «Քաոս», «Կամո», իսկ ավելի վաղ, երբ տասնչորս տարեկանում դիմել էր կոմերիտմիության շարքերն ընդունվելու, նրա Խաթում անունը դարձել է Նինել (Լենին անունը հակառակ ընթերցանությամբ)։ Ընդհանուր առմամբ Նինել Ղարաջյանը կատարել է 14 պարաշյուտային եւ օդանավով 25 ինքնուրույն թռիչքներ։ 1938-41 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, եղել է ՀԼԿԵՄ 9-րդ (1935 թ.) եւ ՀաՄԼԿԵՄ 10-րդ համագումարների պատգամավոր։ Նա պատիվ է ունեցել նստելու Աղասի Խանջյանի, Միխայիլ Կալինինի եւ Սերգո Համբարձումյանի կողքին։ Պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով եւ պատվոգրերով, 1991-ից կրում է հայրենի գյուղի պատվավոր բնակչի կոչում։
Որքան որ հայտնի է ու մեծարվում է որպես օդաչու, առավել քան գնահատված էր որպես մայր, որպես մանկավարժ։ Ուսանելի են նրա նկարագրությունները ընտանեկան ջերմության եւ կարճատեւ կյանք ապրած ամուսնու՝ Վաղարշակ Պողոսյանի (մտերիմների համար՝ Վաղո) մարդկային նկարագրի մասին։ Հարգվել ու գնահատվել է Վաղարշակ Պողոսյանը, ով երիտասարդ տարիքում ղեկավարել է մանկավարժական ինստիտուտի կուսակցական կազմակերպությունը։
Նինել Ղարաջյանը իր երջանիկ հուշերի հետ գրքի էջերում օբյեկտիվ գնահատականներով ներկայացնում է նաեւ կյանքի դառնությունները։ Մեծ հայրենականի դառնությունը կա Նինել Ղարաջյանի կյանքի ոդիսականում, նաեւ 1945-ի Մայիսի 9-ի բերկրանքը։ Հետո՝ 1947-ի կորուստներն են, ամուսնու առեղծվածներով լի ավտովթարը եւ եղբոր՝ Նիկոլի կյանքը խլած ճանապարհային պատահարը։ Նույն տարում Նինել Ղարաջյանը իր հուշերում պիտի գրեր երեք երեխաների հայացքների մեջ կարդացածը՝ Մամա՛, պապան չկա, մեր հույսը դու ես, խնդրում ենք քեզ, մեզ հենարան եղի՛ր, մեզ մորից մի՛ զրկիր, ապրիր գոնե մեզ համար։ Ու ինքը որդիների ու նաեւ սիրելի թոռների համար ապրեց, ապրեց մինչեւ 2001 թ.։ Հետո էլի ապրեց ու էլի է ապրելու հավերժության աստղաբույլում, քանզի հրեղեն են նրա ոտնահետքերը եւ ի զորու մաքրելու մամուռը նրա ոտնահետքերից, մոռացումի փոշին նրա փառահեղ կյանքից։ Հենց սկզբից չէի մտադրվել ներկայացնելու այս ուշագրավ գրքի մանրամասները։ Ասվածին միայն ավելացնեմ, որ օդաչուի արգասաբեր ճանապարհի մասին խոսուն վկայագրեր են գրքում թվարկած նրա մասին տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, հետո նաեւ համացանցային հիշատակումները։
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ