Հին ժամանակների պարզագույն կամուրջները գետի վրայով գցված գերաններ էին։ Սկզբնական կամուրջները փայտից էին, եւ այժմ էլ շատ կան գործող փայտե կամուրջներ։ Հետագայում որպես նյութ սկսեցին օգտագործել քարը։ Սկզբնական շրջանում քարից էին միայն կամրջի հենասյուները, իսկ հետագայում սկսեցին քարից կառուցել նաեւ կամարները։
Կամրջի կառուցման գործում մեծ հաջողության հասան Հին Հռոմում։ Հին հռոմեացիները քարի ամրացման համար օգտագործում էին ցեմենտ, որի գաղտնիքը կորավ միջին դարերում։ Կամուրջներից՝ ակվեդուկները (ջրանցույց) օգտագործում էին քաղաքները ջրով ապահովելու համար։ Հռոմեացի պատմաբան Սեկստ Հուլիոս Ֆրոնտինը գրում էր, որ ակվեդուկները Հռոմեական կայսրության հզորության վկաներն են։
Միջին դարերի եվրոպական քաղաքների եւ առեւտրի բուռն զարգացումն ամուր կամուրջների կարիք առաջացրեց։ Ճարտարագիտական մտքի զարգացումը հնարավորություն տվեց ավելի մեծ թռիչքով, դատարկ կամարներով եւ պակաս լայնությամբ հենասյուներով կամուրջներ կառուցել։ Այն ժամանակվա կամուրջների ամենամեծ թռիչքները չէին գերազանցում 70 մետրը։ Այդ ժամանակ ինկերի մոտ տարածում են գտնում ճոպանային կամուրջները։
Առաջին մետաղյա կամուրջը Մեծ Բրիտանիայում: 16 եւ 17-րդ դարերում ավելի խոշոր կամուրջների կարիք առաջացավ, որոնց տակով խոշոր նավերը հնարավորություն կունենային անցնելու։ 18-րդ դարում կամուրջների թռիչքը հասավ 100 մետրի։ Դարի վերջից սկսեցին մետաղյա կոնստրուկցիաներ օգտագործել։ Առաջին մետաղյա կամուրջը կառուցվեց Մեծ Բրիտանիայում՝ Սեւերն գետի վրա, 1779 թ.: Թռիչքի բարձրությունը 30 մետր էր։ Կամարները չուգունից էին։
19-րդ դարում երկաթգծի հայտնվելով պահանջ առաջացավ մեծ բեռնատարողությամբ կամուրջների, ինչը նպաստեց կամրջաշինարարությանը։ Որպես հիմնական շինանյութ՝ առաջ են գալիս պողպատը, երկաթը։ Գյուստավ Էյֆելը 1877 թ. կառուցեց ձուլած երկաթից կամուրջ Դորա գետի վրայով Պորտուգալիայում։ Թռիչքի բարձրությունը 160 մետր էր։ 19-րդ դարի վերջի եվրոպական ամենաերկար կամուրջը Բելելյուբսկու նախագծած Սիզրանի կամուրջն էր Վոլգա գետի վրայով։ 20-րդ դարում կամուրջներն արդեն կառուցվում էին երկաթբետոնից: Այս նյութը էապես տարբերվում էր երկաթից, որ ժամանակ առ ժամանակ ներկելու կարիք չուներ։ Երկաթբետոնի հետ օգտագործվում էր նաեւ մետաղը։