Հասարակությունները քայքայվում, իսկ անհատները ոչնչանում են ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես։ Պատերազմներն առավել ակնհայտ են դարձնում մարդկանց եւ հասարակությունների բարոյալքման աստիճանը։ 21-րդ դարն ավելի առաջադեմ չի կարող համարվել, քանի դեռ կիրառվում են երկակի ստանդարտներ մարդկային ողբերգությունները, ցավը, կորուստը բնորոշելու եւ գնահատելու համար։ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին մենք բախվեցինք մի իրականության, երբ միջազգային հանրության համար գերակա էր միայն սեփական շահը, երբ «մարդասիրություն», «արդարություն», «խաղաղություն» բառերը զուտ գեղեցիկ կարգախոսների մաս էին։ Այդպես ոչնչանում է հումանիզմի վրա հիմնված այն արժեհամակարգը, որով ժամանակին ձեւավորվել էր արեւմտյան քաղաքակրթությունը, եւ որը երկար ժամանակ համաշխարհային պատմության շարժիչ ուժերից մեկն էր։
Երեկ Բաքու էր ժամանել ՄԱԿ-ի, Եվրամիության եւ Համաշխարհային բանկի փորձագետներից կազմված խումբը, որը պետք է ադրբեջանական կողմի ներկայացրած մեթոդաբանության հիման վրա գնահատի Արցախից բռնազավթված տարածքներում «վերականգնման եւ վերակառուցման կարիքները»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ միջազգային փորձագետները ծանոթանալու են Ակնայի, Վարանդայի եւ Ջրականի շրջաններում կատարվող աշխատանքներին, իսկ այցի արդյունքների հիման վրա փորձագիտական առաքելությունը պատրաստելու է նախնական զեկույց։
Հատկանշական է, որ միջազգային կառույցների փորձագետների այցը հաջորդում է Եվրախորհրդարանի կողմից ընդամենը մեկ օր առաջ ընդունված Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը դատապարտող բանաձեւին. մարտի 10-ին ԵԽ լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով եւ ճնշող մեծամասնությամբ ընդունվել էր Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձեւ, որով խստորեն դատապարտվում է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը դիտարկվում է որպես այդ երկրում պետական մակարդակով տարվող, համակարգված հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում առաջին անգամ օգտագործվում է «արմենոֆոբիա» եզրույթը։ Միաժամանակ շեշտվում է, որ մշակութային ժառանգության ոչնչացումից բացի, Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության դրսեւորումներից են նաեւ պատմության սրբագրումը, հայերի նկատմամբ բռնության փառաբանումը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները, ինչը վտանգում է խաղաղությունը եւ խաթարում անվտանգությունը տարածաշրջանում։
Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհապաղ թույլ տալ՝ իրականացնելու իր առաքելությունը տեղում՝ խորհրդակցելով նաեւ հայ մասնագետների հետ, եւ առաջարկում է օգտագործել Եվրամիության արբանյակային հնարավորությունները՝ փաստերն արձանագրելու համար։ Հատկապես ուշադրության է արժանի այն, որ բանաձեւն ընդգծում է պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման եւ Արցախի կարգավիճակի վերջնական սահմանման ավելի լայն իմաստով մոտենալու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել իր առավելապաշտական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից եւ բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին: Այսինքն՝ ԵԽ-ն համարում է, որ Արցախի հարցը լուծված չէ, ինչպես այդ մասին բազմիցս սիրում է կրկնել Բաքվի բռնապետը։ «Ադրբեջանն անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է»,- այդ մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձեւի նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը: Այսպիսով՝ արձանագրվում է, որ Արցախի բնիկները հայերն են, որոնք իրավունք ունեն ապրելու իրենց հայրենիքում, եւ այդ հանգամանքը չի կարող պայմանավորված լինել Ադրբեջանի իշխանությունների ցանկությամբ։
Արժեւորելով նման բանաձեւի ընդունումը՝ պետք է նկատենք, որ դրանք կարող են ճնշման գործիք դառնալ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար, եթե բացառվեն երկակի մոտեցումները։ Դատապարտող բանաձեւը կմնա թղթի վրա, եթե այդ նույն միջազգային կառույցները կամ այդ կառույցներում ընդգրկված պետությունները շարունակեն զուգահեռաբար տնտեսական, էներգետիկ եւ այլ բնույթի նախագծեր ու ծրագրեր կյանքի կոչել Ադրբեջանի հետ։ Պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերից ոչ պակաս կարեւոր եւ առաջնային է այս պահին Արցախի բնակչության կյանքի եւ իրավունքների պաշտպանությունը։ Արդեն չորրորդ օրն է՝ Արցախը զրկված է գազից, ինչն առաջացնում է հումանիտար լրջագույն խնդիրներ բնակչության համար։ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ մարտի 8-ի գիշերն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը, եւ առայսօր ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին ու Արցախի ներկայացուցիչներին՝ մոտենալ խողովակին ու վերականգնել գազամատակարարումը։
Թեեւ անհատները՝ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները բարձրացնում են արդարության ձայնը, բարձր պահելով համամարդկային արժեքների հանդեպ հավատը, սակայն նրանց ձայնը դեռեւս ի զորու չէ կանգնեցնել ատելությունից մինչեւ անտարբերություն հասնող չարիքի տարածումը։ Երկակի ստանդարտների օրինակ է այն, որ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին թուրք-ադրբեջանական տանդեմը համացանցը լցրել էր հայատյացության խոսքով, ազատորեն շրջանառվում էին հայերի հանդեպ Ադրբեջանի գործած հանցագործությունները վկայող տեսանյութերն ու լուսանկարները։ Մինչդեռ հայ օգտատերերը բախվում են խիստ գրաքննության, երբ տեղադրում են պետական, ռազմական գործիչ, իմաստասեր Գարեգին Նժդեհի, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարները կամ հայ ազգի ոգին եւ արժանապատվությունը բարձրացնող որեւէ մեջբերում են կատարում։ Այդ ամենը ներկայացվում է իբր ատելության խոսքի արգելման քաղաքականություն։ Սակայն ինչպես հասկանալ «Մետա» ընկերության կողմից «ատելության խոսքի քաղաքականության ժամանակավոր փոփոխության» մասին հայտարարությունը, ըստ որի՝ Մետա հարթակները որոշ երկրներում «Facebook»-ի եւ «Instagram»-ի օգտատերերին թույլ են տալու բռնության կոչ անել ռուսների եւ ռուս զինվորների դեմ Ուկրաինա ներխուժման համատեքստում։ «Reuters» գործակալությունը հայտնել է, որ սոցիալական մեդիա ընկերությունը նաեւ ժամանակավորապես թույլատրում է որոշ գրառումներ, որոնք մահվան կոչեր են՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։ «Մենք դեռ թույլ չենք տա ռուս խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության արժանահավատ կոչեր»,- ասվում է Մետայի հայտարարության մեջ (բանալի բառ կարող է հանդիսանալ «դեռ»-ը)։ Այլ հարց է, թե ինչպես կարձագանքեն օգտատերերը նման «ազատությանը» եւ ատելության խոսք տարածելու անպատժելիությանը։ Ամեն դեպքում՝ երկակի մոտեցումները վտանգավոր են ոչ միայն թիրախ հանդիսացող կողմի համար, այլեւ այդ մոտեցումները մշակողների եւ կիրառողների։ Իսկ ատելությունը, դրա քարոզը երկակի սայր ունեն եւ կարող են ուղղվել այն գեներացնողի դեմ։ Մեր օրերում մարդկությանը «մի պտղունց սեր» է պակասում։