Բեռլին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքը եւ 16 նահանգից մեկը։ Ունենալով 3,5 միլիոն բնակչություն՝ այն Եվրոպական միության երկրորդ ամենախիտ բնակեցված քաղաքն է եւ յոթերորդը՝ ըստ քաղաքային տարածքի։
Տեղակայված լինելով Գերմանիայի հյուսիսարեւելյան հատվածում՝ Հավել (գերմաներեն՝ Havel) եւ Շփղե (գերմաներեն՝ Spree) գետերի ափին, Բեռլին-Բրանդենբուրգյան Մետրոպոլիտան շրջանի կենտրոնն է, որն ունի մոտավորապես 6 միլիոն բնակչություն (180 վարչական միավորները միասին վերցված)։ Քաղաքի տարածքի շուրջ 1/3 մասը ծածկված է անտառներով, այգիներով, պարտեզներով, գետերով եւ լճերով։
Առաջին անգամ քաղաքը պաշտոնապես հաստատվել է 13-րդ դարում եւ երկու կարեւոր պատմական առեւտրային ուղիների հատման գծում է։ Այն եղել է Բրանդենբուրգի Մարգրեյվ շրջանի մայրաքաղաքը (1417-1701 թթ.), ինչպես նաեւ Պրուսիայի թագավորության (1701-1918 թթ.), Գերմանական կայսրության (1871-1918 թթ.), Վեյմարյան Հանրապետության (1919-1933 թթ.) եւ Երրորդ կայսրության մայրաքաղաքն ու խոշորագույն կենտրոնը։
Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո քաղաքը բաժանվեց երկու մասի։ Բեռլինի արեւելյան մասը դարձավ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը, մինչդեռ Արեւմտյան Բեռլինը փաստացի դարձավ Ֆեդերատիվ Գերմանիայի էքսկլավը՝ շրջապատված Բեռլինի պատով (1961-1989 թթ.)։ Հետեւելով 1990 թ. Գերմանիայի վերամիավորմանը՝ Բեռլինը եւս մեկ անգամ նշանակվեց որպես Միասնական Գերմանիայի մայրաքաղաք։ Բեռլինը աշխարհին հայտնի է որպես մշակույթի, քաղաքականության, մեդիայի եւ գիտության կոսմոպոլիտան քաղաք։