«Սպիտակ քաղաքը դրախտավայր էր դարձրել…»
Մնայուն գործերով իմաստավորված կյանքը ոչ բոլորին է տրվում, իսկ բացառիկներին նվիրվում է, ովքեր միշտ էլ հայրենիքի եւ ժողովրդի համար ավելին անելու ծարավ են ունենում: Եվ անգամ եթե արծաթվել են մազերը, միեւնույն է, օգտակար լինելու մղումն ստիպում է դարձյալ եռանդուն լինել:
Այսպիսի մարդկանցից է Նորայր Մուրադյանը՝ պետական, քաղաքական գործիչ, գիտնական, ուսումնական ձեռնարկներ դարձած տարբեր աշխատությունների հեղինակ, ով ժամանակին զբաղեցրած իր պաշտոնները մշտապես օգտագործել է ի նպաստ հայրենիքի: Գործունեության սկզբնական փուլը ծավալել է Սպիտակ քաղաքում: Ըստ Համլետ Մինասյանի, ով երկար տարիներ աշխատել է նրա ղեկավարած արտադրամասում, «Սպիտակը դարձրել էր դրախտավայր…»: Այս ամենն սկսվել էր նաեւ փոքրիկ, ընդամենը 32 աշխատող ունեցող արտադրամասից, ինչը Խորհրդային Միությունում լայն արձագանք էր գտել: Այն հետագայում դարձավ 8 հազար աշխատակից ունեցող կարի արտադրական միավորում:
1979-ից արհմիութենական կոմիտեի նախագահ աշխատած Համլետ Մինասյանի գնահատմամբ` «Նորայր Մուրադյանն այդ ամենին հասավ ղեկավարման կարեւոր հմտությունների ու մեծ աշխատասիրության շնորհիվ: Իր բանվոր ծառայողների կենցաղային պայմանները բարելավելու նպատակով կառուցեց 6 տիպային ժամանակակից մանկապարտեզներ, «Հեքիաթ» պիոներական ճամբարը, պոլիկլինիկա, մթերային խանութներ, ժամանակակից ջերմոցներ (սպինգլերային), որոնք համապատասխանում էին եվրոպական չափանիշներին, եւ այդ ամենը 6 հա տարածություն էր զբաղեցնում: Ստեղծել էր բանվորական ճաշարան, որտեղ աշխատավորներն ընդմիջման ժամին օգտվում էին անվճար սննդից: Միավորման 600 ընտանիքներին հատկացվել էին բնակարաններ: Նա ապրում էր իր աշխատողների հոգսերով, տեղյակ էր եւ ականջալուր էր նրանց կարիքներին»:
Իսկ Սպիտակի կարի արտադրական միավորման նախկին աշխատակից Ալիկ Գասպարյանը նշում է. «Գրեթե ամեն օր շփվելով նրա հետ՝ միշտ տեսել եմ աշխատասեր, հմուտ եւ տաղանդավոր ղեկավարի ունակությունների տեր պրոֆեսիոնալի, աշխատանքի նկատմամբ սիրո եւ անմնացորդ նվիրումի զգացում, անընդհատ պրպտումների, նորին, առաջավորին ձգտելու հատկություններ: Կարգապահությունը, աշխատանքում նախաձեռնողականությունը, արտադրական եւ սոցիալական հաջողությունների հասնելու համառությունն ու հետեւողականությունը Նորայր Մուրադյանի անդավաճան սկզբունքներն են եղել: Չափազանց բարձր եմ գնահատում նրա՝ աշխատողների մասնագիտական վարպետության բարձրացման գործում կազմակերպվածությունը, որի շնորհիվ շատ սպիտակցիներ ուսանում էին տարբեր ուսումնական հաստատություններում եւ ստանում համապատասխան որակավորում: Իսկ ինքը` օրնիբուն ծանրաբեռնված աշխատանքի պայմաններում, կարողացավ բարձրացնել մասնագիտական կարողությունները՝ դառնալով տնտեսական գիտությունների թեկնածու, հետագայում՝ դոկտոր, 2021-ին՝ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ»:
Այսպես ջերմորեն են Նորայր Մուրադյանի մասին արտահայտվում նրա հետ երկար տարիներ աշխատած անձինք, իսկ դա համապատասխանում է իրականությանը, որովհետեւ բավական է մի պահ հայացք նետել Սպիտակի երբեմնի գեղեցիկ առօրյային, եւ դա անզեն աչքով էլ կերեւա: Քաղաքը բարեկարգվել էր, Սպիտակ քաղաքի զարգացումը կապում էին նաեւ նրա անվան հետ: Սակայն այս ամենը մի պահ կարծես կանգ առավ չարագուշակ ակնթարթով. 1988-ի ահեղ երկրաշարժն ավերեց ամեն ինչ: Անհրաժեշտ էր վերականգնել, սփոփել ու ամոքել տուժածներին, իսկ Նորայր Մուրադյանն ուներ ամենակարեւորը՝ իր ժողովրդի վստահությունը. սպիտակցիները հավատում էին նրան: Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատանքը համընկավ երկրաշարժի հետեւանքների վերացման ծանրագույն ընթացքի հետ:
Իսկ այդ ահռելի աղետին անգամ ընդդիմացող հայ մարդու տեսակը չերերաց: Նորայր Մուրադյանը շարունակեց օգնել աղետյալներին, պահպանված ներուժն օգտագործվեց: Նրա գործուն մասնակցությամբ ստեղծվեց օգնության հիմնադրամ, որին 4 մլն ռուբլի տրամադրեցին Մոսկվայի, իսկ 1.2 մլն՝ Հայաստանի ընկերները: Այդ գումարը հատկացվեց Արցախի եւ Սպիտակի այն երեխաներին, ովքեր երկկողմանի ծնողազուրկ էին դարձել: Իսկ երբ Սոս Սարգսյանը տրամվայներից կոպեկներ էր հավաքում՝ որպես օգնություն Արցախին, նրա հիմնադրամին փոխանցվեց 100 հազար ռուբլի:
Մինչ երկրին պատուհասած ահեղ երկրաշարժը Ն. Մուրադյանն օգնել է Սումգայիթի ջարդերից փրկված հայերին: Նրան այս հարցով դիմել էր շրջկոմի քարտուղարը: Ն. Մուրադյանը, իհարկե, տխրությամբ է հիշում այդ դեպքերը, բայց գոնե հանգիստ խղճով, որովհետեւ այդ պարագայում էլ դարձյալ որոշում կայացրին եւ իրենց կոլեկտիվին հատկացրին 6 հարկանի, 4 մուտք ունեցող նորակառույց շենք: Ի դեպ, Ն. Մուրադյանի շնորհիվ հատկացումներ են կատարել Ն. Ի. Ռիժկովը եւ Ի. Ս. Սիլաեւը, ինչի արդյունքում Սպիտակում հենց առաջին տարում ստեղծվեցին 8 շինտրեստներ, 4 երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարաններ եւ ձեռնարկություններ: Կառուցվեցին նաեւ 22 արտադրական ձեռնարկություններ, շահագործման հանձնվեց 10 գործարան: Ծանր վիճակում հայտնված սումգայիթցի հայրենակիցներին նաեւ ֆաբրիկայում աշխատանքի տեղավորեցին՝ յուրաքանչյուրին նախապես վճարելով 1 ամսվա աշխատավարձ: Այս ամենից բացի, արհմիությունը ձեռք բերեց 1 մլն ռուբլու տարատեսակ գույք, կահույք, իսկ երեխաներին տեղավորեցին մանկապարտեզներում, դպրոցներում։ Այնուհետեւ հաճախ հագուստ եւ ջերմոցային սնունդ էր ուղարկվում Երեւանում գտնվող փախստականներին: Որոշ ընտանիքների բերում ու տեղավորում էին հենց իրենց բնակարաններում:
Ի դեպ, հարկ է նշել մի դեպքի մասին, որը եւ՛ հասկանալի, եւ՛ սպասելի էր: 1988-ին, երբ դեռ չէր պատուհասել երկրաշարժը, Հայաստան այցելեցին միութենական արդյունաբերության նախարար Վլադիմիր Գրիգորեւիչ Կլյուեւը եւ ԽՄԿԿ Կենտկոմի արդյունաբերության վարչության պետը: Որոշեցին Ն. Մուրադյանին տեղափոխել ՀՀ թեթեւ արդյունաբերության նախարարի պաշտոնին, բայց կոլեկտիվը դեմ էր: Հանրապետության ղեկավարությունը վարվեց այնպես, ինչպես որոշել էր կոլեկտիվը: Բայց մեկ ամիս էլ չէր անցել, երբ Երեւանից եկան համապատասխան պաշտոնյաներ, անցկացրին կուսշրջկոմի պլենում եւ Ն. Մուրադյանին ընտրեցին շրջկոմի առաջին քարտուղար: Այսպիսի վերաբերմունք կար գործունյա ու նվիրյալ մարդու հանդեպ, ով նույն կերպ շարունակեց իր աշխատանքը: Սակայն նրա գործունեության գլխավոր բաղադրիչը հայրենասիրությունն է, եւ Նորայր Մուրադյանին, իհարկե, չէր կարող անտարբեր թողնել Արցախյան շարժումը: Այդ ընթացքում կարի միավորման աշխատանքային ընթացքը մի քիչ փոխվել էր, բայց կարողանում էր օգնության ձեռք մեկնել: «Ղարաբաղ» կոմիտեին տրամադրվում էր ամենամսյա ֆինանսական աջակցություն, դրան զուգահեռ օգնում էին նաեւ զենք ձեռք բերելու հարցում: Միավորման գլխավոր ինժեներ Վասիլ Չապանյանը ծնունդով Բավրա գյուղից էր, ում միջոցով կայացավ նախնական պայմանավորվածությունը` գումարի տրամադրումը: Սպիտակի բնակիչ երիտասարդ Օթարյանը բետոնի խառնիչով Թբիլիսիից զենք բերեց եւ հանձնեց Երեւան, որի վճարումը եւս Նորայր Մուրադյանի նախաձեռնությամբ էր: Նորայր Մուրադյանը հիշում է. «Երկրաշարժից հետո վագոն-տնակներ էինք ստանում Լենինգրադի «Севзапстрой комплект» կազմակերպությունից եւ մեկ թաղամաս կառուցեցինք փախստականների համար։ Ըստ պայմանավորվածության՝ Շիրոյան եղբայրները զենք էին ձեռք բերում եւ տեղավորում, այդ տնակների հատակը ծածկում, ամրացնում, մահճակալներ, գազի օջախ եւ այլն, իսկ տնակները երկաթգծով ուղարկում էին Սպիտակ: Տեղում այդ համարներով քանդում էինք վագոնները, զենքը գիշերը տարվում էր Երեւան։ Շրջանի զինտեղամասից, ոստիկանական բաժանմունքներից, որքան հնարավոր էր, զենք ենք ուղարկել Երեւան, ինչպես նաեւ հոսանքի ագրեգատներ, ավտոմեքենաների վառելանյութ, տաք մուշտակներ, սպիտակ սավաններ, խալաթներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ»։
Ի դեպ, «Ղարաբաղ» կոմիտեի կայացումից հետո պարբերաբար կարի միավորում են այցելել Զորի Բալայանը, Իգոր Մուրադյանը, Հ. Հովնիկյանը, Նիկոլայ Օրդինյանը, Լեւոնը՝ Սպիտակից (ՀԱԲ-ի կազմում էր) եւ այլք, որոնք ներկայացրել են Ղարաբաղում ստեղծված ծանր կացությունն ու օգնության անհրաժեշտությունը: Ն. Մուրադյանը կոլեկտիվի ղեկավարների հետ միասին որոշում է կայացրել նյութապես օգնելու «Ղարաբաղ» կոմիտեին եւ ՀԱԲ-ին: Եվ դրանից հետո ամեն ամիս Զորի Բալայանի կողմից Հ. Հայրապետյանը եւ Նիկոլայ Օրդինյանն ստանում էին պայմանավորված գումարը, տեղեկացնում, որ այն ձայնային զենքի համար է՝ պաշտպանական նպատակներով: Սահմանների պաշտպանությանը մեկնելիս ՀԱԲ-ին եւս օգնում էին, նաեւ դիմավորում: Արցախին աջակցելու եւս մեկ ծրագիր իրականացվեց Ն. Մուրադյանի կողմից: Հայտնի է, որ Հադրութ քաղաքի թիվ 2 դպրոցը ներառվել էր միավորման կողմից որպես ենթաշեֆ դպրոց, միավորումը նախատեսել էր բարձր դասարանցիներին մասնագիտացնել կարի արտադրության ոլորտում, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ համապատասխան մասնագետներ պատրաստել Արցախի բնակավայրերում նոր արտադրամասերի գործարկման նպատակով: Իսկ մինչ այդ արդեն միավորման միջոցներով տեղակայվել էին արտադրամասեր Ասկերանի, Ստեփանակերտի, Նորաշենի, Մարտակերտի տարածքներում: Ծրագրված էր հաջորդ արտադրամասերը բացել մարզի բոլոր շրջաններում եւ առանձին գյուղերում: Միավորումն իր վրա էր վերցրել նաեւ ԼՂԻՄ-ի մի քանի բնակավայրերից բերված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը եւ այդ կազմակերպություններին լրացուցիչ ֆինանսական օգնություններ տրամադրելու գործը: