Օրերը խմբավորելու եղանակ, որ մարդկանց անհրաժեշտ է գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգեւոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաեւ՝ կենցաղում։ Այն ժամանակի հաշվարկման համակարգ է, որը հիմնված է երկրային մարմինների (արեւային օրացույցներում՝ Արեւի շուրջը Երկրի, լուսնային օրացույցներում՝ Լուսնի տեղաշարժի վրա, իսկ լուսնա-արեւային օրացույցներում հաշվի են առնվում այդ երկուսը միաժամանակ)։ Օրացույց է կոչվում նաեւ տեղեկատու հրատարակությունը (գրքույկի, տախտակի եւ այլնի ձեւով), որի մեջ հերթականորեն թվարկված են տարվա բոլոր օրերը, տոներն ու հիշատակի օրերը, ինչպես եւ որոշ լրացուցիչ տեղեկություններ։
Առաջին օրացույցներն ստեղծվել են որպես կենսական անհրաժեշտություն եղանակի ցիկլային ու կանխատեսվող փոփոխությունների պայմաններում։ Նեբտա Պլայայում (ժամանակակից Եգիպտոսի տարածք) մեր թվարկությունից մոտավորապես 5 հազար տարի առաջ անասնապահ կիսաքոչվոր ցեղերի կողմից ստեղծվել է, հավանաբար, առաջին տարեկան «օրացուցային շրջանը», որում տարվա սկիզբը նշանակվել է Սիրիուս աստղի հայտնվելով։
Յուրաքանչյուր ժողովուրդ օգտագործել է պատմական դեպքերի թվագրման իր համակարգը։ Ոմանք փորձել են տարիների հաշվարկն սկսել աշխարհի ստեղծումից. հրեաներն այն թվագրել են Ք.ծ.ա. 3761 թվականով, ալեքսանդրյան ժամանակագրությունն աշխարհի ստեղծման ամսաթիվը համարել է Ք.ծ.ա. 5493 մայիսի 25-ը։ Հռոմեացիները տարիների հաշվարկն սկսել են Հռոմի առասպելական հիմնադրումից (Ք.ծ.ա. 753)։ Պարթեւները, բյութանիացիները եւ սելեւկյանները տարիների հաշվարկն սկսել են առաջին թագավորի գահակալումից, եգիպտացիները՝ ամեն հաջորդ արքայատոհմի գահակալումից։ Իր օրացույցն է ստեղծել նաեւ համաշխարհային կրոններից յուրաքանչյուրը. ըստ բյուզանդական օրացույցի՝ գրիգորյան օրացույցի 2021 թ. սեպտեմբերի 14-ից սկսվում է 7530 թ.՝ սկսած «աշխարհի արարումից», ըստ իսլամական օրացույց՝ Հիջրայի 1440 թ. (2018 թ. սեպտեմբերի 11-ից), ըստ բուդդայական օրացույցի՝ Նիրվանայի 2565 թ. է, իսկ ըստ բահաի օրացույցի՝ 178 թ.։
Հին եւ նոր տոմարների միջեւ տարբերությունը 16-17-րդ դարերում կազմել է 10 օր, 18-րդ դարում՝ 11 օր, 19-րդ դարում՝ 12 օր։ 20-21-րդ դարերում այդ տարբերությունը կազմում է 13 օր։ 2100 թ. մարտի 15-ից տարբերությունը կկազմի 14 օր։