Ուկրաինական ճգնաժամից համաշխարհային տնտեսության ընդհանուր կորուստը կարող է հասնել տրիլիոն դոլարի: Նույնիսկ այն երկրներում, որոնք ուղղակիորեն չեն մասնակցում հակամարտությանը, վնասը չափվում է տասնյակ եւ հարյուրավոր մլրդ դոլարով: Միեւնույն ժամանակ չինացի փորձագետները սկզբունքային տարբերություններ են տեսնում Եվրոպայի ու ԱՄՆ-ի դիրքորոշումներում: Եթե եվրոպացիները շահագրգռված են խնդրի շուտափույթ հանգուցալուծմամբ, ապա ամերիկյան իշխանությունները ձգտում են առավելագույնս ձգձգել այն: Ինչպես նշում է «Նեզավիսիմայա գազետան», այս մասին գրում է չինական անգլալեզու մամուլը:
Արեւմտյան շատ վերլուծաբաններ աշխարհում տնտեսական անկում են արձանագրում՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ: Այս կարծիքին է նաեւ Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ), որը համապատասխան հայտարարություն է արել այդ մասին: Գործակալությունը վերանայել է նավթի համաշխարհային պահանջարկի իր կանխատեսումը եւ այժմ կարծում է, որ այս տարի «սեւ ոսկու» պահանջարկը 1 մլն բարելով քիչ կլինի, քան նախօրոք գնահատված էր: Այս պահին ՄԷԳ-ը ենթադրում է, որ 2022 թ. նավթի համաշխարհային պահանջարկը օրական կաճի միջինը 2.1 միլիոն բարելով՝ հասնելով 99.7-ի։ Նախորդ ամիս ակնկալվում էր, որ նավթի համաշխարհային պահանջարկը 2022 թ. օրական կավելանա 3.2 միլիոն բարելով։
Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) ենթադրում են, որ համաշխարհային տնտեսությունը կզգա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական հետեւանքները։ Դրանք կարտահայտվեն աճի դանդաղեցմամբ եւ գնաճի արագացմամբ։
«Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցները վնաս են հասցնում տնտեսական համագործակցությանն ու առեւտրին Եվրոպայում, ինչը պարտադիր կհանգեցնի ռեցեսիայի ամբողջ տարածաշրջանում»,- ավելացնում են ԱՄՀ-ում: Բացի այդ, Ռուսաստանն ու Ուկրաինան պարենային ապրանքների հիմնական արտադրողներն են, ուստի դրանց առաքումների գործում խափանումներն արդեն համաշխարհային գների բարձրացման պատճառ են դարձել:
Արեւելյան Եվրոպան կբախվի ֆինանսավորման ծախսերի աճի եւ փախստականների հոսքի: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այս պահին Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 3 միլիոնի։
Եվրոպացիները լրջորեն մտահոգված են ուկրաինական իրադարձությունների պատճառով տարածաշրջանում պարենային ճգնաժամի հնարավորությամբ։ «Ագրոարդյունաբերության ոլորտում մենք կանգնած ենք նոր մարտահրավերի առջեւ: Հետեւում ենք իրավիճակին եւ դրա հետեւանքներին մեր ֆերմերների ու համաշխարհային պարենային անվտանգության համար, քանի որ Ուկրաինան եւ Ռուսաստանը սննդամթերքի հիմնական մատակարարներն են»,- երեքշաբթի ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Միրիամ Գարսիա Ֆերերը:
Ռուսաստանի Դաշնության հետ ապրանքաշրջանառության ծավալների նվազման պատճառով վնասներ են կրում նաեւ առանձին երկրներ եւ ընկերություններ։ Օրինակ՝ գերմանական նավահանգիստների համար Ռուսաստանը խոշորագույն առեւտրային գործընկեր է՝ բեռնաշրջանառության մեջ 9.2 տոկոս բաժնեմասով: Այս մասին հաղորդում է գերմանական «Destatis» վիճակագրական ծառայությունը։ Ընդ որում՝ շրջանառության 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանից ապրանքների ընդունմանը։ Եվրամիության ու Գերմանիայի՝ ռուսական էներգակիրների ներմուծման վրա էմբարգոյի կիրառման դեպքում գերմանական նավահանգիստները կարող են կորցնել իրենց բիզնեսի գրեթե մեկ տասներորդը։
Հեռանալու կամ ՌԴ-ում գործունեության ժամանակավոր դադարեցման պատճառով համաշխարհային շատ ընկերություններ կկորցնեն շահույթը: Այսպես՝ «Adidas»-ը կարող է կորցնել մինչեւ 250 մլն եվրո Ռուսաստանի Դաշնությունում բիզնեսի դադարեցման եւ Ուկրաինայում դրա ժամանակավոր կասեցման պատճառով, ինչը կազմում է 2021 թ. հասույթի մոտ 1 տոկոսը։
ԱՄՀ-ում վստահ են, որ, բացի Եվրոպայից, ՌԴ-ի հարեւան երկրները նույնպես կզգան Ռուսաստանում ռեցեսիայի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցների ազդեցության լուրջ հետեւանքները։ Կովկասի եւ Միջին Ասիայի երկրներում, որոնք սերտ կապեր ունեն առեւտրի, վճարային համակարգերում, ուկրաինական ճգնաժամի հետեւանքները կսահմանափակեն առեւտուրը, դրամական փոխանցումները, ներդրումները եւ զբոսաշրջությունը, ինչը բացասաբար կանդրադառնա տնտեսական աճի եւ գնաճի վրա։
Ըստ ԱՄՀ-ի՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների համար ուկրաինական ճգնաժամն առաջին հերթին հղի է պարենային խնդիրներով եւ տեղի բնակչության շրջանում սովի աճող խնդրով։ Հավանական են սննդամթերքի եւ էներգակիրների գների բարձրացման հետեւանքները: Եգիպտոսը, օրինակ, ցորենի մոտ 80 տոկոսը ներկրում է Ռուսաստանից եւ Ուկրաինայից։ Կնվազեն նաեւ Եգիպտոսում հանգստացող ռուսների եւ ուկրաինացիների ծախսերը:
Միջազգային վարկանիշային «Fitch» գործակալությունը նշում է, որ անցյալ տարի Եգիպտոսը ներմուծել է 2.7 մլրդ դոլարի ցորեն, ՄԱԿ-ն ավելի վաղ սոցիալական լարվածության աճ էր կանխատեսել ռուսական եւ ուկրաինական հացահատիկի մատակարարումներից կախված երկրներում:
«Fitch»-ը հաշվարկում է նաեւ, թե զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով որքան կորուստ կունենա Եգիպտոսը։ «Ռուսաստանից եւ Ուկրաինայից ժամանած զբոսաշրջիկները կազմում են զբոսաշրջային հոսքի մոտ մեկ երրորդը։ Մեր գնահատականներով՝ 2021 թ. երկրորդ կիսամյակում երկրի՝ զբոսաշրջությունից ստացած եկամուտը կազմել է ավելի քան 6 մլրդ դոլար»,- նշում է գործակալությունը։
Կապված տուրիզմի հետ՝ կորուստներ կունենա նաեւ Թուրքիան: Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունում հիշեցնում են, որ անցյալ տարի ՌԴ-ից Թուրքիա է մեկնել 7.4 մլն, Ուկրաինայից՝ մոտ 2 մլն մարդ: Այսպիսով՝ ռուսներն ու ուկրաինացիները կազմել են Թուրքիայում հանգստացողների ավելի քան 27 տոկոսը: Թուրքական առողջարաններն այս տարի հույս ունեին զբոսաշրջիկներից 35 մլրդ դոլար վաստակել, սակայն այսօրվա դրությամբ տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցված է:
ԱՄՀ-ի տնտեսագետների կարծիքով՝ ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտությունից ավելի քիչ է տուժում, քանի որ կախվածություն չունի այդ երկրներից: «Բայց ԱՄՆ-ում գնաճը վերջին չորս տասնամյակի ընթացքում իր ամենաբարձր մակարդակին է հասել մինչեւ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը, որը պարենային ապրանքների գների բարձրացման պատճառ դարձավ: Գները դեռ կբարձրանան»,-ասում են վերլուծաբանները։
Պեկինն իր պետական «Global Times» լրատվամիջոցով գործնականում ուղղակիորեն Վաշինգտոնին մեղադրում է հակամարտության համար: Թերթը, հենվելով փորձագետների խոսքերի վրա, հաղորդում է, որ ԱՄՆ-ի գործողությունները, որն ավելի ու ավելի շատ զենք է մատակարարում Ուկրաինային, վկայում են, թե ում է ձեռնտու խնդրի ձգձգումը: 2021 թ. հունվարից Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնությունը կազմել է 1.2 մլրդ, իսկ 2014-ից՝ 3.3 մլրդ դոլար:
Սպիտակ տունը «ցանկանում է երկարացնել հակամարտությունը», մինչ մյուսները դիվանագիտական փորձեր են կատարում այն լուծելու ուղղությամբ: Այս մասին գրում է «Global Times»-ը: «ԱՄՆ-ն, որը տպավորություն է ստեղծում, թե համերաշխ է Ուկրաինայի հետ, իրականում չի մտածում այդ երկրում խաղաղության վերահաստատման մասին, որովհետեւ շատ հեռու է այդ հակամարտությունից, իսկ Վաշինգտոնի վերջնական նպատակն այն ձգձգելն է, ՌԴ-ին առավելագույն վնաս հասցնելը, Եվրամիության տնտեսության թուլացումը, ինչպես նաեւ մայրցամաքում իր ռազմական ներկայության ուժեղացումը, Եվրոպայի վրա վերահսկողության հաստատումը»,- նշում է չինական թերթը:
Կրեմլում գովում են Պեկինին ԱՄՆ-ի ճնշմանը չենթարկվելու համար: «ԱՄՆ-ն այս օրերին աննախադեպ ճնշում է գործադրում շատ երկրների վրա: Պետությունների մեծամասնությունը ենթարկվում է այդ ճնշումներին, բայց կան նաեւ այնպիսի երկրներ, որոնք ունեն ինքնուրույն դիրքորոշում, ավելի հավասարակշռված են եւ բացահայտ ասում են, որ անընդունելի են համարում ճնշումներն իրենց վրա»,-չորեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Չինաստանը ՌԴ-ի մասով հավասարակշռված ու ինքնուրույն դիրքորոշում ունի:
Ուկրաինական ճգնաժամի ակնհայտ սադրիչներին դժվար է առանձնացնել: «ԵՄ երկրներն արդեն ստացել են էներգետիկ եւ միգրացիոն ճգնաժամ։ Այժմ Ռուսաստանը մի քանի տարի պայքարելու է տնտեսական անկման դեմ։ Թուրքիան, որպես էներգակիրներ ներկրող երկիր, հսկայական վնաս է կրում նավթի գների աճի պատճառով»,- ասում է «Esperio» ընկերության ավագ վերլուծաբան Անտոն Բիկովը։ ԱՄՆ-ն, իհարկե, ամենաքիչ խնդիրներն ունի։
«Ամերիկացիները էներգակիրների բարձր գներից կորուստները փոխհատուցում են արտահանման մատակարարումներով եւ հույս ունեն, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների վատթարացման շնորհիվ կկարողանան գրավել գազի եվրոպական շուկան»,- չի բացառում վերլուծաբանը։
Ռուսական ռեզերվների արգելափակումը ցույց տվեց համաշխարհային ֆինանսական համակարգում գործերի իրական վիճակը։ «Ռեզերվները երկրից դուրս պահել՝ նշանակում է կամավոր հրաժարվել ինքնիշխանությունից։ Փաստացի այժմ երաշխիքներ չկան, որ աշխարհում գոնե մեկ երկիր կկարողանա վերադարձնել ԱՄՆ-ում, ԵՄ-ում կամ Մեծ Բրիտանիայում տեղակայված ոսկեարժութային պահուստները»,- նշել է «Univer Capital» ընկերության դեպարտամենտի գործադիր տնօրեն Արտեմ Տուզովը: Նրա կարծիքով՝ պահուստներին սպառնացող վտանգը դառնում է երկրների վրա ճնշման հերթական լծակ։ «Եթե ԱՄՀ-ի միջոցով հնարավոր չէ երկիրը պարտքերի մեջ գցել, ապա կարելի է երկրից խլել նրա պահուստները եւ իջեցնել ազգային արժույթի կուրսը»,- ասում է փորձագետը։