Ռադիո (լատ.՝ radio-ճառագայթում եմ-radius-ճառագայթ)՝ ոչ լարային կապի տարատեսակ, որի ժամանակ որպես ազդանշանի կրիչ են օգտագործվում տարածության մեջ ազատ տարածվող ռադիոալիքները։
Ռադիոն հնարավորություն է տալիս լսել մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ձայնափողով խոսող մարդու ձայնը։ Քանի որ ձայնային ալիքները չեն կարող հաղթահարել այդպիսի հեռավորություններ, դրանք վերածվում են ռադիոալիքների, որոնք տարածվում են օդում։ Իսկ լսելու համար անհրաժեշտ է այդ ռադիոալիքներն ալեհավաքով հավաքել ռադիոընդունիչի մեջ եւ կրկին վերածել սովորական ձայների։
Ռադիոալիքը էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ է։ Ճառագայթման մյուս տեսակների, օրինակ՝ լույսի նման ռադիոալիքները կարող են մեծ արագությամբ (300.000 կմ/վ) հաղթահարել հսկայական տարածություններ։
Ռադիոկապը կիրառվում է կյանքի բոլոր ոլորտներում։ Շտապ օգնության, ոստիկանության եւ հրշեջ մեքենաների անձնակազմերը, տաքսու վարորդներն օգտվում են երկկողմ ռադիոկապից։ Բջջային հեռախոսները նույնպես ռադիոյով կապված են գլխավոր հեռախոսակայանի հետ։ Եվ, վերջապես, հեռուստատեսությունն օգտագործում է ռադիոալիքները՝ պատկերի եւ ձայնի հաղորդման համար։
Ինչպես լույսն ու ձայնը, ռադիոալիքները նույնպես արգելքի հանդիպելիս մասնակիորեն անդրադառնում են դրանց։ Անդրադարձված ալիքներով կարելի է հայտնաբերել արգելքը եւ որոշել դրա չափերը։ Այս երեւույթի վրա է հիմնված ռադիոտեղորոշումը՝ առարկաների հայտնաբերումը ռադարներով։ Նավերում եւ ինքնաթիռներում ռադիոն անհրաժեշտ է կապի եւ տեղորոշման համար։