ԵՄ առաջնորդների այսօր Բրյուսելում մեկնարկած երկօրյա գագաթնաժողովի շրջանակներում սպասվում է, որ վերջնական կհաստատվի «ԵՄ ռազմավարական կողմնացույց» կոչվող պաշտպանության հայեցակարգը։ Այն ԵՄ-ին տրամադրում է գործողությունների բավականին հավակնոտ ծրագիր՝ ուժեղացնելու ԵՄ անվտանգության եւ պաշտպանական քաղաքականությունը մինչեւ 2030 թ., այդ թվում՝ ներառում է 5000 հոգանոց ԵՄ արագ արձագանքման ուժեր ստեղծելու որոշումը:
Փաստաթուղթն արդեն իսկ հավանության է արժանացել Եվրամիության խորհրդի կողմից, որի երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ նշված է, որ «պաշտպանության եւ անվտանգության հարցերում ավելի ուժեղ ԵՄ-ն կնպաստի գլոբալ եւ անդրատլանտյան անվտանգությանը՝ լրացնելով ՆԱՏՕ-ի կարողությունները, եւ կլինի անդամ պետությունների անվտանգության հիմքը»։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը թվիթերում գրառում էր արել՝ նշելով, որ ԵՄ «Ռազմավարական կողմնացույցը» թույլ կտա համայնքին «քվանտային թռիչք» կատարել, այսինքն՝ հասնել իր անվտանգության ապահովման նոր մակարդակի, որը պահանջում է «ավելի թշնամական միջավայրը»։
Նշենք, որ հայեցակարգը մշակվել է ԵՄ արտաքին ծառայության կողմից դեռեւս 2020 թ. ամռանից։ Բորելի խոսքով՝ դրա ընդունումն այժմ ավելի արդիական է, քան երբեւէ. «Մենք երկու տարի աշխատել ենք այս ռազմավարության վրա եւ երբ սկսեցինք քննարկել այն, չէինք կարող պատկերացնել, որ ծրագրի ընդունման վերջին փուլում Եվրոպայում իրավիճակն այդքան վատ կլինի։ Սա այն պահն է, երբ մենք պետք է վերագնահատենք Եվրոպայի կարողությունը՝ դիմակայելու այնպիսի մարտահրավերների, ինչպիսին պատերազմն է: Դա անելու համար եվրոպական երկրները պետք է մտածեն, թե ինչպես մեծացնեն իրենց ռազմական հնարավորությունները եւ դա անեն միասին»։ Ըստ Բորելի՝ «Ռազմավարական կողմնացույցն» ուկրաինական պատերազմի պատասխանը չէ, բայց մասամբ կարող է օգնել նաեւ դրանում։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացման մասին է։ Այսպես՝ Եվրոպական խորհրդի կայքում նշված է, որ ԵՄ ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 1.5 տոկոսը կամ 200 մլրդ եվրո։ Բորելի խոսքով՝ դա Ռուսաստանի կողմից գրեթե 4 անգամ ավելի շատ ռազմական ծախս է, եւ գրեթե այնքան, որքան Չինաստանը ծախսում է պաշտպանության վրա։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ Եվրամիությունը շատ ավելի քիչ արդյունավետ է ծախսում այդ միջոցները։ «Մենք պետք է ավելի շատ ծախսենք եւ ավելի լավ ծախսենք,- ասում է Բորելը:- Բոլորս միասին ծախսում ենք այնքան, որքան Չինաստանը։ Բայց, իհարկե, 27 տարբեր մասերի պաշտպանությունը նույնը չէ, ինչ մեկ ռազմական կառույցինը»։ Միաժամանակ Եվրոպայի դիվանագետն ընդգծել է, որ խոսքը միասնական եվրոպական բանակ ստեղծելու մասին չէ. ԵՄ յուրաքանչյուր երկիր կունենա իր բանակը, բայց նրանք պետք է ավելի սերտ համագործակցեն միմյանց հետ: Ընթացող գործընթացները ցույց են տալիս, որ եվրոպական դաշինքը նպատակադրված է ավելի կարեւոր դերակատարություն ստանձնել համաշխարհային քաղաքական ասպարեզում:
Անդրադառնալով փաստաթղթի բովանդակությանը՝ ՏԱՍՍ-ը գրում է, որ ի լրումն տարբեր տեսակի ճգնաժամերի՝ ԵՄ արագ արձագանքման մշտական ուժի ստեղծման, Բորելի մշակած փաստաթուղթը գործնական տեսանկյունից նախատեսում է անցկացնել արձագանքման ուժերի կանոնավոր դաշտային վարժանքներ ցամաքում եւ ծովում՝ բարձրացնելով ռազմական շարժունակությունը, ինչպես նաեւ ընդլայնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի գործունեությունը (Եվրոպական խաղաղության հաստատություն)՝ գործընկեր երկրներին ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար: Մասնավորապես՝ Բորելն առաջարկում է արդեն ԵՄ գագաթնաժողովում որոշում կայացնել Խաղաղության հիմնադրամից հավելյալ 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինայն նոր զենք գնելու համար։ Նախատեսվում է նաեւ զգալիորեն ընդլայնել ԵՄ-ի հետախուզության հնարավորությունները, ստեղծել սպառնալիքների արձագանքման հիբրիդային հատուկ խմբեր, կիբեր հարձակումներին, օտարերկրյա ապատեղեկատվության եւ այլ տեսակի միջամտություններին արձագանքելու մեխանիզմներ։ Այդպիսով, հիմնական նպատակն է ընդլայնել ԵՄ երկրների ռազմական ծախսերը եւ ստեղծել նոր զինատեսակների համատեղ մշակման, արտադրության եւ գնման մեխանիզմներ, ինչպես նաեւ զարգացնել սեփական տեխնոլոգիական առավելությունը եւ նվազեցնել արտաքին բարձր տեխնոլոգիաների մատակարարումներից նրանց կախվածությունը։
Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ եվրոպական երկրները պետք է մեծացնեն ներդրումները պաշտպանական արդյունաբերության մեջ, որպեսզի պատրաստվեն հնարավոր զինված հակամարտությանը։ Նրա կարծիքով՝ Ֆրանսիայի զինված ուժերը միակ լիարժեք բանակն են Եվրոպայում։ Ֆրանսիայի նախագահն իր նախընտրական ծրագրի շրջանակներում նաեւ խոստացել է, որ մինչեւ 2025 թ. Ֆրանսիայի զինված ուժերի տարեկան ֆինանսավորումը կհասցվի 50 միլիարդ եվրոյի: «Ներկայումս բանակի ֆինանսավորումը կազմում է տարեկան 40.9 մլրդ եվրո։ Չնայած ճգնաժամին, մենք կատարել ենք մեր խոստումը եւ 2020-ից ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսում ենք պաշտպանության կարիքների վրա»,- շեշտել է նա։
ԵՄ նոր ուժերի ստեղծմանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ Իռլանդիան։ Այդ երկրի վարչապետ Լեո Վարադկարն ավելի վաղ՝ մարտի 1-ին, ասել էր, որ այն, ինչ տեղի է ունենում (Ուկրաինայի շուրջ- խմբ.), ստիպում է Դուբլինին վերանայել չեզոքության հարցը եւ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ եվրոպական պաշտպանության ապահովմանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ խոսքը երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին չէ։ Նշենք, որ Իռլանդիան ռազմական չեզոքության քաղաքականություն է վարում 1930-ականներից։
Հարց է առաջանում արդյոք «Հին աշխարհը» բավարար ապահովություն չի՞ զգում ՆԱՏՕ-ի կողմից, որ հրատապ է համարում ռազմական ծախսերի կտրուկ ավելացումն ու սեփական արագ արձագանքման ուժերի ստեղծումը՝ համարելով, որ չափազանց մեծ է ռազմական գործողությունների տարածման հավանականությունը դեպի արեւմուտք։ Նկատենք, որ փաստացի նախագծի հիմքում ընկած է Եվրամիության ցանկությունը՝ գործելու ՆԱՏՕ-ից անկախ եւ կարողանալ ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունն ու պաշտպանությունը։ Այսինքն՝ սրանով փորձ է արվում նաեւ վերանայել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի փոխհարաբերությունները։