Ներկա քաղաքակրթությունը, ահա մի դար է արդեն, ընթանում է աննախադեպ ինտենսիվ թափով, զարգացման ներհակ ուղղությունների համաշխարհային ընդգրկման պայքարով։ Եվ պատմական ժամանակն այնպես արագացած է գործում, որ տարեցտարի վերափոխվում է աշխարհի դեմքը։ «19-րդ դարի մեծ գրող Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոեւսկին իր ստեղծագործությամբ, եւ անունով իսկ, ավելի ու ավելի այժմեական է հնչում, ասես նույնիսկ ժամանակակից գրող է թվում ներկա աշխարհի բազմափեղկված, ճգնաժամային դարձող, բախտորոշ հիմնահարցերում բախումներով ու որոնումներով տագնապահար իրականության մեջ»,- գրում է գրող, թարգմանիչ Կարպիս Սուրենյանը։
«Ձեր առաջ, որպես գրողի, ճշմարտությունն է բացահայտված, տրված է ձեզ ճշմարտությունն իբրեւ. գնահատեցեք ուրեմն ձեր այդ շնորհը, հավատարիմ մնացեք նրան եւ մեծ գրող կդառնաք».- այսպես ասաց Բելինսկին քսանչորսամյա Դոստոեւսկուն նրա առաջին վիպակի ձեռագիրը կարդալուց հետո։ Գրականության պատմության բացառիկ դեպքերից մեկն էր դա. մեծագույն քննադատը «հանճար» էր կոչում մի սկսնակ գրողի, որի առաջին երկը տավավին չէր էլ լույս տեսել։ Չսխալվեց նաեւ ընթերցող հասարակությունը, երբ «Խեղճ մարդիկ» վիպակը կարդալով՝ զգաց, որ երիտասարդ հեղինակը մի նոր ու հզոր շունչ էր բերում ռուս գրականության մեջ։ Իրոք, Դոստոեւսկին դարձավ ոչ միայն ռուս, այլեւ համաշխարհային գրականության «տիտաններից մեկը, դասվեց մարդկային ոգու պատմության մեծագույն դեմքերի շարքին»:
Իսկ Այնշտայնը, որ վիթխարի հեղաշրջում կատարեց բնագիտության մեջ, նոր հորիզոններ բանալով մարդկային իմացության առաջ, ոչ միայն «պայծառ ու ցնծագին» զգացումով էր ընկալել «Կարամազով եղբայրներ» վեպը, այլեւ այնպիսի մի խոսք ասաց, որ գրեթե առեղծվածային է հնչում. «Դոստոեւսկին ինձ ավելին է տալիս, քան որեւէ գիտնական, քան նույնիսկ Գաուսը»,- այսինքն՝ նույնիսկ այն մեծագույն մաթեմատիկոսը, առանց որի հայտնագործությունների անհնար կլիներ հենց իր՝ Այնշտայնի տեսությունը:
Մերթ ընդ մերթ հայտնվում են մարգարեներ, որոնք կռահում եւ արտահայտում են այդ ամբողջական խոսքը։ Շեքսպիրը մարգարե է, որին ուղարկել է Աստված, որպեսզի հաղորդի մեզ գաղտնիքը մարդու մասին, մարդկային հոգու մասին, որի մեջ խտացած է ամբողջ անցյալը, եւ սաղմնավորվում է ապագան։
Հանցանքի եւ մեղավորության հարցը, որ Դոստոեւսկու հիմնական թեմաներից մեկն է եւ բազմակողմանի ու խորագույն վերլուծության է ենթարկված նրա բոլոր վեպերում։ «Դոստոեւսկու գրեթե բոլոր հերոսները, ոճրագործից մինչեւ սուրբը, իրենց հոգու խորքում մեղավոր են զգում այն անհաշիվ տառապանքների համար, որոնցով լեցուն է այս անկատար աշխարհը»,- գրում է Սուրենյանը։
Այդ գաղափար-զգացումը հանգիստ չի տալիս Դոստոեւսկուն՝ մղում է ճշմարտությունը որոնելու, եւ ամեն մեկի անձնական ճակատագիրը հաճախ կանխորոշվում է այդ մղումով։ «Հանցագործի ինքնագիտակցության մեջ, հակառակ ինքնարդարացման բոլոր ճիգերի, ծանրանում է իր կատարած մեծ հանցանքի անխուսափելի տվայտանքը, որ ներքուստ տարանջատում է նրան մարդկային բարոյական ընդհանրությունից եւ հասցնում կա՛մ պատիժ ընդունելով բարոյապես վերակենդանանալու տենչանքին, կամ էլ հոգեկան մեկուսացման ու ինքնակործանման»,- նշում է քննադատը։
Արդ, ուրեմն, ինչպե՞ս կարող են Դոստոեւսկու վեպերը խիստ այժմեական չլինել ժամանակակից ընթերցողի համար, երբ այդ ամբողջ բարդույթն արդի ժամանակների էական գծերից մեկն է դարձել, քանի որ հանցանքը համաշխարհային պատերազմի, ցեղասպանության, ամբողջատիրական զանգվածային բռնությունների չափեր է ընդունել, իսկ անտարբերությունն էլ ուղղակի բարոյական հանցանք է դառնում՝ «լինե՞լ, թե՞ չլինելու» երկընտրանքի առաջ կանգնած աշխարհում։ «Ի դեպ, Դոստոեւսկին «ապագա հանրագումարի» մեջ կանխատեսել է նաեւ հենց այդ բոլորը իր «Գրողի օրագիրը» պարբերականի հրապարակախոսական էջերում։ Հատկապես ուշագրավ են նրա վերլուծումները Բուլղարիայում թուրքերի սիստեմատիկաբար կատարած ջարդերի մասին, որոնց հաճախ է անդրադառնում, մինչեւ իսկ մի ընդարձակ բանավեճ է մղում Տոլստոյի դեմ։ Եթե այսօր կարդանք «Գրողի օրագրի» 1876 թ. հուլիս-օգոստոսի համարում «Քաղաքակրթության ամենավերջին խոսքը» վերնագրված հատվածը, մեզ կթվա, թե դա գրված է ոչ թե 1876-ին, այլ ուղիղ քառասուն տարի հետո, նույն օսմանցի ցեղասպանների կողմից հայ ժողովրդի արդեն կանխածրագրված սիստեմատիկ բնաջնջման օրերին։ Իսկ այդ հատվածում մեծ մարդասերը մերկացնում է ոչ միայն ցեղասպանության վայրագությունները, այլեւ «Եվրոպայի, քրիստոնյա Եվրոպայի, մեծ քաղաքակրթության» անտարբերությունը, ավելին՝ անտարբերության դիմակի տակ այն քաջալերանքը, որով եվրոպական տերությունները նպաստում են արեւելյան քրիստոնյաների բնաջնջումին՝ իրենց քաղաքական շահերից ելնելով։ Մերկացնում է, բողոքում, «ներկա իրադարձությունների» մեջ կանխատեսում «ապագա հանրագումարը» եւ նախազգուշացնում… ինչի՞ց. կարող ենք ուղղակի ասել այսօր՝ ապագա զանգվածային, համատարած մարդասպանությունից։ Դոստոեւսկու հրապարակախոսական հոդվածների ուսումնասիրությունը մեզ տանում է դեպի նրա գեղարվեստական ստեղծագործության ամենացնցող էջերից մեկը՝ Իվանի նշանավոր «ըմբոստությունը» «Կարամազով եղբայրներ» վեպում. այդ «ըմբոստությանը» մղող կարեւոր փաստարկ են դարձել, ի միջի այլոց, հենց թուրքերի կատարած «համատարած խժդժությունները»…
Այժմ մեր աչքի առաջ կատարվում է նման մի երեւույթ, որ շատ հատկանշական է տվյալ տեսանկյունից, նույնիսկ բացառիկ լինելու աստիճան ակնբախ։ Հայ բազմադարյան գրականության մեջ մեծագույն բանաստեղծ Նարեկացին, որ իր «Մատեան ողբերգութեան» վիթխարի երկն ստեղծել է հազար տարի առաջ, «մերինից բոլորովին տարբեր մի դարաշրջանում, տարբեր հոգեբանությամբ, հասարակական, բարոյաբանական ու գեղագիտական տարբեր ըմբռնումներով, եւ որ հազար տարի մնացել է աշխարհին անծանոթ, իսկ հայ իրականության մեջ դարերով նկատվել է առավելապես իբրեւ «աղոթագրքի հեղինակ», այսօր սկսում է հուզել աշխարհը, հավիտենականանալ ամբողջ մարդկության համար, որովհետեւ մեր ժամանակի բարդ խնդիրները նպաստում են բացահայտելու նրա հանճարեղ ստեղծագործության բուն էությունը, որ համահնչուն է ոչ միայն այդ խնդիրներին, այլեւ մեր դարում հատուկ սրություն ստացած մարդկային մշտնջենական ձգտումներին կեցության հակասությունները ի հայտ բերելու միջոցով ճշմարտություն որոնելու, ներդաշնակվելու տենչանքին»,- գրում է գրողը։
«Ավետարանների հանդեպ բացառիկ սերն էլ, Դոստոեւսկու պարագայում, կարելի է բացատրել ոչ միայն կրոնա-բարոյական, այլեւ գեղագիտական-ստեղծագործական առումով, եթե նկատի ունենանք, որ ավետարանները գեղարվեստա-փիլիսոփայական բարձրարժեք երկեր են միաժամանակ, որոնք իրենց շատ կողմերով նույնպես համահնչուն են Դոստոեւսկու ստեղծագործության հետ. «Հիշենք, թե ինչպիսի վիթխարի մտահղացման առիթ է տվել նրան այդ դրվագը, ինչպիսի ապշեցուցիչ գեղարվեստա-փիլիսոփայական վերլուծության է ենթարկել նրա գրչի տակ «Կարամազով եղբայրներ» վեպի «Մեծ հավատաքննիչը» գլխում, որ նրա ամբողջ ստեղծագործության գագաթներից մեկն է»:
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ