Մարտի 24-ը հագեցած օր էր Բրյուսելի քաղաքական կյանքում. այստեղ տեղի ունեցավ միջազգային երեք գագաթնաժողով: Առավոտյան Բելգիայի մայրաքաղաքում հավաքվել էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը, ցերեկն անցկացվեց «Մեծ յոթնյակի» («G7») գագաթնաժողովի հիմնական մասը, իսկ երեկոյան սկսվեց Եվրամիության գագաթնաժողովը, որը շարունակվեց նաեւ երեկ: Բոլոր երեք միջոցառումները, ըստ էության, նվիրված էին մեկ հարցի՝ ինչպես օգնել Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունում:
Կայացված որոշումները, որոնք կարելի էր կանխատեսել նախօրեին մասնակիցների հայտարարություններից, արմատապես կփոխեն համաշխարհային անվտանգության ողջ ճարտարապետությունը, ինչպես նաեւ տնտեսությունը: Գլոբալիզացիայի փոխարեն, երբ տարբեր քաղաքական համակարգեր ունեցող երկրները դառնում են մեկ միասնական տնտեսական միավոր, սկսվում է առճակատման ու մեկուսացման պահը:
Բոլոր երեք միջոցառումներում քննարկումներին փորձել է տոն տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Տեսաուղերձով դիմելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին՝ նա կոչ է արել իր երկրին զենքի զանգվածային օգնություն ցուցաբերել։ «Դուք ունեք առնվազն 20 հազար տանկ: Ուկրաինան խնդրել է ձեր տանկերի 1 տոկոսը: Տալ կամ վաճառել»,- ասել է Զելենսկին։ Բացի այդ, նա խնդրել է դաշինքի ինքնաթիռների 1 տոկոսը (մոտ 500), բազմակի արձակման հրթիռային համակարգեր, հականավային զենքեր եւ հակաօդային պաշտպանության միջոցներ։ Զելենսկին վերստին անդրադարձել է Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու իր առաջարկին, նման այն բանին, ինչ ՆԱՏՕ-ն արեց Լիբիայում 2011 թ.։ Նա հիշեցրել է, որ իր երկիրը դեռ պատասխան չի ստացել Հյուսիսատլանտյան դաշինքից։ Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին, իր հերթին, առաջարկել է միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միանշանակ բացառել է, որ դաշինքի ինչ-ինչ զորքեր որեւէ կարգավիճակով կմտնեն երկրի տարածք։ «ՆԱՏՕ-ն աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, բայց հակամարտության կողմ չէ։ ՆԱՏՕ-ն զորք չի մտցնի Ուկրաինա»,- ընդգծել է նա։
Դատելով ԶԼՄ-ների տարածած տեղեկություններից՝ դաշինքի ղեկավարությունը վտանգավոր եւ ավելորդ նախաձեռնություն է համարում ոչ թռիչքային գոտու ստեղծումը: Չէ՞ որ այն կարելի է ստեղծել դե ֆակտո՝ Ուկրաինային փոխանցելով խորհրդային արտադրության ՀՕՊ համակարգեր, որոնց հետ ուկրաինացի զինվորականները կարողանում են աշխատել: Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովներից 3 օր առաջ «Wall Street Journal»-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է նման համակարգերի մատակարարումը: Մասնավորապես՝ նշվում է, որ Ուկրաինային են փոխանցվել «Օսա» զենիթահրթիռային կայանքներ:
Եվ, վերջապես, գագաթնաժողովում ավարտվել է C-300 համակարգերի փոխանցման թեման, որը Սլովակիային բաժին էր հասել Չեխոսլովակիայի ռազմական ունեցվածքի բաժանման ժամանակ։ Այս համակարգերն արդեն գործում են Ուկրաինայում, իսկ նրանց երկրին ավելին է պետք։ Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադն ավելի վաղ հայտարարել էր, որ համակարգերը կփոխանցվեն միայն այն դեպքում, եթե Սլովակիայի հակաօդային պաշտպանությունը համարժեք փոխարինում ստանա: Եվ ահա գագաթնաժողովից առաջ նա հաստատել է, որ իր երկիրը ստացել է «Patriot» համակարգեր, որոնք կսպասարկեն հոլանդացի եւ գերմանացի զինվորականները։
ՆԱՏՕ-ն պատրաստվում է ոչ միայն աջակցել Ուկրաինային, այլեւ դիմակայել ռուսական զորքերի հնարավոր ներխուժմանը դաշինքի անդամ երկրների տարածք։ Ստոլտենբերգը հասկացրել է, որ այս տարբերակը չի բացառվում։ Գագաթնաժողովում որոշվել է կրկնապատկել ՆԱՏՕ-ի մարտական խմբերի թիվը (յուրաքանչյուրը՝ 1000-1500 զինծառայողներով) Սլովակիայում, Ռումինիայում, Հունգարիայում եւ Բուլղարիայում լրացուցիչ ուժերի տեղակայման հաշվին: Դա՝ այն դեպքում, որ փետրվարի 24-ից հետո դաշինքի ռազմական ներկայությունն Արեւելյան Եվրոպայում առանց այդ էլ կրկնապատկված է։ Այնտեղ այժմ, ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ի անմիջական հրամանատարության տակ 40 հազար զինվոր կա։ Բացի այդ, Եվրոպայում կա մոտավորապես 100.000 ամերիկացի զինվորական։ ՆԱՏՕ-ի ուժերի նման կենտրոնացում Ռուսաստանի սահմանների մոտ երբեք չի եղել։ Անուղղակի նախանշանը այն բանի, որ դաշինքը վախենում է երկարատեւ հակամարտությունից, Ստոլտենբերգի մանդատի մեկ տարով երկարաձգումն է։
ԵՄ-ի եւ «G7»-ի գագաթնաժողովներում լուծվել է հակառուսական պատժամիջոցների ընդլայնման հարցը. Եվրամիության նոր «սեւ ցուցակում», ինչպես սպասվում էր, կհայտնվի 500 մարդ, որոնց թվում կլինեն Պետդումայի բոլոր պատգամավորները: ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը մարտի 23-ին հաղորդել է, որ «Մեծ յոթնյակը» կընդունի պատժամիջոցային ռեժիմի «համապատասխանության համակարգման նախաձեռնությունը»: Դա ուղղված է նաեւ այն երկրների ջանքերի դեմ, որոնք կփորձեն օգնել Ռուսաստանին՝ շրջանցելու պատժամիջոցները:
Այլ կերպ ասած՝ խոսքը կրկնակի պատժամիջոցների կիրառման մասին է: Այն ազդանշան է Չինաստանին, Թուրքիային, Հնդկաստանին եւ այլ պետությունների, որոնք չեն միացել ռուսական տնտեսության վրա միջազգային ճնշմանը:
«Politico» հանդեսը պնդում է, որ Բայդենը Եվրոպա է եկել՝ քննարկելու, թե մայրցամաքն ինչու չի հրաժարվում ռուսական էներգակիրներից: Արդեն վերածնվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԵՄ-ի երկրներ ամերիկյան հեղուկ գազի առաքման գաղափարը: Այդ շուկայում ՌԴ-ին պատրաստ են փոխարինել նաեւ Նորվեգիան, Կատարը եւ Կանադան, որոնց հետ, ինչպես հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը, բանակցություններ են ընթանում: Իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հաղորդել է 2027 թ. ռուսական էներգակիրներից լիովին հրաժարվելու պլանի պատրաստման եւ միասնական էներգետիկ քաղաքականության իրականացման մասին, ինչը, ենթադրվում է, կօգնի թուլացնել հարվածը, որը կառաջանա եվրոպական էներգետիկ շուկայից ՌԴ-ի հեռանալու դեպքում, կօգնի իջեցնել էներգակիրների գները: «Մենք առաջարկում ենք գազի ընդհանուր գնումներ եւ դրանց պահպանության առավել խիստ կանոններ: Մեր երկրները չպետք է առանձին առեւտուր անեն, մրցակցեն միմյանց հետ ու այդպես գների բարձրացման պատճառ դառնան: Անհրաժեշտ է միավորել ջանքերը եւ գազ գնել որպես եվրոպացիներ, այլ ոչ թե 27 տարբեր անդամ պետություններ»,- այսպես է Ուրսուլա ֆոն դեր Լյաենը խոսել հեղափոխական նորարարության մասին:
«Նման քաղաքական որոշումը վաղուց է հասունացել, մոտավորապես 2015 թվականից հետո: Արդեն այն ժամանակ ԵՄ-ում էներգետիկ քաղաքականության կենտրոնացման միտումներ կային։ Այլ հարց է, որ լիովին պարզ չէ, թե կոնկրետ ինչ է առաջարկում ֆոն դեր Լյաենը։ Ես կարծում եմ, որ ինքն էլ դա լիովին չի գիտակցում: Նրան, որ Եվրահանձնաժողովը հիպոթետիկաբար կստանձնի գազային բոլոր պայմանագրերի կնքումը, դժվար է հավատալ, քանի որ դա էապես փոխում է պայմանագրերի կնքման գոյություն ունեցող կառուցվածքը, եւ բացի այդ, դեռ պարզ չէ, թե ինչպես դա տեղի կունենա տեխնոլոգիական առումով»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ինտեգրացիոն գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Թեւդոյ-Բուրմուլին:
Վերջապես, լուրջ կասկածներ կան, որ ֆոն դեր Լյաենի ներկայացրած պլանը կարող է համեմատաբար արագ ինչ-որ արդյունք տալ նույնիսկ գազի գնումների կենտրոնացման դեպքում։ Փորձագետը նշել է, որ արդեն միայն յուրաքանչյուր երկրի կարիքների համակարգումը ԵՄ խորհրդի հետ շատ ժամանակ կխլի։ «Նույնիսկ եթե գաղափարն սկսի կյանքի կոչվել, կարելի է վստահաբար ասել, որ դա առաջիկա մի քանի ամիսների կամ մեկ տարվա խնդիր չէ»,- բացատրել է նա։ Այսպիսով՝ եթե Ուկրաինայում հակամարտությունն արագ ավարտվի, Ռուսաստանը դեռ կարող է փորձել համոզել Եվրոպային՝ չհրաժարվելու ռուսական էներգակիրներից։
Այժմ Արեւմուտքում փորձում են հասկանալ ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքները, հակամարտություն, որն անակնկալ էր ողջ աշխարհի համար։ «Financial Times»-ի տնտեսագիտության սյունակագիր Մարտին Վուլֆն իր հոդվածաշարում խոսել է գլոբալացման ավարտի մասին՝ որպես ընդհանուր տնտեսական շահերի հիման վրա տարբեր կառավարման համակարգեր ունեցող պետություններին միավորելու փորձի։ Դրան փոխարինելու է գալիս քաղաքական եւ տնտեսական անկայունության շրջանը, որին, ինչպես նախկինում, բնորոշ է հակամարտությունը բռնապետության ու ժողովրդավարության միջեւ: «Նոր աշխարհ է ծնվում»,- ասում է Վուլֆը։ Կարելի է ավելացնել, որ մեր աչքի առաջ գծվում են այդ աշխարհի ուրվագծերը, այդ թվում՝ Բրյուսելի երեք գագաթնաժողովներում։