Պնդում են, թե կյանքը առաջանում է ֆիզիկական եւ մեխանիկական ուժերի խաղից, այն ուժերի, որոնք մենք հենց «ֆիզիկական» եւ «մեխանիկական» ենք անվանել միայն որպես հակադրություն «կյանք» հասկացությանը….
Մարդկային լեզուն ավելի ու ավելի է արտամղվում գիտական հետազոտություններից, եւ եթե համագործածական բառապաշարը միջոց է արտահայտելու գոյություն ունեցող առարկաները, ապա գիտական բառապաշարը՝ գոյություն չունեցող բառերով անվանելու գոյություն չունեցող հասկացությունները….
Աստղագիտությունը, մեխանիկան, ֆիզիկան, քիմիան եւ մյուս գիտությունները բոլորը միասին եւ ամեն մեկը յուրովի ուսումնասիրում է կյանքի՝ իրեն վերաբերող կողմը՝ չհանգելով ոչ մի արդյունքի կյանքի մասին առհասարակ: Միայն իրենց նախնական փուլում, այսինքն՝ անհստակության եւ անորոշության օրոք, որոշ գիտություններ փորձեցին իրենց տեսանկյունով ներառել կյանքի բոլոր երեւույթները եւ խառնաշփոթ ստեղծեցին՝ հորինելով նոր բառեր ու հասկացություններ: Այդպես եղավ աստղագիտության հետ, երբ նա աստղաբաշխություն էր, այդպես եղավ նաեւ քիմիայի հետ, երբ նա ալքիմիա էր: Նույն բանն էլ այժմ կատարվում է փորձառական էվոլյուցիոն գիտության հետ, որը, դիտարկելով կյանքի լոկ մեկ կամ մի քանի կողմը, հրապարակում է ամբողջ կյանքն ուսումնասիրելու իր հավակնությունները….
Մարդկանց մտավոր հաղորդակցման միակ միջոցը բառն է, եւ որպեսզի այդ հաղորդակցումը լինի հնարավոր, անհրաժեշտ է, իհարկե, բառերն այնպես գործածել, որ ամեն մի բառ բոլորի մեջ առաջացնի համապատասխան եւ ստույգ հասկացողություն: Մինչդեռ եթե բառերը գործածվեն ինչպես պատահի եւ ինչպես մեր մտքով անցնի, ապա ավելի լավ կլինի, թերեւս, ոչ թե խոսել, այլ ամեն ինչ նշաններով ցույց տալ:
Ես համաձայն եմ, որ աշխարհի օրենքների բացահայտումը առանց փորձերի եւ դիտարկումների՝ միայն բանականության եզրակացություններից բխեցնելով, կեղծ եւ ոչ գիտական ուղի է, այսինքն՝ ունակ չէ տալու ճշմարիտ գիտելիք: Բայց արդյոք վատթարը չի՞ լինի, եթե աշխարհի երեւույթները փորձով եւ դիտարկումներով ուսումնասիրելիս մենք կողմնորոշվենք ոչ թե դրանց մասին հիմնական, բոլորի համար ընդհանուր հասկացություններով, այլ գործածենք պայմանական հասկացություններ եւ մեր փորձերի արդյունքները նկարագրենք այնպիսի բառերով, որոնք կարող են ամենատարբեր նշանակությունն ունենալ: Ամենալավ դեղատունը կարող է մեծագույն վնասը պատճառել, եթե սրվակների վրայի պիտակները փակցվեն ոչ թե ըստ դրանց բովանդակության, այլ ինչպես որ հարմար լինի դեղավաճառին….
Սովորաբար, ասում են, թե «գիտությունը ուսումնասիրում է կյանքը բոլոր կողմերից»: Բայց բանն էլ հենց այն է, որ ամեն մի առարկա այնքան կողմ ունի, որքան շառավիղ ունի գունդը, այսինքն՝ անթիվ, այնպես որ հնարավոր չէ ուսումնասիրել բոլոր կողմերից, այլ հարկավոր է իմանալ, թե ո՛ր կողմից է առավել կարեւոր, առավել անհրաժեշտ եւ ո՛ր կողմից՝ նվազ կարեւոր եւ նվազ անհրաժեշտ: Ինչպես հնարավոր չէ առարկային մոտենալ բոլոր կողմերից միանգամից, այդպես էլ հնարավոր չէ միանգամից եւ բոլոր կողմերից ուսումնասիրել կյանքի երեւույթները…. Ոչ թե այն, ինչը մենք «գիտություն» ենք անվանում, պետք է սահմանում տա կյանքին, այլ կյանքի մեր ըմբռնումը պետք է հիմք դառնա պարզելու այն, թե ինչ է գիտությունը:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ