Ասացվածքը նեղ եւ ստույգ իմաստով եթե մեկնաբանենք, ապա, անտարակույս, գործուն միջոց է շատախոսության, շաղակրատանքի, անհարկի երկարաբանության դեմ: Անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն ասացվածքներն էլ են արձանագրում խոսելու եւ գործելու տարբերությունը, ասելով, թե շատ խոսողները նվազ գործողներ են («Great talkers are little doers», «Les grands diseurs ne sont pas les grands faiseurs», «Рассказчики не годятся в приказчики»).
Չմոռանանք, որ երբեմն «ասողը» բնավ էլ մտադիր չէ նաեւ «անող» լինելու: Նման մի կերպարի հանդիպում ենք Շեքսպիրի նկարագրած անձանց շարքում. «Ես ավելի դյուրավ կարող եմ քսան հոգու ուսուցանել, թե ի՛նչ պետք է անել, քան թե ինքս այդ քսանից մեկը լինել եւ իմ ասածն անել» («Վենետիկի վաճառականը»): Իրական կյանքում, թերեւս, քչերը կհամարձակվեն նման բան անկեղծորեն խոստովանել:
Առավել եւս պակասում է անկեղծությունը, երբ մարդը փորձում է թաքցնել իր խոսքը դժվարությամբ ավարտելու հիմնական պատճառը՝ պարզապես շատախոսությանը հակված լինելը: Ահավասիկ այդպիսի մեկի բնութագրումը Հակոբ Պարոնյանի անզուգական հումորով. «Շատախոսության այն աստիճանի թշնամի է, որ եթե իշխանություն ունենա, բոլոր շատախոս երեսփոխանները լեզուներեն կը կախե, որպեսզի ինքը միայն խոսի» («Ազգային ջոջեր»):
Արդ, իսկ եթե լայն ընկալմամբ ենք մոտենում ասացվածքին, ապա դրանում կարող ենք հայտնաբերել խորքային մի արձանագրում: Բանն այն է, որ իրական կյանքում «անողի» եւ «ասողի» կատարած դերերի բաժանումը տրամաբանական ու հոգեբանական հիմք ունի: Տրամաբանական հիմքն այն է, որ ամեն մի գործ, արարք, գործողություն իր իսկ բնույթով ի վերջո ավարտ է ունենում, մինչդեռ դրա մասին խոսողը հնարավորություն ունի անվերջ երկարաձգելու պատմությունը՝ հենց մարդկային խոսքի յուրահատկության շնորհիվ: Իսկ հոգեբանական հիմքն այն է, որ անողը բավարարվում է արածով, համենայն դեպս՝ իր որոշակի նպատակի իրականացմամբ, առարկայական ավարտով, այնինչ միայն խոսողը չի՛ բավարարվում արդեն ասվածով, երկիցս, երիցս պատմածով, նաեւ՝ նորանոր մանրամասներ է ավելացնում, հորինում, գունազարդում, մանավանդ, եթե պատմածի լույսի ներքո իր անձը շահեկան է մատուցվում:
Եկեք համաձայնենք, որ այս տեսակետից մոտենալիս ասացվածքն արտահայտում է մարդկանց երկու տեսակների գոյությունը՝ առավելապես գործնական եւ առավելապես հայեցողական բնույթի: Առաջինները՝ «անողները», սովորաբար, հակված չեն լինում նաեւ «ասող» լինելու՝ համարելով, թե իրենց արածն արդեն ինքնին խոսուն է, ուստի եւ մնացյալն ավելորդություն է: Եվ հաճախ մենք չենք էլ իմանում «անողների» գոյության եւ նրանց արարքների մասին, եթե չլինեն նաեւ «ասողներ»՝ «անողների» մասին պատմողներ եւ վերապատմողներ: Այլ կերպ ասած՝ որքան էլ առերեւույթ լինեն հակադիր՝ կողմերը ներքնապես կապված են, միմյանց լրացնում են, միմյանց կարիքն ունեն:
Ուստի մինչ հաղորդակցական տվյալ իրավիճակին մեր վերաբերմունքն արտահայտելը ճիշտ կլինի պարզել «ասողի» վարվելակերպի ներքին պատճառակցումը, այսինքն՝ հասկանալ, թե երկարաձգվող խոսքը ո՛ր դեպքում է սոսկ դատարկախոսություն եւ ո՛ր դեպքում է արդարացված «անողի» արարքի անհրաժեշտ մեկնաբանության կամ հանրայնացման հիմքով:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ