Օրերս է լույս տեսել Աշոտ Գալստյանի «Արեւելահայ գեղարվեստական վավերագրության լեզուն, XIX դ. 60-ական – XXI դ. 10-ական թթ.» աշխատության Բ հատորը։
Աշոտ Գալստյանը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ է, բանասիրական ֆակուլտետի դեկանը։ Նրա աշխատանքային ամբիոնը մշտապես կապված է եղել ՀՀ ԳԱԱ-ի հետ։ Երկարամյա ամբիոնի վարիչներ են եղել Հայաստանի ակադեմիայի ակադեմիկոս Արարատ Ղարիբյանը, թղթակից անդամ Աշոտ Աբրահամյանը, Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Վաղարշակ Քոսյանը։ Այժմ ամբիոնը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն եղած պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը։
Գրախոսվող գիրքը Աշոտ Գալստյանի դոկտորական ատենախոսության երկրորդ մասն է եւ կարդացվում է մեծ հետաքրքրությամբ։ Այն հիմնված է հուշագրության հարուստ հիմքի վրա, դիտարկում է գրական այդ տեսակի լեզվական կողմը, եւ նյութը խարսխված է ճանաչողական հսկայածավալ մտքի վրա։
Գիրքը բաղկացած է երկու գլուխներից՝ 1) Գեղարվեստական վավերագրության քերականական առանձնահատկությունների քննություն, 2) Գեղարվեստական վավերագրության բնագրերի պատկերավորման-արտահայտչական համակարգը։ Այդ երկու գլուխներն ունեն բազում ենթաբաժիններ։
Երկու գլուխներում էլ, բացի պահանջվող գիտական ակադեմիզմից, կան բազում ուսուցողական իրողություններ։ Օրինակ՝ Սիլվա Կապուտիկյանի հուշագրության մեջ «Հայաթ» հյուրանոցի անվան բացատրությունն է տրված։ Այն արաբերեն բառ է՝ նշանակում է կյանք, վայելք։ «Հայաթ» հյուրանոցի ցանցը կա ողջ աշխարհում՝ Մոսկվա, Նյու Յորք, Բեռլին եւ այլուր։ Կամ Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» շատ ուսուցողական գրքում տվել է Հրաչյա անվան բացատրությունը՝ այն համարելով «ազգային եւ հայկական նոր անուն»։
Գրքում առկա են հուշագրություններում տեղ գտած հայերենի զարգացման նոր միտումները՝ ապացուցելով ամեն լեզվի կենդանի եւ շարունակական զարգացող երեւույթի ընթացքային փոփոխությունները։ Ուշագրավ են հուշագրություններում մեծ բառով կազմված տարբեր բառերի օգտագործման փաստերը՝ մեծանուն, մեծանձն, մեծադիր, մեծոսկոր, մեծափոր, մեծահարուստ, մեծազանգված, մեծագործ, մեծամեծ եւ այլն։ Սա ածականի կիրառական բաժնից է։ Նույնկերպ հետաքրքիր օրինակներով եւ փաստերով տեսնում ենք գոյականը, ածականը, դերանունը, բայը։
Շատ հետաքրքիր է «Ձայնարկության գործածության հուշագրական առանձնահատկությունները» բաժինը, որում, հայի պատմական ճակատագրի հետ կապված, կա Րաֆֆու հետեւյալ դիտարկումը. «Ո՞վ ունի այնքան ձայնարկություններ, սրտի ցավը եւ տխրությունը հայտնող բառեր, որպես հայը։ Բառերն ինքնըստինքյան չեն ստեղծվում, բառերը ծագում են ժողովրդի կյանքից։ Հայի կյանքն անցել է լացով…, այդ պատճառով նա տրտմություն արտահայտող բառեր շատ ունի։ Եթե չես հավատում իմ խոսքին, կարդա՛, ընկե՛ր, մի անգամ Նարեկը՝ հայոց այդ եղերական սաղմոսը, եւ դու կհամոզվես»։
Իր գիրքը շարադրելիս Գալստյանն օգտագործել է լեզվական ու գրական իրողությունների շաղկապված լինելու տեսական փաստերը Արիստոտելից մինչեւ մեր ժամանակների՝ իր թեմայի հետ կապված գիտական աղբյուրները։ Արիստոտելից մինչեւ Բախտին ուղին էլ բնորոշում է գրքի գիտականությունը։ Ոճաբանական բնույթի այս գրքում չի մոռացվում, որ ամեն գրող ու մտածող, եթե մեծ է, ունի իր սեփական ոճը։
Գրքում դիտարկվում է նաեւ բանահյուսական ժանրատեսակների հայտնվելը հուշագրություններում։ Դրանք հատկապես կապվում են բանահյուսության մեծ սիրահար Թումանյանի հետ, որը հավաքում էր ժողովրդի մտքի գոհարները եւ դրանք դնում իր գործերում։ Իրանում եղած ժամանակ Սիլվա Կապուտիկյանը իմանում է, որ Նոր Ջուղայում կան Մայր Էջմիածնի վանքից բերված քարեր, որոնք բերել է տվել Շահ Աբասը՝ հայրենաբաղձ հայերի կարոտը մեղմացնելու համար։ Բանահյուսական ժանրերից անեկդոտը, հումորեսկը ներկայացվում են իրենց ժանրային սահմանումներով եւ հաստատվում են հուշագրությունների մեջ եղած օրինակներով։
«Աղբյուրագիտական տվյալներ» բաժնից իմանում ենք, թե ինչ շարժառիթով անիապաշտ ընկերներ Ավ. Իսահակյանը, Լ. Շանթը, Դ. Դեմիրճյանը, Ա. Ջամալյանը իրենց արու զավակների անունը դրել են Վիգեն՝ ի հիշատակ Անիի 7-րդ դարի հայ իշխան Վիգենի։
Կարդալով Աշոտ Գալստյանի «Արեւելահայ գեղարվեստական վավերագրության լեզուն» գրքի երկու հատորները՝ հատկապես բանասիրական ֆակուլտետների բակալավրի եւ մագիստրատուրայի ուսանողներն առավելապես կհասկանան լեզվի եւ գրականության մեջ եղած լեզվական հասկացությունների կապերի դրսեւորումները, առավել կկապվեն հայ գրականության հետ ու սիրով կկարդան մեր մեծերի գրքերը։
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ